Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Վառելիքի պակաս կա: Այս մասին, այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Արցախում առանձնակի փոփոխություններ չկան, նույն է՝ պաշարված, ծանր վիճակում: Գազամատակարարումը իբրև թե վերականգնվեց, բայց կրկին դադարեցվել է: Այս ամենը կտտանքների ենթարկելու, ահաբեկելու մի ձև է և սա իրենց ոճն է: Այս ամենը իհարկե ազդում է մեզ վրա կենցաղային հարցերում և այլն, բայց սա չէ կարևորը, սա չէ Արցախին հուզող հարցը. Արցախին հուզում է իր ապագան, հայ ժողովրդի ապագան ու ներկան»:
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է խանութներում, Բաբայանը ասաց, որ սննդամթերքի պակասությունը բավականին մեծ է:
«Խանութներում սննդամթերքի պակասությունը ամեն վայրկյան ավելի է մեծանում, դեղորայքի պակասությունն է շատ զգացվում, վառելիքի, մի խոսքով վիճակը բավականին ծանր է: Տրանսպորտն է շատ վատ աշխատում, որքան հնարավոր է եղել գազ լցրել են, բայց հասկանալի է, որ երկար չի տևի: Մարդիկ էլ ինչքան կարողացել լցրել են, բայց դա մի երկու օր կկարողանան խնայողաբար օգտագործել, չնայած, որ հիմանկանում պահում են գազը ֆորսմաժոռային դեպքերի համար. մեկը լավ չլինի տանեն հիվանդանոց, և այլն. մասայական մեքենաներ չեն քշում»:
Բաբայանը նաև նշեց, որ Արցախում դրամաշրջանառությունն էլ է վատացել, մարդիկ կանխիկով չեն կարողանում օգտվել: Բանկոմատներն էլ կամ դատարկ են լինում, կամ էլ ահռելի հերթեր են գոյանում դրանց մոտ:
Մաշա Մելքոնյան