ԱՆԿԱԽ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս:

 

Դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորող, անկախ պետական մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման եւ գործունեության նախորդող ժամանակահատվածում տասնյակ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոշ դեպքերում դադարեցվել են դատավորների լիազորություններ, մասնավորապես՝ դատավորներ Աննա Փիլոսյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սիմա Իսկանդարյանի, Ռաֆիկ Մելքոնյանի, Գագիկ Խանդանյանի, Վահե Խալաթյանի, Նաիրա Մխիթարյանի, Զարուհի Նախշքարյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Արայիկ Մելքումյանի (վերջինիս նկատմամբ կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է) լիազորությունները դադարեցվել են՝ կարգապահական խախտման հիմքով։

Այս անգամ էլ խիստ մտահոգիչ գործընթաց է սկսվել ՀՀ դատական համակարգում եւ իրավաբանական հանրույթում բարձր հեղինակություն ունեցող եւ իր պրոֆեսիոնալիզմով մշտապես աչքի ընկած դատավոր Դավիթ Հարությունյանի շուրջ, որի նկատմամբ, ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ, հարուցվել է կարգապահական վարույթ։ Ըստ դատավորի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հստակ նպատակ ունեն սահմանափակել խոսքի ազատությունը՝ դատավորներին դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու նպատակով:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք։ Արտահայտվելու ազատությունը սահմանված է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում։

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018թ. դեկտեմբերի 21-ի թիվ 05-Լ որոշման հավելվածի Կանոն 12-ի համաձայն՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` դատավորն իրավունք ունի ինքնաարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում եւ այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը եւ կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության եւ անաչառության նկատմամբ: Կանոն 14-ի համաձայն՝ մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է`

ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել եւ կարդալ գրական ստեղծագործություններ, մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը եւ նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,

բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների ու փորձի օգտագործում։

Ուշագրավ եւ խիստ մտահոգիչ են նաեւ դատավոր Դավիթ Հարությունյանի այն ահազանգերը, որ միջնորդությունները պատշաճ չեն քննարկվում, իր իրավունքները՝ չեն պարզաբանվում, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ լսելու, հեռանում է խորհրդակցական սենյակ եւ գալիս ու որոշումներ է հրապարակում, բացահայտ հայտնում է սեփականության իրավունքով Դավիթ Հարությունյանին պատկանող գույքի նկատմամբ ուժի գործադրման հնարավորության մասին։

ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում դիտարկելով նման զարգացումները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ոլորտային օրենսդրությունը՝ որպես այդպիսին, խնդրահարույց է դառնում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանությունը։

Մի շարք նամակներով միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել հայկական դատական անկախ համակարգի կոնկրետ սպառնալիքների դեպքերի փաստական հանգամանքների վրա: Անթուլատրելի են ոտնձգությունները անկախ դատական համակարգի նկատմամբ»:

 

 

 

 

ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ

Հուլիսի 3-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։«Արեւիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում են նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ՝ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱ

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երեւան – Ստամբուլ-Երեւան երթուղով չվերթերը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

 

 

 

 

ԱԻՆ-ԻՑ՝ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Երեւանի քաղաքապետի նոր մամուլի քարտուղարն է Հայկ Կոստանյանը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Կոստանյանը նախկինում զբաղեցնում էր ԱԻՆ խոսնակի պաշտոնը:

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

«Ազգային – ժողովրդավարական բեւեռ»-ի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ Վարուժան Ավետիսյանի որդուն` Դավիթին, ձերբակալել են եւ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղափոխել ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր):

Ավելի վաղ փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց որ կեսօրին Դավիթ Ավետիսյանը, «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ հարցնելու, թե որքանով է այս գործընթացը իրավական: Վերջինս նշեց, որ գործից տեղյակ չէ, սակայն այսպիսի դեպքերը շատ են. առաջին դեպքը չէ:

«Անկախ այն բանից թե ում որդին է կամ ում բարեկամն է, սա մեզ համար նորություն չէ:

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները այնպիսի մեծ չարիքներ են գործել, որ նրանք պետք է պատրաստ լինեն, որ քաղաքացիները իրենց հարցեր ունեն տալու: Սակայն մենք բազմիցս տեսել ենք, որ ընդամենը «դավաճան» գոռալու համար մարդկանց ձեռբակալել են բացարձակ անհիմն: Եվ անգամ այս պահին, փաստերին չտիրապետելով, կարելի է ասել, որ սա նույն շարքի շարունակությունն է:

Ես ծանոթ եմ նմանատիպ բազմաթիվ դեպքերի, երբ քաղաքացիներին անհիմն պատճառաբանություններով բերման են ենթարկում, օրինակ՝ սառը զենք պահելու կասկածանքով եւ այլն, տանում, մի քանի ժամ պահում ու բաց են թողնում: Այնպես որ, Ձեր մեջբերած դեպքը ամենեւին էլ զարմանալու չէ եւ իրենից ներկայացնում է ներկա ռեժիմի գործելաոճը»,- ասաց Մելիքյանը:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 




Լրահոս