«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ախուրյան համայնքում բողոքի ալիք է հասունանում համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի դեմ: Բողոքի հիմքում համայնքի հակակարկտային կայանների (գազագեներատորային կայանների) սպասարկումն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, իրականացնում է Արծրուն Իգիթյանի որդին: Վերջինիս ոչ պատշաճ սպասարկման արդյունքում չեն փոխվել գազաբալոնները, եւ վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղացող անձրեւների եւ կարկուտների ժամանակ դրանք չեն գործել, ինչի հետեւանքով Ախուրյան, Ազատան, Այգաբաց, Գետք, Երազգավորս գյուղերում վնասվել է բերքի մոտ 40-60 տոկոսը:
Կարկուտից տուժած գյուղացիները պատրաստվում են բողոքի դուրս գալ գործող համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի դեմ, ներկայացնել իրենց վնասներն ու պահանջները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՈՂՈՔՆԵՐ՝ Wildberries-ԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries ընկերության վերաբերյալ: Մեզ ահազանգած քաղաքացիները դժգոհում են, որ ընկերությունն անհասկանալի պատճառներով Հայաստանի քաղաքացիների համար փակել է կոսմետիկայի խանութների, հագուստի բրենդների արտիկուլները, ու վերջիններս չեն կարողանում իրենց ցանկալի գնումները կատարել:
Ավելին՝ քաղաքացիները նաեւ դժգոհեցին, որ Wildberries օնլայն առեւտրային ցանցից հնարավոր է ավելի մատչելի գնումներ կատարել՝ փոխելով Հայաստանի առաքման հասցեն Ռուսաստանի առաքման հասցեով, որի մասին, սակայն, քաղաքացիներից ոչ բոլորն են տեղեկացված, ոչ բոլոր համակարգերին են հասանելի, եւ ոչ բոլորն են կարողանում օգտվել:
Նշենք, որ քաղաքացիների ահազանգերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ռուսական Wildberries ընկերությանը պարզաբանում ստանալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ընկերությունը պարբերաբար թանկացնում է գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին 450-դրամը դարձել է 850 դրամ: Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց զինվորական կենսաթոշակների պարագայում սպասվող փոփոխությունները։
Նրա խոսքով՝ այս պարագայում չի փոփոխվում հիմնական կենսաթոշակը։
«Հիշեցնեմ, որ մենք հիմնական կենսաթոշակը սեպտեմբերին 18 հազար դրամից բարձրացրել ենք արդեն 20 հազար դրամի։ Այս փոփոխությամբ կավելանա զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը։ Այսօր մեկ տարվա արժեքը 1600 դրամ է, հուլիսի 1-ից արժեքը կլինի 1750 դրամ, այսինքն՝ 150 դրամով կբարձրանա։ Շա՞տ է, թե՞ քիչ? եթե հաշվի առնենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք տվող ստաժը նվազագույնը 20 տարի է, ստացվում է, որ 20 տարվա զինվորական ստաժով զինվորական կենսաթոշակները կավելանան նվազագույնը 3000 դրամով։
Հաջորդիվ նա մանրամասնեց պարտադիր զինվորական ծառայության հաշմանդամության կենսաթոշակների չափերը, որոնք սահմանում է Կառավարությունը։
«Պարտադիր զինվորական ծառայողները չունեն պայմանագրային զինծառայության ստաժ։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության խումբը ավելանում է. առաջին խումբը կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման դեպքում կենսաթոշակը 46 հազար դրամից կդառնա 50 ազար 600 դրամ, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 36 հազար դրամը կդառնա 41 հազար 400 դրամ, այսինքն՝ կավելանա 5400 դրամով, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակման դեպքում կենսաթոշակի չափը 33 հազարից կդառնա 38 հազար դրամ»,- ասաց նա։
ԱՀԱԶԱՆԳ՝ ԹԱՏՐՈՆԻՑ
Հունիսի 29-ի երեկոյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Տիկնիկային թատրոնի հետ՝ ճշտելու դեպքի մանրամասները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում բացատրեց. «Ձեւակերպման մեջ սխալ կա: Տանիքը կապ չունի թատրոնի հետ: Մենք ընդամենը գտնվում ենք բարձրահարկ շենքի առաջին եւ երկրորդ հարկերում: Մեզնից վերեւ էլի հարկեր կան»:
Նշենք, որ ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի փայտե կառուցատարերը եւ թիթեղները (մոտ 10 քմ)։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ