Նախարարներն ու մարզպետը վերջին պահին հրաժարվել են միջոցառման մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Բնակչության համաշխարհային օրը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում կազմակերպվել էր միջոցառում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ։

Նշված էր, որ այդ օրը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և այլք:

ArmLur.am-ի թղթակիցը եղել է Ջիլում, սակայն վերոնշյալ միջոցառմանն այդպես էլ չներկայացան ո’չ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ո’չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ոչ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, և ո՛չ էլ ԵՄ պատվիրակության որևէ անդամ:

Փաստացի նշված կառույցներից ներկա էր միայն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, քանի որ միջոցառման նախաձեռնողը հենց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն էր:

ArmLur.am-ը կազմակերպիչներից հետաքրքրվեց, թե ինչու նշված մարդիկ չեն եկել միջոցառման, եթե նախապես նրանց անունները ներկայացված են եղել։ Ի պատասխան մեզ հայտնեցին, որ պաշտոնյաները վերջին պահին են հրաժարվել մասնակցել միջոցառմանը։ Նրանք նաև հայտնեցին, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Բրունո Մոնտարիոլը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը:

Մաշա Մելքոնյան




Լրահոս