Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:
Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում:
ԱԺ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում:
Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում հասցեական արձագանքներ:
Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջեւ չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրի ժողովրդավարության զարգացման եւ խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:
Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում:
ԱՀԱԶԱՆԳ՝ ՍԱՐԻ ԹԱՂԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երեւանի Սարի թաղի բնակիչներից: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ պարբերաբար անջատում են էլեկտրաէներգիան առանց նախապես բնակիչներին զգուշացնելու:
Բնակիչների խոսքով՝ 15-20 օր է, ինչ անհասկանալի պատճառով գրեթե ամեն օր անջատում են էլեկտրաէներգիան. «Բազմիցս փորձել ենք հետաքրքրվել, փորձել ենք հասկանալ, թե ինչն է խնդիրը, ինչու են անջատում, ինչու նախապես չեն տեղեկացնում, բայց ոչ մեկ չի պատասխանում»:
Սարի թաղի բնակիչների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն ասաց, որ այդ թաղամասում մեկ վթարային անջատում է տեղի ունեցել. «Վթարային անջատումը տեղի ունեցել մոտ 10 օր առաջ, այլ անջատումներ չեն եղել»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում. ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։
Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
ՏԱՎՈՒՇԻՑ ՍԻԲԻՐ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԵՏԵՎԻՑ
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հունիսի 27-ին Կրասնոյարսկի երկրամասում մեկնարկել է «ըՌՐþրՈ 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի երկրորդ հերթափոխը՝ «Մենք հասնում ենք հաղթանակների» խորագրով, որը կշարունակվել է մինչեւ մինչեւ հուլիսի 3-ը: Ֆորումին մասնակցել են նաեւ Տավուշի մարզից 4 երիտասարդներ։ Սահմանամերձ Տավուշի մարզից 4 երիտասարդներ, հայտնի չէ, թե ինչ հաղթանակների համար հասել են հեռավոր Սիբիր՝ Կրասնոյարսկի երկրամաս։
ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաքի ոլորաններում՝ Դիիջանի ազգային պարկի տարածքում, դարավանդը ավերել, մեծ տարածք են քերել, հերթական սննդի օբյեկտը ստեղծել: Հատուկ պահպանվող տարածքում՝ ազգային պարկում, բոլորի աչքի առաջ կատարվել է մեծ անօրինականություն, սակայն պատկան պետական մարմիններն աչք են փակել այդ ապօրինության վրա։ Իջեւան քաղաքից վերեւ՝ հայտնի «Չրչռի» մոտ բազում տրակտորներ ավերել են Աղստեւ գետի հունը, գետից մեծ քանակի քար եւ ավազ են հանում։ Նրանց տրված պետական բնապահպանական արտոնագրի մեջ գրված է, թե գետից հանվողը «վերականգնվող» ռեսուրս է, սակայն դա իրականության հետ կապ չունի։ Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն, այդ բուսաբանական այգին 1989 թվականից ղեկավարող Մեխակ Սայադյանը եւ դենդրոպարկի 3 աշխատակիցները ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Տեր-Սիմոնյանից ծանուցագրեր են ստացել, որ 2023թ. օգոստոսի 20-ից հաստիքների կրճատման պատճառով Իջեւանի դենդրոպարկը լուծարվելու է։ Դենդրոպարկի 4 աշխատողների ամսական ընդհանուր աշխատավարձի չափը 500 հազար դրամից պակաս է, այսինքն՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորի ռոճիկի կեսից պակաս։ Իջեւանի դենդապարկի տնօրեն Մեխակ Սայադյանը եւ Իջեւանի դենդրոպարկի մյուս 3 աշխատողները դիմում-բողոք են ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, որով խնդրել են չեղարկել դենդրոպարկը լուծարելու վերաբերյալ Լեւոն Տեր-Սիմոնյանի ծանուցումները, այլապես իրենք կդիմեն դատարան։ Նրանք հայտնել են, որ 2023 թվականի փետրվարին դենդրոպարկի տարածքից հանգստի գործի ստեղծելու համար Իջեւանի գինու, կոնյակի գործարանին վարձակալությամբ տրված 5,7 հեկտար տարածքում առկա են մատղաշ եւ հասուն տնկիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիոն դրամ: Դենդրոպարկի տարածքում գոյություն ունեն շենքեր, պահակատուն, պահեստներ ցանկապատ, ճանապարհներ, հիմնական եւ շրջանառու միջոցներ. իրենց աշխատանքից ազատելու դեպքում առանց պահպանության մնացած տնկիները, գույքը, նյութական միջոցները կարող են վնասվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ