Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ քննիչ հանձնաժողովում նոր մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ:
Նա հերթական անգամ մեղադրանքի սլաքներն ուղղեց նախկին իշխանությունների կողմը, որ իրեն բանակցային վատ ժառանգություն են թողել, անպիտան զենքեր են ձեռք բերել, բանակցությունները փակուղի են տարել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է նաեւ Արցախի հարցով բանակցային գործընթացին:
-Պարո՛ն Շարմազանով, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եկել էր Ազգային ժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, եւ պատասխանում էր հանձնաժողովի անդամներին: Նա հերթական անգամ մեղադրանքներ էր հնչեցնում նախկին իշխանությունների, նախկին նախագահների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հասցեին՝ ասելով, որ բանակցային վատ ժառանգություն են իրեն փոխանցել, պատերազմն անխուսափելի էր: Մասնավորապես, Սերժ Սարգսյանին մեղադրում էր նրան համար, որ ոչ պիտանի զենք են ձեռք բերել: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություններին:
-Նիկոլ Փաշինյանը ե՛ւ հունիսի 25-ին, եւ՛ հունիսի 27-ին ներկայացավ այդ արհեստական քննիչ հանձնաժողովին, որտեղ իրենք իրենց՝ ՔՊ-ականներով հարցեր են տալիս ու պատասխանում: (դա նույնն է, եթե, օրինակ, Բերիան ինքն իր համար հանձնաժողով ստեղծեր, կամ Ալիեւը Սումգայիթի ջարդերի հանձնաժողով ստեղծի. ծիծաղելի է): Ինչ վերաբերում է նրա մեղադրանքներին, Նիկոլ Փաշինյանը կործանված, կապիտուլյացված, Ալիեւի առջեւ ծնկի եկած գործիչ է: Նա շատ է ցանկանում սրա-նրա մեղքը գցի, բայց մեկ բան նա չի հասկանում. 2018 թվականի մայիսի 8-ից առ ասյօր ինքն է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ հենց ինքն է լավ ու վատի տերը: Եթե ասֆալտով ու թոշակների բարձրացմամբ հպարտանում է, ապա թող իմանա, որ Շուշիի ու Հադրութի հանձնում էլ, 5000-ից ավելի զոհերն էլ, Հայաստանի տարածքի օկուպացիան, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի հանձնումը, տասնյակ գերիները եւս իր խղճին են: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ասում էր՝ ես բանակցությունները սկսելու եմ սեփական կետից: Դա նշանակում է մեկ բան. մինչեւ ինձ լավ է եղել, վատ է եղել, ես, միեւնույնն է, իմ կետից եմ սկսելու: Ինքը չի՞ ասել նման բան:
Ինքն է ասել: Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ: Չի ասել, որ մինչ իրեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ են բանակցել, շարունակեմ կամ լրացնեմ նրանց: Նա ասել է՝ իր կետից է բանակցում: Նոր պատերազմ՝ նոր տարածքներ: Երբ հարցրին, թե ՊՆ նախարար Դավիթ Տոնոյաննն ասել է արդյոք նման բան, պատասխանեց, որ եթե նա ուրիշ բան ասեր, աշխատանքից կհեռացնեի: Ինչպե՞ս ստացվեց, որ տավուշյան երկու դիրքը գրավելու մարշալն ու հերոսը Նիկոլն էր, Արցախն ու 5000 զոհ տալու մեղավորը Նիկոլը չէր: Իսկ եթե Սերժ Սարգսյանի հետ է ուզում համեմատվել, չի կարող. պարտվածը հաղթածի հետ համեմատվել չի կարող:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՔՎԵ»-Ն
Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու Արցախի ժողովրդավարական խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը եւ մաղթում հաջողություններ։
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որեւէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։
Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջեւ, թույլ չենք տալու մեր ազգային ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել՝ իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ եւս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ եւ անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ. ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ. հանրաքվեի արդյունքներով, 1992թ. ԼՂՀ-ի պետական անկախության մասին հռչակագրով։ Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որեւէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի առանձին անձինք եւ շրջանակներ իրավասու եւ լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը։
Աստված պահապան մեր Հայրենիքին եւ մեր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարությունում։
«ԻՄ ՔԱՅԼ»-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄԱՆԴԱՏԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արեւիկ Անդրանիկի Ավետիսյանին Երեւանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեւիկ Անդրանիկի Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո նրա մանդատը բաժին է հասել Անուշ Քլոյանին: Քլոյանի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում է կայացրել հունիսի 27-ին:
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Քաղաքական մի շարք ուժեր արդեն պաշտոնապես հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, թեկնածուների մասին են անգամ հայտարարել: Չնայած իշխող քաղաքական ուժը կենաց-մահու կռիվ է տալիս Երեւանում իշխանությունը պահելու համար, ընդդիմադիր հիմնական ուժերը պասիվ են այս առումով. տպավորություն է՝ նրանց համար մեկ են ավագանու ընտրությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեեւ դեռ վերջնական որոշում չունի, բայց, ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, մեծամասնությունը հակված է ավագանու ընտրություններին չմասնակցելուն. ասում են՝ ՀՀԿ-ում երկրորդական են համարում այդ հարցը, անգամ առանձին քննարկում էլ չեն հասցրել անել ընտրություններին մասնակցելու մասով: Կուսակցությունում ներքին քննարկումներ կան, որ եթե ընդդիմադիր ուժերին չի հաջողվում միավորվել ու քաղաքականացնել ընտրությունները, ապա անիմաստ է դրանց մասնակցելը, առավել եւս որ Հայաստանի եւ Արցախի շուրջ լրջագույն անվտանգային մարտահրավերներ կան ծառացած: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, քանի որ ավելի կարեւոր հարցեր կան օրակարգում անվտանգային ու Արցախի մասով։ «Դեռ չենք էլ քննարկել այդ հարցը, վերջնական որոշում չունենք. հենց լինի, կհայտարարենք»,-ասաց նա: