Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի».- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Նրա խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան ևս երկու ուղեգիր նվաճելու:
Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` Նիկողոսյանը շեշտել է, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ և ռեկորդակիրներ են:
Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: