«Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ՝ «Տիկին նախարար» վերնագրով, որտեղ գլխավոր դերերում են դերասան Աբել Աբելյանը, որը մարմնավորում է վարչապետին, եւ դերասանուհի, ռեժիսոր Ֆրիդա Յորքը, որը մարմնավորում է պաշտպանության կին նախարարի կերպարը:
Իսկ ո՞վ է «Տիկին նախարար»-ի կերպարը մարմնավորող դերասանուհին: Ֆրիդա Յորքը հայ դերասանուհի է, որին հանրությունը ճանաչեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր Գոհարի կերպարը: Դերասանուհին նկարահանվում է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արտադրության ֆիլմերում:
Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասան Աբել Աբելյանը, անդրադառնալով իր դերին, ասել էր, որ յուրաքանչյուր դերասանի համար մեծ պատասխանատվություն է վարչապետի կերպարը մարմնավորելը:
«Նախագծին մասնակցելու առաջարկը ստացել եմ ընկերոջիցս եւ սիրով ընդունել եմ: Այս պահին միայն կարող եմ ասել, որ նախագծի նկարահանումներն ավարտվել են»,- նշեց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե որ հեռուստաընկերությունն է նախագծի պատվիրատուն:
Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին եւ նրան դարձնել պաշտպանության նախարար, սակայն այդ ընթացքում հանդիպում են բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը պատվիրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԵՐԳՈՎ
Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի 115-ամյակի կապակցությամբ հայ անվանի երաժիշտները՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը եւ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, հանդես կգան կոմպոզիտորին նվիրված համերգով՝ կատարելով նրա խոհափիլիսոփայական երաժշտությունը:
Համերգային երեկոն, որն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, տեղի կունենա հուլիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգին բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն, իսկ երաժիշտները կկատարեն կոմպոզիտորի եւ նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների եւ երեւանյան երաժշտասեր հասարակության համար՝ ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հազվադեպ են հնչում:
«Համերգն ունի խորհրդանշական կարեւորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները եւ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշում է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
ՀՖՖ-Ն ՏՈՒԳԱՆԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական եւ էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին, «ՖԱ Ուրարտու» մարզական ՀԿ-ին, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «Նոա ՖԱ» ՀԿ-ին ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։
(Հոդված 19. Ֆուտզալի թիմը
19.01. Արտոնագրման թեկնածուն իր կազմում պետք է ունենա առնվազն մեկ ֆուտզալի թիմ, որը մասնակցում է ՀՖՖ կողմից կազմակերպված ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով կազմակերպած պաշտոնական մրցաշարի): Նշված ակումբները տուգանվել են մինչեւ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
ՄԻԱԿԸ, ՈՎ ԿՀԱՂԹԻ
Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC on ESPN 47 մրցաշարում հաղթանակ տարած Արման Ծառուկյանը (20-3) դարձյալ խոսել է թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւի (24-1) հետ հնարավոր ռեւանշի մասին։
«Դիվիզիոնում ես միակն եմ, ով կարող է հաղթել Իսլամ Մախաչեւին։ Ցանկանում եմ մենամարտել նրա հետ։ Դա երազանքի մենամարտ է։ Այդ պատճառով էլ իմ հարցազրույցներում միշտ հիշատակում եմ նրան։
Ես կենտրոնացած եմ չեմպիոն դառնալու վրա։ Այո, կլինի կարիերայիս ամենաբարդ մենամարտը, բայց ես կարող եմ չեզոքացնել Իսլամի ըմբշամարտը եւ կանգնած դիրքում հաղթել։ Ես վստահ եմ, որ ավելի լավ եմ բռնցքամարտում եւ հարվածում ոտքերով։ Ես գիտեմ՝ ինչպես հաղթել նրան»,- ասել է Արման Ծառուկյանը LowKick MMA յութուբյան ալիքի եթերում։ Լաս Վեգասում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել բրազիլացի Ժոակին Սիլվային (12-4)։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Երեւանի «Արարատ» ակումբի եւ վերջինիս գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջեւ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է։ Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի եւ չորս պարտություն: 51-ամյա Գագիկ Սիմոնյանը որպես ֆուտբոլիստ խաղացել է «Վան»-ում, «Արարատ»-ում, «Բանանց»-ում եւ «Ուլիս»-ում, ինչպես նաեւ Լիբանանի առաջնության ՀՄՄ եւ «Թադամոն Սուր» ակումբներում։ Գագիկ Սիմոնյանը նաեւ մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի Ազգային հավաքականում: Որպես մարզիչ աշխատել է նաեւ Երեւանի «Ուլիս»-ում: Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գեւորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը եւ Արա Աբրահամյանը: