ԳՐԻԳՈՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագիր ներկայացրել է սույն թվականի մայիսի 16-ին, իսկ նախարարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նշված է հայտարարագրում։

 

Մինասյանը տարեսկզբին հայտարարագրել է 14 անշարժ գույք, որից 9-ը՝ բնակարան, որից մեկը՝ Հունաստանում, մեկը՝ Բուլղարիայում, 3 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 հասարակական նշանակություն ունեցող շինություն։ Տարվա ընթացքում օտարվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակարանը, եւ նոր բնակարան է ձեռք բերել Երեւանում։

Մինասյանը հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա՝ Toyota մակնիշի, 2013 թվականի արտադրության։ Մինասյանը գնել է բաժնեմաս Եվա Առաքելյանից, ով ԲԴԽ խորհրդի նախագահի կինն է։ Կարելի է նկատել, որ Մինասյանը մինչ պաշտոնը զբաղեցնելն էլ եղել է բավականին ապահովված։ Նրա հայտարարագրած թանկարժեք գույքն ընդհանուր առմամբ կազմում է 65 հազար դոլար եւ 15 մլն դրամ։ Հավելենք նաեւ, որ ամբողջը նվիրատվություն է՝  երեք արվեստի գործ եւ երկու ժամացույց։

Նախարարի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 20 հազար դոլար, 2 հազար եվրո, 10 մլն դրամ։ Մինասյանի տարեկան եկամուտները կազմել են 161 մլն 651 հազար դրամ։ Ամենամեծ եկամուտը նախարարը ստացել է Միքայել Բեգլարի Մինասյանից 109 մլն 478 հազար դրամ։ Նա ստացել է նաեւ աշխատանքի վարձատրություն ՀՀ արդարադատության նախարարությունից՝ 13 մլն 476 հազար դրամ, եւ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից՝ 173 հազար դրամ, եւ նույն կազմակերպությունից ստացել է վարձակալության դիմաց գումար եւ շահաբաժին՝ 23 մլն 575 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 665 հազար դրամ։ Հանգստի համար կատարած ճանապարհածախսի եւ կեցության գումարը կազմել է 3 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը կազմել են 9 մլն 500 հազար դրամ։ Պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնել է Նարինե Սարգսյանին մինչեւ 2024 թվականին:

Գրիգոր Մինասյանը հայտաարագրել է նաեւ միանվագ ծախսեր, որոնք կազմում են 46 մլն 800 հազար դրամ։ Նա նաեւ հանդիսանում է «Փրոֆ Թաքս» ՍՊԸ 100% բաժնետեր եւ ««Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում՝ 60%։ «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի տնօրեն Մարիա Ստեփանյանը Գրիգոր Մինասյանի կինն է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ԱԳ ԽՈՍՆԱԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրառմանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Մանասյանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունն այնտեղ պահվող հայ գերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի քաղաքականությանը այդ հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- գրել է Մանասյանը:

Ի հավելումն այդ գրառման՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»։

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին. այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում` երկկողմ օրակարգի արդիական թեմաների, Լաչինի միջանցքում եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման շուրջ:

Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անկասելի պահպանման կարեւորությունը:

 

 

 

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որոնք կցանկանար քննարկել։ «Քննարկումները, որոնք կանցկացվեն այստեղ, շատ նուրբ դիվանագիտական են»,- ասել է խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամով բանակցություններին։

Նա ընդգծել է, որ բանակցությունները տեւելու են մինչեւ հունիսի 29-ը։ «Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եւ որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման եւ ամուր ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Մեթյու Միլլերը։

 

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՍՈԹՔԻ ՀԱՆՔՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Սոթք հանքավայրի աշխատակիցներից: Վերջիններս մեզ հետ զրույցում պատմեցին, որ արդեն երեք ամիս է՝ հանքի բաց աշխատանքները դադարեցվել են, իսկ փակ հանքը շարունակում է իր գործունեությունը:

Տեղի բնակիչների խոսքով՝ մոտ 300-ից 350 աշխատակից արդեն ստացել է աշխատանքից ազատման հրամանները: Մեր զրուցակիցները նշում են, որ մնացել են առանց աշխատանքի, իսկ հունիս ամսից վերջնական դադարեցվել է աշխատավարձերի փոխանցումները։

«Անելանելի վիճակում ենք, բաց հանքի աշխատողները հանքի աշխատակիցների մեծամասնությունն են կազմում, իսկ փակ հանքում աշխատողների քանակը շատ քիչ է, եւ եթե Կառավարությունը քայլեր չձեռնարկի, ստիպված պետք է արտագաղթենք մեր հայրենի գյուղերից, մեր օջախներից։ Ոչ մեկ մեզ համար պատասխանատվություն չի կրում. այսինքն վե՞րջ, թուրքն հասավ իր նպատակին…»,-զայրացած նշեցին մեր զրուցակիցները:

Նշենք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցների մեծամասնությունը սահմանային Կախակն, Սոթք, Կութ, Ակունք եւ մի շարք այլ գյուղերի բնակիչներ են:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ թշնամին թիրախավորել է Սոթքի հանքը. երբ փորձում են վերսկսել աշխատանքները, կրակ է բացում հանքի աշխատակիցների եւ տեխնիկայի ուղղությամբ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին:

Շնորհավորելով վերջինիս` նախարարը նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ առկա են ավանդական, բարեկամական հարաբերություններ, սակայն առողջապահության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու կարիք կա: Դեսպանը նշել է, որ Սիրիայի` տասը տարուց ավելի տեւած պատերազմից առավելապես տուժել է առողջապահության ոլորտը. կան բազմաթիվ խնդիրներ. «Թեեւ վերջին տարիներին փորձեր են արվում վերականգնելու Սիրիայի առողջապահական համակարգի բնականոն աշխատանքը, Հայաստանում առաջապահության ոլորտը բավականին արագ զարգանում է, ուստի ձեր փորձն ու բարեկամական օժանդակությունը Սիրիայի համար կարեւոր են»:

Կոնրետ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար նախարարն առաջարկել է մշակել նախագիծ եւ ակտիվացնել համագործակցությունը. «Հայաստանը սիրով ընդունել է Սիրիայից ուսանողների, որոնք նաեւ կամուրջ են երկկողմ հարաբերությունների ամրանդման համար, ուստի պատրաստ ենք շարունակելու աջակցությունը մեր երկրում նրանց բժշկական կրթությունը կազմակերպելու հարցում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

 

 

 




Լրահոս