Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը՝ երկամարտի 312 կգ արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ ԵԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը:
81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր ոսկե մեդալներին: Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել էր նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել էր 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին: Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել էր Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել էր երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը պատանեկան ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի, իսկ աղջիկների հավաքականը՝ Տարոն Թովմասյանի և Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում դարձյալ զբաղեցրել էր թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ էին նվաճել երկամարտում:
Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էին ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։ Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):