ԱԳ փոխնախարարը Մոսկվայում ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:




Լրահոս