«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 27-ին Հայաստանում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։
Այս տարի եւս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Երկրորդ փուլով հունիսի 27-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Իսկ, ահա, երրորդ փուլով հուլիսի 4-ից հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Հավելենք, որ, որպես հայտագրման առաջին քայլ, նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացը սկսելու եւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Լ. Ե.
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
2019 թվականի մարտի 13-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի նախաձեռնությամբ ապամոնտաժվեցին Օպերայի հարակից տարածքում ապօրինի կառուցված սրճարանները:
Այսօր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ներկա ղեկավար Սամվել Ղուկասյանը ոչ միայն մոռացել է Կենտրոնի բնակիչների հոգսերը, այլեւ չի հետաքրքրվում այն սրճարաններով, որոնք ապօրինի կեպրով զբաղեցնում են կանաչ գազոնը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ փորձեց կապ հաստատել Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Փաստորեն, ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջանի ներկա ղեկավար Ղուկասյանը, նշանակվելով նման կարեւոր պաշտոնի, չի կարողանում արդեն իսկ սկսված գործընթացը շարունակել եւ լուծում տալ նման կարեւոր հարցին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՊԵՐՑՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարատված մրցաշրջանում։ Քվեարկությունն անցկացվել է ռուսական ակումբի կայքում։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ տարի անընդմեջ է արժանանում «Կրասնոդարի» լավագույն խաղացողի կոչմանը՝ երկրպագուների վարկածով. հաղորդում է ակումբի կայքը։ Էդուարդ Սպերցյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում. լավագույնն է այս ցուցանիշով։
Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Երկրորդ տեղը զբաղեցրած կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ստացել է ձայների 19 տոկոսը։
ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը 81-րդ տեղից բարձրացել է 64-րդ տեղ։
Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
WTA, հունիսի 26
1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 8940 միավոր
2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8066
3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5090
4 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4905
5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)՝ 4845
6 (6). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 3492
7 (7). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 3305
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3301
9 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3101
10 (12). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 2830
ՄԲԱՊԵԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում նոր թիմում կարող է վաստակել տարեկան մոտ 60 միլիոն եվրո. հաղորդում է El Debate-ը։ Այդ գումարը կձեւավորվի աշխատավարձից եւ իմիջային ու գովազդային իրավունքներից ստացած եկամուտից։ Որոշ տվյալներով՝ Մբապեի մայրը մի քանի ամիս առաջ արդեն սկսել է բանակցություններն Արքայական ակումբի հետ։ Սպասվում է, որ Մբապեի տրանսֆերը տեղի կունենա հաջորդ ամիս։ Ֆուտբոլիստը չի ցանկանում նախապատրաստական փուլը սկսել ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան թիմը արձակուրդից կվերադառնա հուլիսի 15-ին։ ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերից ակնկալում է 180-200 միլիոն եվրո։