Երեկ մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Ի սկզբանե ՔՊ-ական պատգամավորները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ամեն քայլի դիմում էին, որպեսզի խորհրդարանի դահլիճում միայն ներկա գտնվեին ՔՊ պատգամավորները։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «խռովեց» ընդդիմադիրներից եւ դուրս եկավ դահլիճից, ապա քիչ հետո արդեն սկսեցին ՔՊ-ականնները ընդդիմադիրների հետ լեզվակռվի մեջ մտնել եւ «ռեպլիկներ» անել։
Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո, ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ Ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Դուք Ձեր կյանքով զբաղվեք, հա, Ձեր արժանապատվությունով, Ձեր կյանքով, Ձեր արածներով. դատական նիստի ժամանակ կխոսենք դրա մասին»,-նշեց ԱԺ նախագահը։ Դահլիճում նույնպես կրքերը թեժացան, պատգամավորները սկսեցին տեղից խոսել եւ «հաթաթաներ» տալ միմյանց։
Այնուհետեւ ելույթի համար ամբիոնին մոտեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրա ելույթը չսկսված՝ ընդհատվեց Մինասյանի, Սիմոնյանի եւ Օհանյանի՝ միմյանց հանդեպ ուղղված վիրավորանքներով։
Հայկ Կոնջորյանը միջամտեց՝ դիմելով Սեյրան Օհանյանին. «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, լռություն, ձայնդ, առանց հավելյալ տվայտանքների»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «Դուք»-ով»։
Կոնջորյանը նորից անդրադարձավ Օհանյանի եւ Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը. «Դահլիճի մեծ մասը չլսեց, թե Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին։ Սրիկան Դուք եք, ԱԺ նախագահին Դուք ասացիք՝ սրիկա։ Սրիկան Դուք եք եւ լուռ պետք է լսեք։ Պապանձվի՛ր, ձա՛յնդ»։ Հայտարարվեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները որոշում կայացրին չմասնակցել նիստին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները դիտավորյալ են կազմակերպել այս ամենը, քանի որ նպատակ ունեին շատ արագ ավարտել արտահերթ նստաշրջանը, որովհետեւ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պետք է ներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքների կարգի բերման աշխատանքները. հայկական կողմը հուսով է, որ թուրքական կողմը եւս կպահի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը. այս մասին ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ճեպազրույցում:
«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետեւյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը եւս կպահի պայմանավորվածությունը, եւ այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,-ասաց Ռուբինյանը:
Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած վիճակում չէ, ինքն ըստ անհրաժեշտության խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ: Այս պահին հանդիպման մասին պայմանավորվածություն չկա դեռեւս:
Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ հատուկ ներկայացուցիչները բավականին ակտիվ հանդիպումներ էին ունենում, իսկ հիմա՝ ոչ, Ռուբինյանը դա բնական համարեց՝ նշելով, որ հիմա ունեն կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանը բացելու առումով:
«Եվ շատ կարեւոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Նման գործընթացներում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարեւոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն: Եթե իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե չիրագործվեն, բնականաբար, կպակասի»,-ասաց Ռուբինյանը:
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ իր կողմից աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար, կատարվում են աշխատանքներ, որպեսզի հայկական կողմը պատրաստ լինի պայմանավորվածություններն իր կողմից իրականացնելու համար։
ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾԻՑ ՔԻՉ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ՝ ԵՐԹՈՒՂՈՒՄ
«Պլանավորվածի համեմատ՝ փաստացի երթուղի է դուրս եկել 11 տոկոսով պակաս ավտոբուս»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ զեկուցեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։
Նիստը նախագահող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց` շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 տոկոսով պակաս են երթուղի դուրս գալիս։ Նա նշեց, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի սպասարկումն է եւ կազմակերպումը։
«Հետեւապես, մեր գործընկերների խնդրանքները եւ ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք պլանայինից շեղումներ։
Եթե կունենանք ավելի ավտոբուսներ, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր գործընկերներին։
Բայց Երեւանում ավտոբուսների քանակը միշտ պետք է պլանայինին մոտ լինի, մնացածն արդեն ածանցյալ է։ Քիչ ավտոբուս դուրս եկավ, ժամանակային ինտերվալներն ավելի մեծացավ, մարդիկ գործից ուշացան»,- ասաց նա։
ԷԿՐԱՆՆԵՐ՝ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ
«Մեզ պետք է արդեն մտածել, որ կանգառներում համապատասխան էկրաններ լինեն, որպեսզի մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է եւ քանի րոպեից կանգառում կլինի»,- հունիսի 26-ին՝ գործակարգավարական նիստի ժամանակ, ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի տեղակալը հանձնարարեց այս ուղղությամբ աշխատել։
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ ներկայացրեց, որ արդեն ներդրվել է օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։
Բացի այդ, Հարությունյանը հայտնեց, որ բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում են ստացել, որ Zhong Tong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագիրը փոփոխելու, այսինքն՝ առանց հավելյալ նոր վճարի։