
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հուլիսի 10-ին երկրի գրեթե ամբողջ տարածքում անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարել սաստիկ տապի պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է գործակալության կայքից:
Գերատեսչությունը նահանգերի մեծ մասում տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգավոր) և նարնջագույն (մեծ վտանգ): Բացի այդ, Անդալուսիայի Ինքնավար Համայնքում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն՝ կարմիր (ծայրահեղ վտանգավորություն) մակարդակի: Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել Ցելսիուսի սանդղակով 44 աստիճանի։ Մադրիդում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 38 աստիճան։
2021 թվականին Պետական օդերևութաբանական գործակալությունն Իսպանիայում գրանցել էր ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Օգոստոսի կեսերին Մոնտորո բնակավայրում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք) ջերմաստիճանը հասել էր 47,2 աստիճանի նշագծին: