Համացանցը փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը՝ տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ ունեցած Արփինե Սարգսյանն ասել է.

«Մեծարգո՛ մասնակիցներ, Ձերդ Գերազանցություննե՛ր,

Հարգելի՛ գործընկերներ,ՀՀ Կառավարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար։ Սա կարևորագույն հարթակ է սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում մեր ջանքերը միավորելու համար։
Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ։

Մեր երկիրն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և չնայած Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ գործողություններին, թմրամիջոցների շրջանառության ծավալները դեռևս զգալի են։

Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։
Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։

Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի:

Եզրափակելով, կցանկանայի ընդգծել, որ Գլոբալ Կոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքների դեմ պայքարում:

Այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը: Համապարփակ մոտեցման դեպքում այն կարող է կենտրոնանալ կանխարգելման, վաղ ազդարարման համակարգերի, իրավապահ մարմինների, ապաքինման ծրագրերի և հանրային իրազեկման արշավների վրա:

Կարողությունների զարգացումը, գիտելիքների փոխանակումը և ուսումնասիրությունները կարող են օգնել բացահայտելու նոր առաջացող միտումները, նոր նյութերը և զարգացող արտադրության և ապօրինի շրջանառության եղանակները: Այս բոլոր գործողությունները կնպաստեն հանրային առողջության մոտեցումների և վնասների նվազեցման ռազմավարությունների առաջնահերթության սահմանմանը, ապացույցների վրա հիմնված բուժման և վերականգնման ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար վնասի նվազեցման միջոցառումների իրականացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս չափազանց կարևոր Կոալիցիայի ստեղծման կապակցությամբ: Հայաստանը լիովին հավատարիմ է ծրագրին մասնակցություն ունենալու գաղափարին և ակտիվորեն ներգրավվում է նրա բոլոր միջոցառումներին»:




Լրահոս