ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը որս է սկսել դատավորների դեմ: Հերթը հասել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին: Ի դեպ, դատավոր Մխիթար Պապոյանը, Դավիթ Հարությունյանը, Արշակ Վարդանյանը, եւ այլ որոշ դատավորները մշտապես աչքի են ընկել համակարգում առկա խնդիրները բարձրաձայնելով: Երեկ դադարեցրեցին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություները, եւ հիմա էլ գործընթաց են սկսում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի նկատմամբ:

 

Իսկ ի՞նչն է հիմքը:

Քիչ առաջ դատական դեպարտամենտը հայտարարեց, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է դարձել: Դատավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվանակի մարտի 20-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի մակագրությամբ, Ռ. Մխիթարյանը մեկ տասնյակից ավելի գործերով ընդգրկվել է տարբեր կազմերում՝ որպես դատական կազմի դատավոր: Բացի այդ, դատավոր Ռ. Մխիթարյանը հայտնել է, որ դատական կազմերում ներգրավված լինելու մասին տեղեկացել է ներգրավվելուց հետո, ուստի իր կողմից որեւէ համաձայնություն՝ դրանցում ներգրավվելու մասով, չի տրվել: Հարկ ենք համարում նշել, որ դատական կոլեգիալ կազմերի ձեւավորման, դատական գործերի բաշխման, ինչպես նաեւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատական գործերի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հնարապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված կարգով: Ըստ նշված որոշման Հավելված 2-ի, 3-րդ գլխի 11-րդ կետի՝ դատարանների նախագահներն են փոխարինում դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։ Ստացվում է, որ ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգը շրջանցվել է, որի հետեւանքով վատթարացնող իրավիճակ է ստեղծվել դատավոր Ռ. Մխիթարյանի համար՝ ավելացնելով նրա ծանրաբեռնվածությունը: Դատական դեպարտամենտը կարեւոր է համարում եւս մեկ անգամ ընդգծել վերոնշյալ որոշման պարտադիր բնույթը բոլոր համապատասխան պաշտոնյաների համար եւ հույս է հայտնում, որ Բարձրագույն դատական խորհրդի այս եւ այլ որոշումների դրույթներն այսուհետ անշեղորեն կկատարվեն:

Ստացվում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կոնկրետ Մխիթար Պապոյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԲԴԽ՝ ասելով, որ դատարանի նախագահ Պապոյանը ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգը շրջանցել է: Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանը այն դատավորն է, որին Կարեն Անդրեասյանն օրերս նշանակեց Վերաքննիչ քրեական դատարանում իր անձնական համակարգող,  կամ, այսպես ասած, նա դարձավ Կարեն Անդրեասյանի աչքն ու ականջները Վերաքննիչ քրեական դատարանում: Ստացվում է՝ հիմա էլ նրանք գործընթաց են սկսել Մխիթար Պապոյանի դեմ: Տեսնեք՝ ինչով կավարտվի այս «կինոն»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵՑԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն 3 դատավորների մասով կայացրել է որոշումներ:

Երեկ  ԲԴԽ-ն հայտարարեց, որ դադարեցվում են դատավորներ Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։

Հուլիսի 1-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների հանաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի (որը ազատման դիմում գրեց ու հեռացավ համակարգից՝ չսպասելով ԲԴԽ-ի որոշմանը) եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել վերոնշյալ դատավորների լիազորությունները։

Դավիթ Հարությունյանի մասով այս պահին ԲԴԽ-ում քննարկումը շարունակվում է, դեռեւս հստակ եւ վերջնական որոշում չկա։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Վերջին շրջանում հաճախ է խոսվում Երեւանում թափառող շների հարձակումների մասին: Օրեր առաջ էլ ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ միայն այս տարվա հունիս ամսին «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծելու գանգատով:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ գործուն քայլեր են ձեռնարկվում:

«Մեր կենտրոնը զբաղվում է միայն Երեւան համայնքի թափառող շներով, եւ այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքերից քանիսն է տեղի ունեցել Երեւանում, եւ քանիսն է տեղի ունեցել մարզերում, թափառող շներն են կծել, թե ընտանի կենդանին: Ինչո՞ւ եմ սա նշում. քանի որ շատ դեպքերում մարդիկ թաքցնում են, թե դեպքը որտեղ է եղել: Խնդրի լուծման համար ընտրվել է հստակ մեխանիզմ, որը գործում է աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, եւ որը իր արդյունքը տվել է. դա ստերջացման համալիր ծրագիրն է, որը Երեւանում իրականացվում է 2019 թվականից»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` այս տարի ստեղծվել է թափառող շների կացարանների նախագիծ, որը հնարավորություն կտա մեծ քանակությամբ ստերջացված շների ապահովել կացարանով. «Մեկ կացարան արդեն նախագծման փուլում է, եւ եւս 4-ը պատրաստվում ենք նախագծել»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտ ամսից Երեւանի քաղաքապետարանում գործում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որը կոչված է զբաղվելու թափառող կենդանիների հարցերով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՍԿՈ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հուլիսի 3-ին սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գեւորգյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը։

Հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։

Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նրանք են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ.-ն, 32-ամյա Անդրանիկ Գ.-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։

Պարզվում է նաեւ, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում՝ «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կարաոկե դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ.-ն, Անդրանիկ Գ.-ն, Քերոբ Հ.-ն եւ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սեւակ Գ.-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Բ.-ի եւ 24-ամյա Վալեր Ս.-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին եւ Քերոբ Հ-ին, որոնք էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կասկածյալները ոստիկանության Արմավիրի բաժնից ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս