ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում զրուցել է մայիսին Երեւանում կայացած երիտասարդների բռնցամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Սիմոնյանի հետ:

 

16-ամյա չեմպիոնը բռնցքամարտով զբաղվում է 11 տարեկանից, մինչ այդ երկար ժամանակ լողն է եղել նրա տարերքը։ Մեզ հետ զրույցում Դավիթ Սիմոնյանը կատակեց. «Ավելի շատ լողի եմ գնացել, քան բռնցքամարտի»։ Նրա խոսքով՝ անցումը լողից բռնցքամարտի այդքան էլ հեշտ չի տրվել իրեն։

«Լողին զուգահեռ սկսեցի հաճախել բռնցքամարտի դահլիճ, որոշ ժամանակ անց հասկացա, որ բռնցքամարտն ինձ ավելի է դուր գալիս, քանի որ կային հարվածներ, էմոցիաներ ու ավելի մեծ հետաքրքրություն։ Իհարկե, երկու սպորտաձեւ համատեղելը շատ դժվար էր, դրանցից մեկն ընտրելը՝ ավելի, բայց, ի վերջո, բռնցքամարտը «հաղթեց»»։

Դավիթի խոսքով՝ սկսել է մարզվել հարեւանի հետ, սակայն զուգահեռ սատարել են նաեւ ընտանիքի անդամները, քանի որ նրանք եւս «սպորտի մարդիկ» են:

«Հայրս նախկին ըմբիշ է։ Իմ՝ սպորտում լինելու մտքին շատ լավ է վերաբերվել, մայրս էլ համակարծիք է եղել հայրիկի հետ»։

Դավիթ Սիմոնյանի հարվածներին այսօր ոչ մեկ ու ոչինչ չի դիմանում, բայց եղել է ժամանակ, երբ հարվածները համբերատար տարել է հորեղբայրը՝ Հայկը։ Դավիթը պատմեց. ««Անցում» հարվածը նոր էի սովորել, առաջինը հոպարիս վրա փորձարկեցի, տեսնեմ՝ ինչպես է ստացվում։ Աչքը կապտեց»։

Դավիթն այժմ ինքը կես կատակ, կես լուրջ չի ուզում՝ իր հարվածների ուժը որեւէ մեկը զգա, հատկապես՝ հորեղբայրը։ Վերադառնալով չեմպիոնի կոչմանը՝ Դավիթը վերհիշում է իր ապրումները. «Անասելի հպարտ էի, որ կարողացա հենց իմ երկրում չեմպիոն դառնալ։ Առանձնահատուկ առաջնություն էր հատկապես նրանով, որ ես իմ ընկերների ու հայրենակիցների ոգեւորությունը ռինգում զգում էի, ու դա ինձ ուժ էր տալիս»։

Սա Եվրոպայի չորրորդ առաջնությունն էր, որին Դավիթը մանակցում էր, սակայն առաջին անգամ էր մասնակցում՝ որպես երիտասարդ բռնցքամարտիկ։ Առաջինը 2019-ին էր, որտեղ նվաճել էր բրոնզե մեդալ՝ պատանիների շրջանում։

Տարիներ անց Դավիթ Սիմոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Եզրափակելով զրույցը՝ նա նշեց. «Ինձ միշտ առաջ են մղել իմ կրած պարտությունները։ Ստիպել են ավելի մեծ ոգով մարզվել, քանի որ ես վստահ եմ միշտ եղել, որ թափածս քրտինքը երբեք իզուր չի կորչի, ու մի գեղեցիկ օր դրա շնորհիվ կհասնեմ այն արդյունքին, որին ձգտում եմ։ Մոտիվացիան միշտ տեղում պիտի լինի. պետք չէ կոտրվել երբեք, քանի որ փոքր պարտությունները տանում են մեծ հաղթանակների»։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆՇՈՒՄ Է 104-ԱՄՅԱԿԸ

Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց, գրքասերների ամենասիրելի վայր. Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) նշում է  հիմնադրման 104-ամյակը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային գրադարանի հիմնադրման 104-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց «Որոգայթ փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին եւ Շահամիրյաններին նվիրված ցուցահանդեսով:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, շնորհավորելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին տարիների անձնվեր նվիրումով աշխատանքի համար:

«Արդեն երրորդ տարին է՝ ես հուլիսի 4-ին հնարավորություն ունեմ այս բեմից շնորհավորելու Ազգային գրադարանի աշխատակիցներին գրադարանի ծննդյան օրվա առթիվ: ՀԱԳ-ի պատմության սկիզբն ընդունված է համարել 1832 թվականը, երբ հիմնադրվեց Երեւանի արական գիմնազիան, որի հավաքածուի (18.000 միավոր) հիման վրա ձեւավորվեց Հայաստանի ազգային գրադարանը։ 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով պետական-մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության եւ արվեստի մինիստրության իրավասության տակ։ Որոշում ընդունվեց հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի ազգային գրադարանի օր»,- ասաց նա:

Թանգարանի տնօրենն ընդգծեց, որ 10 տարի առաջ Ազգային գրադարանը մեկնարկել է թվայնացման գործընթացը ազգային ժառանգությունը պահպանելու նպատակով:

«Այսօր մոտ 13 միլիոն թվայնացված էջերն ամբողջ աշխարհում ծառայում են մեր հայրենակիցներին: Գրադարանի գործունեությունն է՛լ ավելի ակտիվ դարձնելու եւ ընթերցողների համար ավելի հասանելի դարձնելու համար իրականացվող այս բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,-նշեց թանգարանի տնօրենը:

ՀԱԳ-ում 2022 թվականի  հուլիսից  մինչեւ այս տարվա  հունիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ գրքեր պատվիրած՝ «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվեց  Կարեն Բադալյանը: Ամենից շատ շրջանառված գրքի հրատարակիչ՝ «Տացքի արքա» ճանաչվեց  «Անտարես» հրատարակչությունը՝ Ֆրիդրիխ Նիցշեի երկերի 6 հատորյակի տպագրության համար:

Պարգեւատրվեցին նաեւ գրադարանի 20-45 տարվա աշխատանքային վաստակ ունեցող աշխատակիցները։ Իսկ «Սնխչյան» ճարտարապետական արվեստանոցը հյուրերին  ներկայացրեց  գրադարանի բակի վերակազմության համակարգչային եռաչափ նախագիծը։

 

 

 

ՄԻՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նախկին «Միկա» մարզադահլիճում հուլիսի 1-2-ը կայացավ մինի բասկետբոլի փառատոն: Այն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 5-7 եւ 8-10 տարեկան: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում էին 120 երեխաներ:  Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից՝ մինի բասկետբոլի համակարգող Թոնի Կարամանուկյանի գլխավորությամբ: «Միանշանակ կարող ենք փաստել, որ այս փառատոնը ծառայեց իր նպատակին, քանի որ մեծ ոգեւորվածությունը երեխաների մոտ ակնհայտ էր, իսկ դա անշուշտ կխթանի բասկետբոլի մասսայականությունը հատկապես երեխաների շրջանում։ Մոտ ապագայում ծրագրում ենք այսպիսի փառատոններ ավելի հաճախ կազմակերպել: Այդպիսով կկարողանանք ապահովել ակտիվ ու սպորտային ժամանց եւ մեծացնել երեխաների հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ»,- ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասաց Թոնի Կարամանուկյանը:

 

 

 

 

«ԲԱՎԱՐԻԱ»-Ն ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ջանքեր է գործադրում Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերն այս ամռանը ձեռք բերելու ուղղությամբ։ «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անձամբ է բանակցում Հարի Քեյնի հետ. հաղորդում է Sky Sports-ը։ Հարի Քեյնը դեմ չէ կարիերան «Բավարիայում» շարունակելուն։ Խնդիրը տրանսֆերի գինն է։ Մյունխենյան ակումբը պատրաստ է վճարել մինչեւ 100 միլիոն եվրո։ Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 38 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

 

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏԻՑ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարլեն Դավթյանը: Նա երկամարտում գրանցել է 181 կգ՝ պոկելով 80 եւ հրելով 101 կգ: Այս քաշային կարգում 187 կգ-ով հաղթող է դարձել բուլղարացի Ջան Ժարկովը: Մոլդովայում հանդես են գալու նաեւ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանը եւ Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սարդարյանն (102 կգ) ու Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների թիմի կազմում էլ կլինեն Մերի Միսակյանը (59 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):

 




Լրահոս