«Արտերկրի քրդերը մեծ երախտագիտություն ունեն հայերի նկատմամբ, քանի որ Հայաստանը մեր լեզվի պահպանման, մեր մշակույթի, մեր կրթության զարգացման գործում մեծ դեր է խաղացել և խաղում է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Ըստ նրա` Հայաստանում ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի մի քանի հազարի հասնող քրդական համայնքն իրեն լավ զգա, ի տարբերություն Թուրքիայի, որտեղ ապրում է 20 մլն քուրդ. այնտեղ քրդերեն լեզուն կրճատում են, քրդերեն դասագրքեր չկան, և մարդիկ զրկված են իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից:
«83-84 տարի արդեն քրդերեն լեզվով լույս տեսնող թերթ կա Հայաստանում, ունենք հրատարակվող թերթ քրդերեն լեզվով՝ «Ռյա-Թազա», և հայերեն լեզվով լույս տեսնող «Զագրոս» թերթը, դասագրքեր են հրատարակել մեզ համար, 4 դասագիրք արդեն կան, 3 դասագիրք նախատեսված է տպել այս տարի»,- մանրամասնեց քրդական համայնքի ղեկավարը:
Կնյազ Հասանովը, սակայն, մտավախություն ունի, որ այսօր կան մարդիկ, ովքեր փորձում են սևացնել այս ամենը, և հայերի ու քրդերի միջև թշնամություն սերմանել` նշելով, որ այդպիսի մարդիկ կան թե´ քրդերի մեջ, թե´ հայերի: Նա նշեց, որ հայ և քուրդ ժողովուրդները բախտակից ազգեր են ու շատ հնուց ապրել են կողք կողքի, ու այդպես կլինի նաև հետագայում: Օջալանի ուղերձը, որն ուղղված էր նաև հայ ժողովրդին, ըստ Հասանովի, հայ-քրդական միասնության ու համերաշխության ամրապնդման վառ ապացույցն է, ինչը, սակայն, լայնորեն չլուսաբանվեց հայկական լրատվամիջոցների կողմից:
Քրդական համայնքի ղեկավարը նշեց, որ արտերկրի քրդերի կողմից հայերի նկատմամբ տածած երախտագիտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քրդական ռադիոն ազգային մեծ զարթոնք առաջացրեց քրդերի մեջ: «Թուրքիայում քրդական լեզվով ռադիոն արգելված էր և մինչև էսօր էլ արգելված է նրանց Սահմանադրությամբ»,- հայտնեց Հասանովը` ավելացնելով, որ քրդական համայնքը շատ գոհ է հայ ժողովրդից ու հայ իշխանություններից: