Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ, հնարավոր է, Սան-Պաուլո-Փարիզ-Երեւան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղեւորներից մեկը Կոկաին տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիլիայի քաղաքացի Լ.Պ.-ն։
Ունենալով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ, վերջինս ենթարկվել է տեսազննության: Նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության եւ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիլիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձեւ օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է Կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձեւ պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, եւ հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետեւ` կալանավորվել։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՌԵՐԵՍ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Փաստաբան Հրանտ Անանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով փաստաբանների՝ Էրեբունու բաժնի միջադեպին, հայտնեց. «Հերթական զավեշտը փաստաբանների նկատմամբ՝ ոստիկանության Էրեբունու բաժնում կիրառված բռնության գործով:
Ստացվում է այնպես, որ այսօր կատարված առերես հարցաքննության ընթացքում հանցագործության մասին զեկուցագիր ներկայացրած ոստիկանը հրաժարվել է ցուցմունքներ տալ զեկուցագրով նկարագրված այլ անձի վերաբերյալ, այսինքն՝ նրան ուղղված հարցերը նրա դեմ ուղղված չեն եղել եւ ողջամտորեն նրա դեմ չէին կարող օգտագործվել:
Տուժող ճանաչված փաստաբանների ներկայացուցիչ Հրանտ Անանյանի կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503 հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու եւ վկայի կարգավիճակով հարցաքննվող ոստիկանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Տեսնենք՝ օբյեկտիվ կգտնվի ՀՀ քննչական կոմիտեն, թե անգործություն կցուցաբերի ոստիկանի նման վարքագծին»:
ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը Հակակոռուպցիոն դատարանում այն վիճակում է եղել, որ չեն կարողացել նրան հարց տալ։ Ասել է թե՝ Դավիթ Տոնոյանի գործով վկան ներկայացել է դատարան, բայց, առողջական վիճակից ելնելով, նրան հարցեր չեն կարողացել տալ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում արձանագրած խնդիրների հիման վրա՝ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ։
ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ խոսքը վերաբերում է մասնավորապես Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների եւ փորձագետների կողմից ապրիլի 20-ին չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրներին՝ անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, բժշկական օգնության եւ սպասարկման հարցերին եւ այլն։
Տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության, դեղերի շրջանառության վերահսկողության, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ վերահսկողության բաժինների մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները վերահաստատվել են, եւ դրանք վերացնելու համար տրվել են համապատասխան կարգադրություններ։
Պաշտպանի կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում վեր հանված խնդիրների կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների, նրանց իրավունքների ու ազատությունների վիճակի բարելավման նպատակով Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկներ է ուղարկել Արարատի մարզպետարան։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների եւ փորձագետների կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ չհայտարարված այցի արդյունքները ամփոփվել են, լուծման առաջարկների հետ մեկտեղ ներկայացվել Առողջապահության նախարարություն եւ ոլորտի իրավասու այլ մարմիններ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է այս ոլորտում պատկան գերատեսչությունների հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում Պաշտպանի կողմից վեր հանված մի շարք խնդիրներ արագ արձագանքման արդյունքում ստանում են համապատասխան լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։