Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, ՔԴՕ-ի նոր նախագիծ է մշակվել, որն արդեն դրվել է ԱԺ քառօրյա նիստերի քննարկմանը: Նախագծի համահեղինակներ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ու Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ երկօրյա սեմինարում ներկայացրել են նախագծի նրբություններն ու առանձնահատկությունները` միաժամանակ նշելով, որ գործող օրենսգիրքը փոփոխությունների և շտկումների լուրջ անհրաժեշտության կարիք ունի:
Այս հարցի շուրջ Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը համամիտ է, որ գործող օրենսգիրքն իսկապես շտկումների և փոփոխությունների կարիք ունի, սակայն մի շարք կետեր փոփոխման ենթարկվելուց հետո լի կլինեն վտանգով:
«Դեպոնացման ինստիտուտի ներմուծումը, կամ որ միայն մեկ ամսվա ընթացքում հիմնավոր կասկածի հիման վրա մարդիկ կարող են կալանավորվել և բազմաթիվ նմանօրինակ փոփոխություններ, կարծում եմ, բացասական ազդեցություն կունենան: Շատ փոփոխություններ, բարեփոխումների փոխարեն, ճիշտ հակառակ ազդեցությունն են թողնելու և շատ վտանգավոր հետևանքներ են թողնելու»,- համոզմունք հայտնեց Սահակյանը` հայտնելով, որ նախագծի քննարկման ժամանակ ինքը եղել է հանձնաժողովի անդամ, իսկ գաղափարը եղել է նախագիծ կազմելն ու հանձնաժողովում քննարկելը:
«Մենք, հոդված առ հոդված քննարկելով, գնում էինք, և վերջին հաշվով ինչ-որ հետևություններ անում: Սակայն, ըստ էության, քննարկում չեղավ, քանի որ գաղափարներն էին քննարկվում, ոչ թե հոդված առ հոդված: Մի անգամ քննարկվում էր, գաղափարը չէր ընդունվում, ու քննարկվումն էր այնքան ժամանակ, մինչև որ ընդունվում էր»,- պատմեց փաստաբանը` նշելով, որ նրանք առաջարկել են, որ պետք է լինեն լուրջ քննարկումներ բոլոր հոդվածների շուրջ, սակայն դա քննարկելը դառնում էր անիմաստ: Սահակյանի համոզմամբ` իրական քննարկում այս նախագծի շուրջ չի եղել:
Օրենքները փոխելով չէ, որ պետությունները դառնում են իրավական, այլ օրենքները կիրառելով: Այս համոզմանն է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ որքան էլ ՔԴ գործող օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունենա, դա չի նշանակում, որ այն պետք է ամբողջությամբ փոփոխվեր: «Տարիներ շարունակ քննարկումներ եղել են, առաջարկություններ արվել են, սակայն հիմնական գլոբալ մարտահրավերները, որոնք նախագիծը պարունակում էր իր մեջ, շարունակում են նույնը մնալ: Ինքը բավականին դրական տարրեր իր մեջ պարունակում է, սակայն միաժամանակ պարունակում է շատ վտանգավոր կարգավորումներ, օրինակ՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի վերաբերյալ, որ կարող են ռումբային լինել»,- գնահատեց Վարոսյանը:
Armlur.am-ի այն հարցին, թե փաստաբանների կողմից ներկայացված դիտարկումներն ինչ արձագանք են գտել նախագծի հեղինակների կողմից, Վարոսյանը պատասխանեց, որ այն ժամանակ, երբ ներկա էին միջազգային փորձագետներ, հեղինակներն իրենց դիտարկումների հետ համաձայնվում էին: «Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ անտեսանելի ձեռք ամեն ինչ անում է, որ նախագիծն, այնուամենայնիվ, առանց քննարկումների ընդունվի. թե որն է արդյունքը, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ: Քննարկումները տրամաբանորեն եղել են, քանի որ պետք է լինեին, բայց դրանք արդյունք չտվեցին: Նոր նախագծով անձին մեկ ամսով կալանավորելու համար պետք են լինելու հիմնավոր ապացույցներ: Մարդասիրական նկատառումներով մշակված Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը չի իջեցնելու անձին ձերբակալելու վտանգի մեծությունը, ավելի դյուրին է դարձնելու անձին ազատությունից զրկելը»,- ասաց փաստաբանը:
Նշենք նաև, որ Երվանդ Վարոսյանի համար զարմանալի է այն հանգամանքը, որ լրագողների հետ կազմակերպած սեմինարին, նախագծի հեղինակներից բացի, այլ փաստաբաններ չեն եղել հրավիրված: