ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-Ի ՀԵՌԱՑՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնյան բանակցություններն իրականում ընթանում են ոչ թե Արցախի հարցի, այլ Հայաստանի կարգավիճակը որոշելու համար։ Այս մասին ասում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

 

«Բանակցություններում Ադրբեջանը պնդում է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը լինի իրենց ցանկացած քարտեզներով, բանակցեն Արցախի հետ ուղղահայաց կերպով։ Վաշինգտոնյան բանակցությունները իրականում ոչ թե Արցախի մասին են, այլ Հայաստանի կարգավիճակի՝ ինչ կարգավիճակ է ունենալու Հայաստանը Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում, կարգավիճակ, որը որեւէ անվտանգային երաշխիք չունի։ Բայց քանի որ հանրային ընկալման մեջ կա Արցախի հարցը, ներառվում են դրույթներ այդ մասին»,- ասաց Մաթեւոսյանը։

Քաղաքագետին չի զարմացրել ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել դեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ ԱՄՆ դեսպանն ուղղակի ասել էր ակնհայտը։

«Եթե մի քիչ էլ բացենք հայտարարությունը, արցախցիների համար լավագույն երաշխիքը կլինի ենթարկվելն Ադրբեջանի Սահմանդրությանը։ Արցախի համար անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիք չկա, ԱՄՆ-ն նման բանի մասին երբեւէ չի խոսել, դա մեծագույն խաբեություն է։ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել մի ծրագրի, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ կարգավիճակի, եւ անվտանգության երաշպավորն էլ պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրությունը։ Պետք է շնորհակալություն հայտնի ԱՄՆ դեսպանին անկեղծության համար»,- նշեց Մաթեւոսյանը։

Բենիամին Մաթեւոսյանի կարծիքով՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցություններն անհրաժեշտություն են, սակայն ոչ այն մոդելով, որի շուրջ այսօր բանակցում է Հայաստանը։ Բանակցությունները պետք է լինեն հավասարը հավասարի տեսքով, ոչ թե ուղղահայաց։

«Բաքուն, որպես կենտրոն, Արցախի ներկայացուցիչների հետ խոսելու է տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մոդելն ուղղակի տանում է ցեղասպանության։ Ամերիկյան կողմի հետ մենք ընդհանրապես չպետք է հարցեր ունենանք, իրենք հետապնդում են իրենց շահերը՝ հեռացնել Ռուսաստանին ազդեցության բոլոր գոտիներից, եւ եթե դրա գինը հայի ցեղասպանությունն է, իրենք այդ գինը պատրաստ են վճարել։ Իրենք համատեղ Հայաստանի իշխանության հետ իրականացնում են ծրագիրը, բայց եթե ԱՄՆ-ի շահը հասկանալի է, ապա ո՞րն է Հայաստանի շահը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը որեւէ միջաազգային երաշխիք ստանո՞ւմ է. իրենք որ դրդում են Հայաստանին Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի, անվտանգային երաշխիք տալի՞ս են՝ ոչ. դա իրենց խնդիրը չէ, մերն է»,- ընդգծեց Մաթեւոսյանը։

 

 

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 

 

 

 

 

ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքի երթուղին վերականգնվել է։ Չնայած նրան, որ վրացական երկաթուղու վնասված հատվածով երթեւեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթեւեկը Երեւանից մինչեւ Բաթումի։

Հիշեցնենք, որ երթուղին խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետեւանքով:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը եւ հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաեւ Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։

 

 

 

 

ԿՍՊԱՍԱՐԿՎԵՆ ՆԱԵՎ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԻՆ

Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու եւ դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաեւ շաբաթ օրերը:

Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով:

Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ քաղաքացիները կարող են  կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264, կամ զանգահարել 1-02: Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի եւ Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվի նաեւ Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի եւ Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հերթագրվել կարելի է migration.e-gov.am կայքի միջոցով:

Հաջորդիվ էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաեւ Երեւանի մնացած անձնագրային ծառայություններում, այնուհետեւ՝ նաեւ մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։

 

 

 

 

 

ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

«Սրանք փորձում են ընդդիմադիրներին իրենց արշինով չափել, մտածում են, որ իրենց բանտարկություններից, շինծու քրեական գործերից վախեցող կա»,- հուլիսի 4-ին՝ ՀՀԿ-ականների բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա դիմեց ներկաներին հարցով. «Այստեղ բանտարկվելուց վախեցող մարդ կա՞»: Ստացավ ժխտական պատասխան:

Մամիջանյանն այնուհետեւ դիմեց իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին. «Դու  լավ չես հասկացել՝ ում հետ գործ ունես: Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ ազատության մեջ են, ո՛չ քեզնից, ո՛չ քո կատարածուներից չեն վախենում, որովհետեւ մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում: Մեզ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի՝ ի տարբերություն քեզ: Մտածի՝ եթե քեզ բանտարկելուց լինեն, գոնե մի հոգի կգա՞:

Դիմում եմ նաեւ այն պաշտոնյաներին, որոնք հույս ունեն, որ Փաշինյանի ասածները կատարելով՝ իրենց անվտանգությունն են գնում: Սխալվում եք. ինքը աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու իր աթոռը: Բոլորիդ, անխտիր բոլորիդ ծախելու է: Էն մարդիկ, որոնք մտածում են՝ իր ասածները անեմ, հանգիստ կապրեմ՝ չես ապրի: Բոլորիդ է ծախելու՝ երեսփոխանից մինչեւ շինծու քրեական գործ կարող քննիչ:

Ու մեկ էլ. ինչպես Ալիեւին Ղարաբաղը պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների, ու դա չի ստացվելու: Փորձես բանտարկել, սպանել, ինչպես սպանեցիր Արմեն Գրիգորյանին, չի ստացվելու, չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ»,-ընդգծեց Մամիջանյանը:

Նրա խոսքից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ ազատություն:

 

 




Լրահոս