Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քննադատություններին ու մեղադրանքներին, որոնք ուղղված են նախկին իշխանություններին։

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և, եթե դրանով զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյան, ինքն է դառնում չարիք։ Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելն անբարոյականություն է։ Երրորդը՝ հոգեբաններն ասում են, որ ստախոսներն, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա մի այսպիսի հուսադրող հանգամանք՝ նրանք ասում են, որ դա ստախոսության, այսպես ասեմ՝ վերջին փուլն է։ Հույս ունեմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իշխանության գալուց հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար էլ իրեն «թույլ են տվել» գալ իշխանության։

«Դա ինքը իշխանության գալու հետո՞ է իմացել։ Բա, եթե դրանից հետո է իմացել, ինչու՞ են իրենք հղում անում 2016 թվականի իմ ասածների վրա, 2017 թվականի իմ ասածների վրա։ Եթե իրենք իմացել են, որ այդպես է, բա ինչու՞ էին իրենց ճղում՝ իշխանության գալու համար։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ բոլոր ասածների մեջ տեղավորվում են»,- ասաց Սերժ Սարգսյանը։




Լրահոս