Չնայած նրան, որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում այլեւս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է պնդել, թե Արցախում հայկական զինված ուժեր կան տեղակայված, եւ պահանջում է դրանք ամբողջությամբ դուրս բերել Արցախից:
«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է՝ հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Լեռնային Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կեղծ տեղեկատվական ֆոն է ապահովում ռազմական հետագա գործողությունների գնալու համար:
-Ադրբեջանում բնականաբար գիտակցում են եւ իրենք լավագույնս տեղյակ են, որ Հայաստանի զինված ուժերը Արցախից դուրս են բերված, իսկ Արցախում գործող պաշտպանության բանակը ձեւավորված է բացառապես արցախցիների, ասել է թե՝ Արցախի գրանցում ունեցող անձանց հիման վրա եւ ունի ընդամենը մեկ ֆունկցիա՝ ինքնապաշտպանություն: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հասնել Արցախի ապառազմականացմանը, այն է՝ Արցախին կենսունակությունից եւ պաշտպանվելու ունակությունից զրկելը, հիմա փորձում է քաղաքական ու տեղեկատվական հիմքեր ստեղծել Արցախում հնարավոր գործողություն սկսելու համար: Չեմ կարծում, որ մասշտաբային գործողություններ են սկսվելու, բայց, ըստ Ադրբեջանի հռետորաբանության, ենթադրվում է որոշակի ռազմական օբյեկտների նկատմամբ հարվածներ: Սրանով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է իր դիրքորոշումը ձեւավորելիս Արցախի պաշտպանության բանակը ներկայացնել որպես Հայաստանի զինված ուժերի ներկայություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Վստահ է, որ այնտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր ներկայացված չեն, եւ Պաշտպանության բանակը կազմված է բացառապես արցախցիներից, բայց իր մոտեցումներն ավելի հնչեղ դարձնելու եւ իր, այսպես ասած, պատերազմական գործողությունները սկսելու հիմքերն ուժեղացնելու տեսանկյունից փորձում է Պաշտպանության բանակի դեմ իր հնարավոր հարվածները ներկայացնել որպես Հայաստանին հնչեցված պահանջի կատարման հետեւանք:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, եւ Արցախում խնդիրներն օր օրի ավելանում են։ Դադարեցվել է նաեւ վառելիքի ներկրումը, իսկ պարենային ապրանքներն ու դեղորայքը սպառման եզրին են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ասաց, որ Արցախում նույն իրավիճակն է: «Պաշարված, շրջափակված մի կերպ դիմադրում ենք: Պարենային ապրանքների պակասություն կա, ժողովրդական լեզվով ասած՝ մի կերպ «յոլա ենք գնում»: Փորձում ենք ներքին պոտենցյալը օգտագործել, գյուղերից սննդամթերք բերել, որոշ բաներ էլ այս պահին Արցախ է գալիս Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների միջոցով:
Ինչպես նաեւ Կարմիր խաչի միջոցով որոշ հիվանդներ են տեղափոխվել Հայաստան»-ասաց Բաբայանը:
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման իր ելույթի ժամանակ նշել է, որ չի ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության ոլորտում Ադրբեջանի դեմ ուղղված միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունները։ «Չնայած նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, դեռեւս կան հայկական զինված ուժեր»,- ասել է Ալիեւը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղությամբ, ապա Ղարաբաղում գտնվող նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս գան տարածաշրջանից։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: «Ուրիշ ի՞նչ ենք մենք սպասում Ալիեւից. իհարկե, նա այդպես պետք է ասի: Բայց պարզ է, որ իր ասածը չի համապատասխանում իրականությանը: Եթե մեզ փորձում են «խցկել» Ադրբեջանի կազմի մեջ, պարզ է, որ Ալիեւն էլ պետք է օգտվի այդ իրավիճակից. կարող է չօգտվի՞: Այս իրավիճակի լուծումը միայն այն է, որ Հայաստանը Արցախը չճանաչի Ադրբեջանի մաս: Եթե Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մենք կկորցնենք նաեւ Երեւանը»-ասաց Բաբայանը:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Արցախի հարցով բանակցային գործընթացին: Նախկին արտգործնախարարը նաեւ նոր առաջարկով էր հանդես եկել. Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր 3 ամիս լռել, իսկ իրեն Արցախի հարցով բանակցություններ վարելու լիազորություն տալ. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ ձեզ, շատ կարճ ժամանակում՝ երկու-երեք ամսվա ընթացքում, կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս. Փաշինյանը երեք ամիս պետք է լռի: Այնքան վնաս, ինչքան վնաս տրվել է հայ ժողովրդին ու Հայաստանին Փաշինյանի խոսելու արդյունքում, այլ բան չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, այսօր Փաշինյանի շարունակել խոսելը առավել բարդացնում է իրավիճակը»,- հայտարարել էր Օսկանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասայանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստ է Փաշինյանը լռել, ոչինչ չխոսել ու Վարդան Օսկանյանին Արցախի հարցը լուծելու լիազորություն տալ:
«Անկեղծ ասած, վարչապետի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթը, այնուհետեւ հարցուպատասխանը ցանկացած տեսակի հարցերի հստակ արձագանքն է: Ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաեւ դրանից հետո հնչած տարբեր մեկնաբանությունների առումով որեւէ արձագանք այս պահին չենք ուզում ունենալ, քանի որ կարծում ենք, որ վարչապետի այն տեսակետները եւ հայտարարությունները, որոնք հնչեցվել են ԱԺ քննիչ հանձնաժողովում, սպառիչ են, եւ այլ մեկնաբանության կարիք չենք տեսնում»,-արձագանքեց Բաղդասարյանը:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԼԱՆՆԵՐԸ
44-օրյա պատերազմից 3 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից: Հիմա իշխանական հանձնաժողովի նախագահը պլանավորում է՝ ինչ անել առաջիկայում:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, հանձնաժողովը այս օրերին քննարկում է, թե վարչապետից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով: Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները: Այնուհետեւ ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել: Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին։