«Մեր ժողովուրդների ոչ թե բարեկամներն են էդ հարցերը արծարծում, այլ թշնամիները»,- այսօր Armlur.am -ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը` անդրադառնալով այն հանգամանքին, որ Քուրդիստան երևակայական պետության սահմանները պատկերող քարտեզներում ներառված են նաև Հայաստանի մի շարք շրջաններ, մասնավորապես Արագածոտնի ու Արմավիրի մարզերի, ինչպես նաև Արցախի մի շարք շրջաններ:
Ըստ Հասանովի` Եվրոպայում ապրող քրդերի կողմից են կազմվել այդ քարտեզները, որոնք զուտ աշխարհագրական, ազգագրական նշանակություն ունեն և նպատակ են հետապնդում ցույց տալու, թե 40-50 մլն-ի հասնող քրդերը որ տարածքներում են բնակվում:
«Որոշ մարդիկ, որոնք ոչ հայերի բարեկամներն են, ոչ էլ քրդերի, էսպիսի բաներ են տարածում, որ քրդերը էս են արել, քրդերը էն են արել, քրդերը հողեր են ուզում, քարտեզներ են գծում: Ոչ մի քուրդ Հայաստանի հողերի վրա ոչ աչք ունի, ոչ էլ էդպիսի գծագրություն»,- մեկնաբանեց Կնյազ Հասանովը` ավելացնելով, որ այսօր աշխարհի, հատկապես Թուրքիայի քրդերը մեծ բարեկամություն են տածում հայ ժողովրդի նկատմամբ:
Իսկ թե որքանով են այդ քարտեզները իրատեսական սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, Armlur.am-ի թղթակցի հարցին թուրքագետ Լևոն Հովսեփյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությունները զուտ տեղեկատվական քարոզչական տիրույթում են գտնվում և Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից սպառնալիք չեն կարող հանդիսանալ: