«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ-3» գործողությունը». այդ մասին ասվում է ադրբեջանական պետական Az Tv հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել է նաեւ ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կողմից ցուցադրված թողարկման ժամանակ մեջբերումներ են արվել նաեւ Ալիեւի ռազմատենչ ելույթներից՝ թե, իբրեւ, խաղաղապահները զինում են Արցախին, թե Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահը մեղադրել է Հայաստանին եւ Ռուսաստանին իբրեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու համար:
Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, ինչը պետք է արագ ներկայացնել միջազգային գործընկերներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նույնպես չի բացառում, որ Ադրեջանի նախագահն անոնսում է ռազմական գործողությունների մասին:
-Սա նորություն չէ, այսինքն՝ այս հայտարարություններով չէ, որ պետք է հետեւություններ ու եզրակացություններ անենք: Նույնիսկ այդ անվան՝ վրեժի կիրառումը ամեն բան ասում է: Այսինքն՝ երբ մենք ասում ենք՝ վրեժ, դա ու՞մ դեմ ենք կիրառում, թշնամու, չէ՞: Այդ մարդիկ այսօր բացահայտ ասում են, որ մենք իրենց թշնամիներն ենք: Առաջին հերթին մենք ինքներս պետք է հետեւություններ անենք, իսկ այդ հետեւություններն անելու համար չպետք է իրականությունից կտրվենք: Խնդիրը ժողովրդի մեջ չէ: Չի լինում լավ կամ վատ ժողովուրդ, լինում է լավ ու վատ պետություն, վտանգավոր ու ոչ վտանգավոր համակարգեր: Այժմ նա բացեիբաց հայտարարում է, որ մեզ ուզում է հոշոտել, եւ երբ ասում ենք, որ Արցախի կորստով կկտրվի Հայաստանի գլուխը, շատերը մտածում են, որ սրանք պարզապես խոսքեր են, սակայն դա այդպես չէ: Հետո անհնարին է լինելու գործընթացը կանգնեցնել, եթե այդպիսի բան եղավ: Դրա համար պետք է այս ամենը երբեք չմոռանանք:
-Պարո՛ն Բաբայան, չնայած ադրբեջանական կողմից հնչող ամենօրյա այս սպառնալիքներին՝ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից: Այս իրավիճակում խաղաղության գնալը կամ խաղաղության օրակարգը ինչքանո՞վ է համարվում պատեհ:
-Խաղաղությունը, իհարկե, գերագույն արժեք է, բոլորն էլ ուզում են խաղաղություն: Պարզապես խաղաղությունը ոչ թե ցանկություն է, այն էլ՝ մեկ կողմի ցանկությամբ, այլ հավասարակշռության ածանցյալ: Եթե միայն ցանկության վրա հիմնված լիներ, այն էլ՝ մեկ կողմի, հակառակ կողմը չի ուզում, նույնիսկ հավասարակշռություն է խախտել իր օգտին, խաղաղություն չի լինում այդ դեպքում: Եթե մենք մտնենք խաղաղության այդ դարաշրջան, մենք պետք է ունենանք հզոր ռազմական հավասարակշռվածություն՝ լինի դա ռազմական, դիվանագիտական, քաղաքական, թե մեկ այլ ոլորտում: Եթե դա չլինի, չի լինի նաեւ խաղաղություն:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԱՔՎԻ ԹԵԶԵՐՈՒՄ
«Լուրջ հակասություններ կան Բաքվի թեզերում»,- հուլիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը՝ ի դեմս իր նախագահի, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա, հետեւաբար չկա նաեւ ղարաբաղյան խնդիր։ «Այսինքն՝ դրանից բխում է, որ ոչինչ պետք չէ որոշել։ Հիմա նրանք մի կողմից հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիր չկա, մյուս կողմից՝ որ այն պետք է լուծել «վրեժ 2» հատուկ գործողության միջոցով։ Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները լուրջ հակասություններ ունեն նախկինում հնչեցրած հայտարարություններում եւ թեզերում»,-ասաց նա։
Միաժամանակ նա չբացառեց Բաքվի կողմից հարցի ուժային լուծման հնարավորությունը։ «Միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի. նրանց բոլոր սադրանքները ցույց են տալիս դա։ Եվ այդ սադրանքների նպատակը մեկն է՝ ուժի միջոցով ղարաբաղյան հարցի հերթական լուծումը։ Այո, նրանք հաղթանակ տարան վերջին պատերազմում, սակայն Ադրբեջանն այդպես էլ չհասավ իր բաղձալի նպատակին. չէ՞ որ նրանք, ըստ էության, այդպես էլ չլուծեցին այդ հարցը»,- նշեց պատգամավորը։
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒ ԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսանը, որը 2021 թվականի նոյեմբերից Արմավիրի մարզպետն է, 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկը՝ Կենտրոն վարչական շրջանում, որը գնվել է 2016 թվականին, իսկ մյուս բնակարանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2021 թվականին: Նա հայտարարագրել է նաեւ 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարվել է 10 մլն դրամով: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 965 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 150 հազար դրամ: Մարզպետի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 079 հազար դրամ, որից 12 մլն 023 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 468 հազար դրամ։
Հովհաննիսյանի հանգստի համար կատարած ճանապարհածախսը եւ կեցության ծախսը կազմել է 2 մլն 950 հազար դրամ, իսկ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար կազմել է 2 մլն 200 հազար։ Անշարժ գույքի վերանորոգման համար Հովհաննիսյանը ծախսել է 2 մլն 800 հազար դրամ։
Մարզպետը հայտարարագրել է, որ այժմ մեքենա չունի, սակայն Հովհաննիսյանի կինը՝ Մադլենա Հայրապետյանը, հայտարարագրել է մեկ մեքենա՝ TOYOTA մակնիշի 2021 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 15 մլն դրամով։ Հայտարարագրել է 3 հազար դոլար եւ 2500 եվրո կանխիկ գումար։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 423 հազար 910 դրամ, որը նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց է կամ գույք, որը ստացել է Ժաննա Մուրիկի Հայրապետյանից, որը նրա քույրն է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել։ Մասնավորապես, նա այդ տարի անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն է նվիրատվություն ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ պարզ չէ պաշտոնական փաստաթղթերից: Կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի թիմակիցները շարունակ նվերներ են ստանում, ու դա Փաշինյանը կոռուպցիա չի համարում:
Տեղեկացանք, որ տարվա ընթացքում Խաչատրյանը նաեւ վաճառել է մեկ հողամաս, իսկ տարվա վերջում ունեցել է հինգ հողամաս։ 2022 թվականին տեսչական մարմնի ղեկավարը նաեւ 2 մլն դրամով 2017 թվականի արտադրության «Մազդա» է գնել, նաեւ 15 մլն դրամով վաճառել իր մեքենան։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ տարվա ընթացքում նա 61 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, գույքի օտարումից։ Տարվա վերջում նրա կանխիկ դրամը 9 մլն է եղել։