ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ  Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:

 

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է սաների նկարչական եւ դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, այնուհետեւ  շնորհալի երաժիշտ-կատարողները հանդես են եկել համերգային ծրագրով:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը շնորհավորել է դպրոցների սաներին  տարեվերջյան ցուցահանդեսի եւ համերգային ծրագրի ներկայացման կապակցությամբ եւ նշել է, որ եթե անգամ երեխաները հետագայում երաժշտարվեստի, նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերը չընտրեն որպես մասնագիտություն, գեղարվեստական կրթության շնորհիվ նրանք մեծանում են արժանապատիվ եւ կիրթ քաղաքացիներ:

Տարեվերջյան  հաշվետու ցուցահանդեսին եւ համերգին մասնակցել են 10 մարզի 22 երաժշտական դպրոցների եւ 12 գեղարվեստի, արվեստի դպրոցների սաներ:  Ընդհանուր առմամբ, համերգին մասնակցել են շուրջ 160 աշակերտներ: Ներկայացված են երաժշտարվեստի բոլոր բաժինները՝ լարային, փողային, հարվածային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային, կամերային, ինչպես նաեւ բոլոր գործիքները՝ ֆագոտ, շեփոր, կլարնետ, քանոն, սանթուր եւ այլն:   Ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 80 ստեղծագործական աշխատանք՝ նկարչական, դեկորատիվ-կիրառական, գոբելեն, ասեղնագործություն, քանդակ:

«Կարեւոր է մանկավարժների դերը, որոնք տարվա ընթացքում կատարել են անգնահատելի աշխատանք: Շատ կարեւոր է Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստների մասնակցությունն այս գործընթացին: Մանկավարժ-մեթոդիստները մանկավարժներին հետեւողական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու միջոցով օգնում են զարգացնելու երեխաների շնորհները իրենց ընտրած երաժշտական եւ   արվեստի ճյուղերում: 2023 թվականի 1-ին կիսամյակում հիմնադրամի «Երաժշտական եւ արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաեւ ՀՀ բարձրագույն, միջին մասնագիտական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցներում իրականացրել են ուսումնամեթոդական եւ գործնական օգնություն՝  600 դասատուների եւ  2530 աշակերտների համար»,- նշել է Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը:

Նշենք, որ միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության եւ գեղագիտական դաստիարակության բնագավառի  հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների եւ պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդմանը:

 

 

 

 

ՄԱԴՈՆՆԱՆ ԳԱՄՎԵԼ Է ԱՆԿՈՂՆՈՒՆ

64-ամյա ամերիկացի երգչուհի Մադոննան, որը բակտերիալ վարակի պատճառով բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն դեռ վատ է զգում եւ վեր չի կենում անկողնուց. այս մասին գրում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Մադոննան դեռ պառկած է անկողնում Նյու Յորքի իր բնակարանում, իսկ նրա շրջապատում կարծում են, որ երգչուհին «համաշխարհային շրջագայություն սկսելու համար բավարար մարզավիճակում չէ»։

TMZ-ի աղբյուրները նաեւ նշել են, որ երգչուհին տառապում է սրտխառնոցի նոպաներից, վարակը դեռեւս հարվածում է նրա առողջությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մադոննայի մենեջեր Գայ Օզրին հայտնել էր, որ հունիսի 24-ին նրա մոտ բակտերիալ վարակ է սկսվել։ Երգչուհին մի քանի օր անցկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Երգչուհին մոտ մեկ ամիս ջերմություն է ունեցել, սակայն չի համաձայնել հոսպիտալացմանը, քանի որ չի ցանկացել շրջագայությունը հետաձգել ավելի ուշ ժամկետի։

Page Six-ի հավաստմամբ՝ նա մի քանի շաբաթ «ծանր փորձեր է արել» առաջիկա համերգային շրջագայության համար, մինչ նրան գտել են անգիտակից վիճակում եւ հոսպիտալացրել։ Հրատարակության տվյալներով՝ Մադոննան աշխատել է օրական 12 ժամ։

Մադոննայի Celebration համաշխարհային շրջագայությունը, որով նշվելու էր նրա առաջին ալբոմի թողարկման 40-ամյակը, պետք է մեկնարկեր հուլիսի 15-ին Վանկուվերում կայանալիք համերգով: Երգչուհին համերգներ էր նախատեսել 43 քաղաքում։ Շրջագայությունը պետք է ավարտվեր 2024 թվականի սկզբին։

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԵՍԻԻ ՀԵՏ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել է, որ ակումբը հրաժեշտի հանդիպում կկազմակերպի թիմի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի համար։

«Մեսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Նա շատ ծանր փուլ էր ունեցել Փարիզում, եւ նրա հայրն ասաց, որ Լեոն չի ցանկանում դարձյալ նման ճնշման տակ ընկնել։ Մենք հարգում ենք Մեսիի որոշումը։ «Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը։

Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, բայց ակումբի նախագահի համար առաջին տեղում «Բարսելոնան» է։

Ես քննարկել եմ Մեսիի հետ միջոցառումը, որի ժամանակ հնարավոր կլինի հարգանքի տուրք մատուցել նրան։ Վերակառուցումից հետո «Կամպ Նոու» ստադիոնի բացումը հրաշալի առիթ կլինի»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Մեսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

 

 

 

 

ԴԺԳՈՀ՝ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՑ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է Արքայական ակումբի տրանսֆերային քաղաքականությունից. հաղորդում է The Athletic-ը։

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեռանալուց հետո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել էր ձեռք բերել կենտրոնական հարձակվողի՝ մատնանշելով Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի խաղացող Հարի Քեյնին։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարձակման գծի համար դիտարկում է միայն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեին, սակայն քիչ հավանական է, որ այդ տեղափոխությունը տեղի կունենա այս ամռանը։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։




Լրահոս