Ֆինանսական բուրգի հայտնի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի վիճակն օրեցօր վատանում է: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել Անդրեասյանի մայրը` տիկին Փառանձեմը, ով հայտնեց, որ այլևս ելք չունի, անգամ դիմել է ՄԻՊ, ԱՆ, ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արդեն երկրորդ անգամ է պատրաստվում դիմել: Հուսահատված մայրը պահանջում է, որ իր որդուն բուժզննում տրամադրեն, քանի որ որդին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Որդուս 2013 թվականի դեկտեմբերին տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց. վիճակը շատ վատ էր: Հիվանդանոցի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկները հաստատում են, որ տղայի վիճակն իսկապես վատ է, սակայն ՔԿՀ-ի որոշ մարդիկ կանգնում և հայտարարում են, թե մենք չենք հավատում, որ Արթուրը վատ է: Բայց ես կարող եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը բժիշկների կողմից տրված, որ տղայիս վիճակը ծանր է:
Տղայիս տարել մտցրել են Նուբարաշեն ՔԿՀ-ի խուցը: Տղայիս վիճակը օրեցօր վատանում է, բժիշկները նույնիսկ պնդում են, որ կարող է 5 րոպե հետո մահանալ: Այդ վիճակում երեխայիս պահում են խցում: Պահանջս մեկն է` նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, քանի դեռ նրա վիճակն ավելի չի բարդացել»,- ամբաստանյալի մայրը հորդորով դիմում է համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու ժամանակ՝ 2010թ. հունիսին, որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։