«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է տեղեկություններ ստանալ Առողջապահության նախարարությունից, որը նա գլխավորել է 2018 թվականից մինչեւ 2021թ.-ը: Առողջապահության նախկին նախարարի նպատակը գործող նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին գահընկեց անելն է: Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը զղջացել է, որ դուրս է եկել գործադիր մարմնից: Նրան մոտ կանգնած մարդիկ կարծում են, որ Թորոսյանին հանգիստ չի տալիս իր նախկին ենթակա Անահիտ Ավանեսյանի պահվածը, որը երես է թեքել նրանից ու դարձել Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից մեկը: Ըստ ուժային համակարգի մեր աղբյուրների՝ ֆիքսվել են Առողջապահության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների կողմից վերջինիս հետ սերտ կապեր պահելու եւ տեղեկություններ փոխանցելու դեպքեր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Թորոսյանի նպատակն է հասնել Անահիտ Ավանեսյանի հրաժարականին եւ, որպես պլան մինիմում, այդ պաշտոնում նշանակել փոխնախարար Լենա Նանուշյանին: Վերջինս էլ, մեր տեղեկություններով, չնայած արտաքնապես ցույց է տալիս, թե կապ չի պահում նախկին ղեկավարի հետ, իրականում գաղտնի օգնում է վերջինիս ու հավատում, որ նախարարի հեռանալու դեպքում ինքը կարող է զբաղեցնել վերջինիս տեղը: Մեզ փոխանցեցին նաեւ, որ նախարարության վրա վերահսկողություն հաստատելու՝ Թորոսյանի նպատակը, թերեւս, նաեւ այն է, որ այնտեղով անցնում են բավական խոշոր դրամաշնորհային միջոցներ, որոնք վերահսկելը, մեղմ ասած, շատ շահեկան է։ Ավելին՝ Թորոսյանը շարունակում է վախենալ, որ 2020թ.-ին «Քովիդ 19»-ի միլիոնների ծախսերի մասով հարուցված քրեական գործի տակից դուրս գալու համար անհրաժեշտ է հետ գնալ նախարարություն ու վերահսկել ուժայիններին փոխանցվող փաստաթղթերը, մասնագիտական եզրակացությունները եւ այլն: Կհաջողվի արդյոք Թորոսյանին գահընկեց անել Ավանեսյանին՝ ցույց կտա ժամանակը: Փորձեցինք այս ամենի շուրջ մեկնաբանություն վերցնել նաեւ Արսեն Թորոսյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ կվերսկսի իր աշխատանքը, ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, ադ մասին ՔՊ-ականները մեզ ասացին, որ դեռ հստակեցված չէ. նախորդ նստաշրջանից օրենքի նախագծեր են մնացել, որոնք չեն հասցրել քննարկել, դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վարելու նիստը, նա գործուղման է լինելու այդ ընթացքում. ԱԺ նախագահի փոխարեն՝ նիստերը կվարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Թերեւս սա կլինի այս ամռան վերջին արտահերթ նստաշրջանը, եթե, իհարկե, հրատապ հարցեր չառաջանան: ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները, քանի որ առջեւում թեժ ամառ է սպասվում, իշխանականներն արդեն ողջ ռեսուրսով կանցնեն ավագանու ընտրությունների քարոզարշավի գործին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկի։ Մեզ հայտնի դարձավ, որ վկան ոստիկանության նախկին աշխատակից Վահան Սարգսյանն է։ Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով (2 դրվագ)) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մի շարք մութ պատմություններով ու խորհրդավոր բուժման պայմաններում ընթացած պայքարը Կորոնավարակի դեմ դեռ շարունակում է քննվել ու քննվել: Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022 թթ.ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Այս քրեական վարույթով մի շարք ձերբակալություններ ու կալանավորումներ սկսեցին, ու ձերբակալվածների մեծ մասը «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ էին։