ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՋԵՐՄՈՒԿ ՄԵԾԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպիսի իրավիճակ է առողջարանային քաղաքում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո:

 

-Պարո՛ն Արսենյան, կներկայացնե՞ք՝ ինչ իրավիճակ է այս պահին Ջերմուկում. տուրիստները ցանկանում են գալ Ջերմուկ հանգստի, սակայն տեղեկություններ են տարածվել, որ պատերազմական իրավիճակ է, եւ այնտեղ գտնվելը վտանգավոր է:

-Կարող եմ ասել՝ Ջերմուկում այս պահին իրավիճակը դեպի լավն է գնում: Անցած տարվա համեմատ՝ 25-30% տուրիստների աճ է նկատվել: Պատերազմից հետո 70-80%  տոկոսով նվազել էր տուրիստների հոսքը, վախ կար Ջերմուկ այցելելու, բայց վերջին երկու-երեք ամսում փոխվել է իրավիճակը: Մարդիկ պետք է գան, տեսնեն իրենց աչքով, օրինակ՝ Վրաստան գնալու փոխարեն, ամառային արձակուրդները Ջերմուկում անցկացնեն:

-Իսկ հա՞յ այցելուներն են շատ, թե՞ տուրիստները:

-Այցելուները հիմնականում ռուսներ են  եւ արտասահմանցիներ:

-Հայերի շրջանում դեռ կա՞ այդ վախը:

-Այո, բայց ասեմ, որ սեպտեմբերի 13-ից հետո մի կրակոց Ջերմուկում չի եղել:

-Սեպտեմբերի 13-ից հետո վերականգնե՞լ եք Ջերմուկը, օրինակ՝ ճոպանուղին վնասվել էր. ի՞նչ  աշխատանքներ են տարվում:

-Ճոպանուղին վերականգնելու համար կառավարությունը գումար էր հատկացրել, մենք վերականգնել ենք ամբողջովին, իսկ հիմա պատվիրել ենք ճոպանուղու «տռոսը», որը նույնպես վնասված էր: Դա վերանորոգելուց հետո արդեն կբացվի  ճոպանուղին: Մեծ շինարարություններ ենք անում, Եղնիկի ճանապարհն ենք ասֆալտապատում, լուսավորում:

-Պարո՛ն Արսենյան, սեպտեմբերի 13-ի գործողությունների ժամանակ մեծ վնաս էր կրել «Ջերմուկ աշխարհ» առողջարանը. ի՞նչ աշխատանքներ են տարվում այն վերանորոգելու ուղղությամբ:

-Գումար տրամադրել ենք, նաեւ ես իմ անձնական միջոցներով էլ եմ օգնել:

-Կարելի՞ է եզրակացնել, որ այս իրավիճակը գոհացնող է:

-Իհարկե, առողջարաններում իրավիճակը գոհացնող է, բայց փոքր հյուրանոցներում մի փոքր պասիվություն կա, ինչը երեւի կուղղվի՝ հուլիսից սկսած: Նաեւ ասեմ, որ հուլիսի 30-ին Ջերմուկում կանցկացվի Ծիրանի փառատոն, իսկ օգոստոսի վերջին շաբաթում լինելու է Ջերմուկ քաղաքի տոնը, նախատոսում ենք  2-3 հազար մարդ հավաքել քաղաքում:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒ ԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ+

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: Ըստ հայտարարատու տարում ներկայացված հայտարարագրի` Չարչյանը հայտարարագրել է միանձնյա 11 անշարժ գույք, որից 3՝ բնակարան, 4՝ ավտոկայանատեղի եւ ավտոտնակ, 3՝ հողամաս, եւ մեկ՝ հողին ամրակցված շինություն: Պատգամավորը հայտարարագրել է նաեւ բնակարան, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է Չարչյանի կողմից:

 

«Իզմիրյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը հայտարարգրել է երկու մեքենա, որից մեկը՝ RANGE ROVER մակնիշի, 2011 թվականի արտադրության, մյուսը՝ VOLVO մակնիշի,  2008 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2020 թվականի դեկտեմբերի 29-ին:

Չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 գույք է հայտարարագրել Չարչյանը՝ 49 հազար դոլար եւ  8 մլն 500 հազար դրամ արժողությամբ:

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներ կազմել է 15 մլն 217 հազար դրամ եւ 9759 դոլար, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել է 31 մլն դրամ, 48 հազար եվրո եւ 60 հազար դոլար: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 31 մլն 542 հազար դրամ, որից 6 մլն 307 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովից, 19 մլն 169 հազար դրամը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, 6 մլն 065 հազար դրամը՝ Երեւանի պետական բժշկական համալսարանից:

Նշենք նաեւ, որ պատգամավորը ոչ մի ծախս չի հայտարարագրել: Նրա կինը՝ Մելանյա Հովհաննիսյանը, հայտարարագրել է 8 անշարժ գույք, որից 4՝ բնակարան Երեւանում, 2 հողամաս եւ  2 հողին ամրակայված այլ անշարժ գույք: Կինը տարեսկզբին հայտարարգրել է մեկ մեքենա ՝ 2016 թվականի արտադրության BMW մակնիշի, սակայն տարվա ընթացքում ձեռք է բերել մեկ  TESLA մակնիշի մեքենա՝  9 մլն 500 հազար դրամով, եւ օտարել է BMW մակնիշի մեքենան  24 մլն դրամով: Հովհաննիսյանը հայտարարագրել է երկու թանկարժեք գույք՝ կահույք՝ 10 մլն 800 հազար ընդհանուր արժեքով: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են  118 հազար դոլար եւ 116 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար: Նշենք, որ Չարչյանի կինը ոչ մի եկոամուտ չի հայտարարագրել:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՆ ՈՒ 46-ՄԵՏՐԱՆՈՑ ԲՐԴՈՒՋԸ

Հունիսի 24-ին ավանդական դարձած «ՀայԲույս»  փառատոնը Իջեւան խոշորացված համայնքի  Ենոքավան գյուղի   սարերում կրկին միավորել է Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Ամենամյա փառատոնի նպատակն է ներկայացնել եւ ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը`  որպես կարեւորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ։ Փառատոնի ընթացքում կայացել են տարբեր ժամանցային ծրագրեր մեծերի եւ փոքրերի համար։ Մասնակիցները ծանոթացել են բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորել տարբերակել բնական ու ոչ բնական բույսերը։ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փառատոնի հյուրերը մասնակցել են ամենախոշոր խաղաղ բրդուճի պատրաստմանը՝ լավաշից, հայկական խոտաբույսերից եւ տարբեր երկրներում արտադրված պանիրներից։ Բրդուջն ունեցել է 46 մետր երկարություն։ Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի ծննդավայրն է, Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ սիրում է ընտանիքով կամ ընկերների հետ հանգստանալ Ենոքավանում։

 

 

 

 

 

ԲՈԼՇԵՎԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ՍԱՐԻԳՅՈՒՂՈՒՄ

Հունիսի 28-ին  Տավուշի մարզի Իջեւան համայքի սահմանամերձ  Սարիգյուղ բնակավայրում հողին հանձնեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից Բոլշեւիկ Դավթյանի աճյունը: Նրա գերեզմանը հայտնաբերվել է 2020 թ.-ին Ժիտոմիրի շրջանում` Ուկրաինայում անհայտ կորածների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից: Համավարակով եւ այլ խնդիրներով պայմանավորված` աճյունի տեղափոխումը հետաձգվել է: Իջեւանի համայնքապետանը հայտնում է, որ  Ուկրաինայում Հայաստանի դեսպանության եւ Ուկրաինայի հայերի միության ջանքերով  Բոլշեւիկ Դավթյանի աճյունն ամփոփվեց Սարիգյուղ բնակավայրում։   Աճյունն  ամփոփվեց հայրենի հողում: Բոլշեւիկ Դավթյանը ծնվել է 1920 թ.-ին,1941 թ.-ին պատերազմ էր մեկնել եղբոր հետ: Վերջինս նույնպես համարվում է անհայտ կորած: ՀՄՊ-ում անհայտ կորածների հայտնաբերման եւ աճյունների տեղափոխման աշխատանքներին աջակցելու համար Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ  Դավիթ Մկրտչյանին: Համայնքապետի կողմից շնորհակալագրեր փոխանցվեցին նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպանին եւ նրա խորհրդականին, Ուկրաինայի հայերի միության   փոխնախագահներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս