Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որտեղ նա պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատասխանում է հարցերին եւ ասում, որ մինչեւ վերջին պահը ԳՇ պետը զեկուցել է, որ մեր բանակը պատրաստ է իր առջեւ դրված խնդիրը կատարել, եւ որ ինքը տրամադրել է այն, ինչ իրենից ուզել են: Նաեւ զեկուցել են իրեն, որ պատերազմի հավանականությունը 30% է: Այս մասին ի՞նչ կասեք:
-Սկսեմ վերջից. նախ՝ պատերազմի հավանականության վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը. դա իրենց գնահատականը պետք է լիներ, բայց 2020 թվականի մայիսի սկզբից մինչեւ հուլիսը ես էլ տարբեր առաջարկներ եմ ներկայացրել ՀՀ ՊՆ, ԱՀ ՊԲ եւ ԱՀ ղեկավարությանը պաշտպանության եւ պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ եւ ջանքերը ավելի գործնական դարձնելու եւ ավելի հետեւողական լինելու համար: Այսինքն՝ պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է եւ այսօր էլ կա: Մենք ամեն ինչին պետք է պատրաստ լինենք:
Այն, որ բանակը պատրաստ է եղել մարտնչելու, միանշանակ է, եւ տարիների գործադրած ջանքերը բերել են նրան, որ, նախ, բանակը իր առջեւ դրված խնդիրը առաջին գծում իրականացրել է: Բանակն ապահովել է իր կայուն զարգացումը, եւ դա երեւացել է մարտական հերթապահության ժամանակ, երբ սահմանում մերոնք խնդիր են կատարել: Դա երեւացել է զորավարժությունների, զորահանդեսների ժամանակ: Իսկ ինքը, որ ասում է՝ ամեն ինչ արել է, նախ՝ առաջինը՝ կարծում եմ, որ ոչինչ չի արել ամենակարեւոր խնդրի ուղղությամբ: Նա պետք է խորությամբ տիրապետեր իրավիճակին, ընկղմվեր խնդիրների մեջ, որոնք ուղղված են ռազմաքաղաքական իրավիճակի գնահատմանը եւ նաեւ պետությունը ռազմաքաղական ռելսերի վրա դնելու ուղղությամբ՝ աջակցելով բանակին: Իսկ ինքը ամենակրեւորը չի իրականացրել. ինքը չի լուծել մոբիլիզացիոն խնդիրներ:
Զորահավաքի հիմնական նպատակը պատերազմին զուգահեռ բանակին թիկունք կանգնելն է եւ մոբիլիզացիայով անընդհատ համալրելն է: Խոսքը վերաբերում է նաեւ սանիտարական կորուստներին, իսկ սանիտարական կորուստները երկու ուղղությամբ են լինում՝ վերադարձվող եւ ոչ վերադարձվող: Վերադարձվող սանիտարական կորուստները տարբեր աստիճանի վիրավորներն են, հիմնականում՝ թեթեւ, իսկ ոչ վերադարձվողները ծանր վիրավորներն են ու զոհերը: Ինքը ոչինչ չի արել բանակը համալրելու, մոբիլիզացնելու համար: 44 օրվա ընթացքում իրենք կարողացել են միայն իրականացնել 1 օրվա մոբիլիզացիան:
Տարիներով ձեւավորված մոբիլիզացիոն համակարգը իրենք փոխել են կամավորական ջոկատներով բանակի համալրաման, իսկ կամավորական ջոկատները չունեն այդ պատրաստակամությունը:
Ի՞նչ է նշանակում համալրում եւ զորահամալրումը: Այսինքն՝ երբ բանակի հիմնական կազմը կա, օրինակ՝ եթե դասակում կա 6 հոգի, եւս 10-ը պետք է համալրվեն: Այդ 10 հոգին շատ արագ կարող են կանգնել մնացածի թիկունքին, ներդաշնակվել նրանց հետ եւ կազմել կուռ ստորաբաժանում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպերլերբերգի գլխավորած պատվիրակության հետ:
Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի:
Մերլե Շպերլերբերգը հատկապես հետաքրքրվել է, թե որքանով են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում մարդու իրավունքները:
Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում: Թեեւ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանել բոլորի իրավունքները, բայց ոչ միշտ են մարգինալ խմբերն իրենց իրավունքների խախտումների մասին հայտնում իրավապահներին:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ բաց հանքերի շահագործման խնդրին` նշելով, որ արտանետումները վնասակար ազդեցություն են ունենում քաղաքացիների առողջության վրա:
Մերլե Շպերլերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչու ՀՀ ԱԺ-ն մինչ օրս այն չի վավերացրել:
Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դեմ է արտահայտվել կոնվենցիայի ներածական մասին` անհնար դարձնելով դրա վավերացումը, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, եւ եկեղեցու հետ հակադրվելը հանրության կողմից չի կարող ընկալվել:
Հանդիպմանը բարձր է գնահատվել Ազգային ժողովի համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի հետ:
«ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ ԱՅՑ»՝ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ
«Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երեւանում պարապ մնալ»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեսանյութերին, որ պատերազմի ժամանակ բունկերում գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեն, մասնավորապես՝ իր կին Աննա Հակոբյանը։ Փաշինյանի ներկայացմամբ՝ Աննան Հակոբյանն իրեն ասել է, որ կգնա եւ հնարավորության դեպքում մարդկանց օգնություն ցույց կտա։ «Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ՝ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաեւ մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովենք»,- պատմեզ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։ Այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է։ «Եղել են մարդիկ, ովքեր կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա, եւ որոշվել է «քաղաքավարական այց» անել հրամկազմին. այդ քաղաքավարական այց է եղել, գնացել է, բարեւել է, ոգեւորել է, 10-15 րոպե մնացել է եւ դուրս եկել»,- նշեց նա։
ՆՈՐ ԳՐՔՈՐԾ՝ ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով:
Քրեական վարույթով Սոնայի հորը՝ Մնացական Մնացականյանին, ճանաչել են տուժող: Վարույթը նախաձեռնվել է մայիսի 18-ին։ Այսինքն՝ բացի վարորդի վերաբերյալ այս պահին դատարանում քննվող վարույթից, արդեն իսկ նախաձեռնված է նոր քրեական վարույթ շարասյան ղեկավար կազմի մեղավորության հարցի քննարկման նպատակով:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով իրավապահների տեսադաշտում է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի տեղակալ Գրիգոր Առաքելյանը, ինչից հետո իրավապահ համակարգը նոր քրեական գործ հարուցեց: