ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երեւանի բնակիչ, Արաբկիրի նախկին թաղապետ 55-ամյա Հովհաննես Շահինյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ՔրՕրի 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացում առանձնապես խոշոր չափերով, որը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) հատկանիշներով։  Հ. Շահինյանը չի ընդունում մեղադրանքը եւ հայտարարում է, որ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։ 

 

Հոդված 296.    Փողերի լվացումը

  1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):
  2. Սույն հոդվածի իմաստով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է կամ առաջացել սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԵՐԵՔ ԱՆՁԻ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկ Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան: Մոտենալով վարորդին՝ Երեւանի 46-ամյա բնակչուհուն պարեկներից մեկը խնդրել է ներկայացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը, որին ի պատասխան՝ կինը հայտնել է, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն իր մոտ չէ, եւ խնդրել է սպասել, մինչեւ կմոտեցնեն: Մինչ այդ հիշյալ կինը թույլ չի տվել, որպեսզի պարեկները նույնականացում կատարեն, ինչպես նաեւ հրաժարվել է տրամադրել անձնագիրը՝ հայտնելով կեղծ տվյալներ, որոնք մուտքագրելիս որեւէ տվյալ չի հայտնաբերվել: Բազմաթիվ պնդումներից հետո, երբ կինը թույլ է տվել նույնականացնել դեմքով, պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի: Պարզվել է նաեւ, որ նշված ավտոմեքենան երթեւեկել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, տեխնիկական զննությունը ժամկետանց է եղել կամ բացակայել է:

Պարեկային ծառայության աշխատակիցները ցանկացել են կազմել արձանագրություններ, որի ժամանակ նրանց են մոտեցել մի շարք քաղաքացիներ՝ շուրջ 8 տղամարդ, որոնք գտնվել են ոչ սթափ վիճակում, հնչեցրել հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ: Նշված քաղաքացիներից մի քանիսը մոտեցել եւ փորձել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին. թույլ չեն տվել կազմել արձանագրություններ: Այդ ընթացքում մոտեցել են օժանդակ ուժեր եւ հիշյալ 4 տղամարդկանց վարչական ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, երկու ձեռքով հարվածներ հասցրել պարեկի դեմքի շրջանում՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ մարմնական վնասվածք: Բացի այդ, անհետացել է նաեւ հիշյալ պարեկին կցված տեսախցիկը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա կնոջ եւ տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

ՎԹԱՐՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

 

Վերջին շրջանում պարբերաբար տեղի են ունենում ճանապատրհատրանսպորտային պատահարներ, որոնք, ցավոք, հաճախ ավարտվում են մահվան ելքով:

Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ ավելացել է թե՛ ընդհանուր ՃՏՊ-ների, թե՛ զոհերի ու վիրավորների թիվը: Մասնավորապես, աճել է անչափահասների մասնակցությամբ պատահարները:

Այսպիսով, 2020 թվականի 4016 պատահարի համեմատ՝ 2022 թվականին տեղի է ունեցել 4608 պատահար:

2022-ին տեղի ունեցած վթարներից 662-ը տեղի են ունեցել մինչեւ 18 տարին լրացած անձանց մասնակցությամբ, որոնց արդյունքում զոհվել է 31, վիրավորվել՝ 804 անչափահաս: Միեւնույն ժամանակ, 2020-ին տեղի ունեցած պատահարներից 530-ն է եղել անչափահասների մասնակցությամբ, որոնց արդյունքում զոհվել է 19, վիրավորվել՝ 653 անձ, որոնց 18 տարին լրացած չի եղել:

2023 թվականի առաջին հնգամսյակում՝ մինչեւ մայիսի 31-ը, տեղի է ունեցել 1652 ՃՏՊ, որից 280-ը՝ անչափահասների մասնակցությամբ: Արդյուքնում 6 անչափահաս զոհվել է, 341-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս տարի տեղի ունեցած ՃՏՊ-ների արդյունքում զոհվել է 114, վիրավորվել՝ 2299 անձ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԻՑ

Ամալյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա,  աշխատելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես ստացիոնար ծառայության կադրերի տեսուչ, նույն ընկերության տնօրենից հանձնարարություն է ստացել կազմակերպել հաստատության բուժաշխատողների մասնագիտական կատարելագործման դասընթացներին մասնակցությունը, որը եղել է վճարովի հիմունքներով։

Վերջիններիս հետ անձնական փոխհարաբերություններով ու վստահությամբ պայմանավորված՝ հիշյալ վճարներն իր միջոցով փոխանցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 8-ից օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում մանկաբույժներից հավաքել է 60.000-ական, իսկ բուժքույրերից՝ 50.000-ական ՀՀ դրամ, այնուհետեւ իրեն փաստացի ազատ կամքով վստահված խոշոր չափերով 2.340.000 ՀՀ դրամը չի փոխանցել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ եւ հափշտակել է, ինչի պատճառով կատարելագործման դասընացները տեղի չեն ունեցել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս