ԲԴԽ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների  ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն հրապարակելու է 5 դատավորների վերաբերյալ որոշում։ Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն, ըստ ամենայնի, 4 դատավորների՝ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները կդադարեցնի, իսկ Դավիթ Հարությունյանի մասով այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա: Երկմտանքները նրա մասով շատ են: «Ժողովուրդ» օրաթերթը հեռավար կհետեւի, թե ինչ է կատարվում ԲԴԽ դռնփակ նիստի շրջանակներում, եւ կներկայացնի մանրամասներ։

 

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։ Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։ Մյուս անշարժ գույքն էլ բնակարան է Արաբկիր վարչական շրջանում, որը գնվել է 2014 թվականին, համատեղ սեփականությամբ: Նախարարն ունի նաեւ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2015 թվականին։ Տարեվերջին բանկային հաշիվներին Ավանեսյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 73 եվրո գումար, իսկ, ահա, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում առողջապահության նախարարի եկամուտը կազմել է 32 մլն 187 հազար դրամ, որից նախարարի աշխատավարձը կազմել է 20 մլն դրամ, իսկ 11 մլն 998 հազար դրամ էլ նա ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից որպես շահաբաժին։ Ծախսերի մասին ոչ մի տվյալ նրա հայտարարագրում առկա չէ։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ունի երեք հողամաս, երեքն էլ՝ Արաբկիրում եւ գնված 2007 թվականին։ Նա բանկային հաշիվներին տարվա վերջում գումար չի ունեցել, իսկ կանխիկ գումարն էլ կազմել է 1 մլն 250 հազար դրամ եւ 4550 դոլար։ Միայն 2021 թվականի տվյալներով՝ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը  կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ՝ ընդհանուր մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

 

 

 

 

 

Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին: 2022թ.-ին Խզմալյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երեւանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել  է քաղաքապետի իր թեկնածուին. այժմ նրանց թեկնածուն  սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ որն է սրա պատճառը, խնդիրներ են եղել Հախվերդյանի հետ, թե  ինքն է հրաժարվել առաջադրվելուց։ «Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը մեր պատասխանն էր որոշ անհեթեթ թեկնածուներին։ Դրանով մենք ուզում էինք հիշեցնել Երեւանի բացառիկ արժեքը եւ կարեւորությունը մեր երկրի, մշակույթի եւ արժանապատվության համար։ Հետագայում մենք փորձեցինք ժողովրդավարական ուժերի դաշինք ստեղծել գաղափարապես նույն դաշտում գտնվող կուսակցությունների հետ։ Քննարկումներից եւ բանակցություններից հետո ՀԵՎԿ-ի առաջարկն ընդունեց Հայաստանի հնագույն ժողովրդավարական կառույցը՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»-ը։ Մեր երկու կուսակցությունների միասնական թեկնածու ընտրվեց Կարեն Սարգսյանը։ Ռուբենը մնում է մեր լավագույն ընկերը եւ համախոհը»,-ասաց նա։

 

 

 

 

31 ուսումնասիրություն եւ 201 մշտադիտարկում կատարած ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող երեք միջոցառումների ծախսերը կազմել են 774 մլն դրամ։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես: Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից տրվել է 752 մլն դրամ։ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովվել է 97,8 տոկոս կատարողական, ընդ որում՝ 2022  թվականին   ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել։ Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել։




Լրահոս