ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրում կատարվել են բարեփոխումներ. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ պետական աջակցությամբ անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է։
«Կառավարության որոշմամբ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը։ Ասեմ, որ մինչ այս որոշումը գործող ընթացակարգով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք անհրաժեշտ դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։ Այժմ ամբողջությամբ անվճար տրամադրվելու է»,-ասաց Մարինե Հարությունյանը։
Մասնագետը նշեց, որ մասնագիտական խմբով պարբերաբար ուսումնասիրություններ են անում, եւ առկա պահանջարկից, խնդիրներից ելնելով էլ պարբերաբար ծրագրում կատարվում են փոփոխություններ։ Ընդհանուր ծրագրից օգտվում է շուրջ 220 հազար շահառու, իսկ նշված բարեփոխումների արդյունքում շահառուների թիվն ավելանում է 30 հազարով։ Շահառուների թվի ավելացմամբ պայմանավորված՝ պետությունը շուրջ 400 մլն դրամով ավելացրել է ծրագրի բյուջեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր դեղերի ցանկը նույնպես վերջին շրջանում ընդլայնվում է։ Եթե տարիներ առաջ 310 ջեներիկ անունով (ազդող նյութերով) դեղեր կային, ապա այսօր այդ թիվը դարձել է 530։ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ցանկը համալրվել է եւս 5 անվանում դեղով։ Մասնագետը հիշեցրեց, որ պետական աջակցությամբ դեղերը ձեռք են բերվում ջեներիկ անվամբ, այսինքն՝ ազդեցիկ նյութերով։ Լինում են դեպքեր, երբ բժիշկը բուժառուին նշանակել է դեղ, իսկ պոլիկլինիկան տրամադրում է այլ անվամբ. շատերի մոտ թյուրըմբռնում է լինում։
«Հաշվի են առնվում նեղ մասնագետների կարծիքները, ուսումնասիրվում է պահանջարկը, եւ այժմ կարող ենք ասել, որ դեղերի բավական լայն շրջանակ անվճար հասանելի է մեր շահառուներին»,-հավելեց մասնագետը։
Կատարվել է եւս մեկ կարեւոր փոփոխություն, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։ Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։ Այդ հիվանդություններն են պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ, ցրված սկլերոզ։ Շուրջ 486 շահառու, այդ թվում՝ մեծամասնությունը երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբեւէ չտրամադրած դեղերով։ Արդյունքում կկանխարգելվի վերը նշված հիվանդությունների զարգացումը, կնվազեն հաշմանդամության եւ մահացության ցուցանիշները: Դեղ ապահովման ծրագրի բյուջեն 2024 թվականին կլինի 4 մլրդ դրամից ավելի։
Մարինե Հարությունյանը նշեց, որ ցանկացած հարցի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 83-03, ինչպես նաեւ Դեղերի վարչության հեռախոսահամարով՝ 060 80-80-03 (ներքին համար՝ 14-21)։
ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ԱՆՓՈՒՅԹ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ
Տավուշի մարզպետարանը կամ, ինչպես իրենք են վերջերս իրենց կոչում, Տավուշի մարզպետի աշխատակազմը հունիսի 29-ին մարզպետարանի ինտերնետային կայքի գլխավոր էջում՝ «Ուշադրություն» խորագրի ներքո, զետեղել է հետեւյալ հայտարարությունը. «2023 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 13:00-ից մինչեւ 14:00-ն, Բերդ-Մովսես ավտոճանապարհի գյուղ մտնող սկզբնամասը փակ է լինելու։ Փրկարարների ուժերով իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ»։ Ի՞նչ կարիք կա հունիսի 29-ին զգուշացնել մեկ ամիս հետո՝ հուլիսի 29-ին իրականացվելիք քարաթափման մասին։ Իրականում քարաթափումը եղել է հունիսի 29-ին. Տավուշի մարզպետարանում հունիսն ու հուլիսը շփոթել են։ Եվ դա իրենց աշխատանքային գործունեության մեջ եզակի բացթողումը չէ։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, նրա որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը եւ մարզպետարանի պաշտոնյաները իրենց աշխատանքում հաջողություններ չունեն, սակայն, բարձր աշխատավարձից զատ, տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պարգեւավճարներ են ստանում պետական բուջեից։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵԼ
Նախկինում գրել եմ, որ Իջեւան քաղաքի կենտրոնում՝ «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի ֆիրմային խանութում վաճառվող հալած յուղի տուփի վրա հայերեն ոչ մի գրառում չկա, բոլոր գրառումները ռուսերեն են, բացի ընկերության անվան լատինատառ գրառումից։ Սա օրենքի կոպիտ խախտում է, քանզի Հայաստանում արտադրվող, վաճառվող արտադրանքը պետք է ունենա ապրանքի վերաբերյալ հայերեն տեղեկատվություն։ Հալած յուղն արտադրվում է Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի պանրագործարանում։ Մի քանի օր առաջ՝ հունիսի 29-ին, կրկին եղա Իջեւանում գործող այդ ֆիրմային խանութում եւ տեսա, որ վաճառվող հալած յուղի տուփերի վրա հայերեն գրառումներ չկան։ Նույն խանութում վաճառվող, «ԷկոՏավուշի» արտադրած պանրի հատիկների փաթեթի հակառակ երեսին հայերեն գրառումն այնքան փոքր չափի տառերով է, որ խոշորացույցով է հնարավոր այն կարդալ։ «ԷկոՏավուշ» ընկերությունը Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի պանրագործարանում արտադրված պանրի հիմնական մասն արտահանում է Ռուսաստանի Դաշնություն։ «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենը Հասմիկ Գեւորգյանն է, այդ ընկերությունը ստեղծվել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից, որի տնօրենը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանն է։ Հասմիկ Գեւորգյանը Սուրեն Գեւորգյանի կինն է։ Ամուսիններով փոխկապակցված ընկերությունների տնօրեններ լինելը պարունակում է կոռուպցիոն լուրջ ռիսկեր։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ