ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
ԱԺ նախագիծն արդեն տեղադրվել է ԱԺ կայքում։
Նշենք, որ այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում՝ ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը, Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։
Նշենք, որ իր դիմումի մեջ պատգամավորը նշում էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսեւորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (…) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։