ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Շվեդիան Իրանի դեմ հայց են ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի կործանման պատճառով, որը խփվել է 2020թ.՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալիս։ Այս մասին նշվել է այդ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ կայքում։

 

«Մենք՝ Կանադան, Շվեդիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը [Մեծ Բրիտանիա եւ Հյուսիսային Իռլանդիա] ներկայացնող նախարարներս, կարեւոր քայլ ենք կատարել  մեր համատեղ ջանքերում, որպեսզի ապահովենք Իրանին պատասխանատվության ենթարկելն այն բանի համար, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության PS752 չվերթն անօրինական կերպով խփվել է»,- նշվել է հայտարարությունում։

Փաստաթղթում հիշատակվում է, որ Իրանը չի պատասխանել չորս երկրների՝ 2022թ. դեկտեմբերի 28-ի արբիտրաժ ստեղծելու պահանջներին՝ վեճը լուծելու համար։ «Որպես հետեւանք՝ այս շաբաթ Հաագայում մենք համատեղ հայց ենք ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան՝ դրանով իսկ սկսելով վարույթ Իրանի դեմ՝ կապված 1971թ. քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի կոնվենցիան խախտելու հետ»,- նշված է հայտարարությունում։

Դրանում ասվում է, որ «Իրանը, այլ խախտումների թվում, բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել, որպեսզի կանխի PS752 չվերթի օդանավի ոչնչացումը իր զինված ուժերի կողմից», ինչպես նաեւ «չի կարողացել միջազգային չափորոշիչներին համապատասխան լիակատար, թափանցիկ եւ անաչառ նախաքննություն եւ դատավարություն իրականացնել»։

Հայցը ներկայացրած պետությունները պահանջում են, որպեսզի ՄԱԿ Միջազգային դատարանը պարտավորեցնի Իրանին հրապարակայնորեն ընդունել, որ իր գործողությունները հակասել են միջազգային իրավունքին, ներողություն խնդրի զոհվածների ընտանիքներից, միջոցներ ձեռնարկի նման միջադեպերի կանխման համար, իրականացնի դատական հետապնդում խփված ինքնաթիռի գործով կասկածվողների նկատմամբ՝ ներառյալ նրանց արտահանձնումը, եւ վճարի այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են ուկրաինական ինքնաթիռի միջադեպի ժամանակ, փոխհատուցի զոհվածների եւ նրանց ընտանիքների կրած վնասը։

Հայցը ներկայացնելուց հետո դատարանը կողմերին գրավոր փաստաթղթերի փոխանակման, իսկ հետո՝ բանավոր լսումների համար ժամկետ կնշանակի։ Պատասխանողը կարող է նախնական առարկություններ ներկայացնել։ ՄԱԿ Միջազգային դատարանի գործերի դիտարկումը սովորաբար մի քանի տարի է տեւում. նշվել է հայտարարությունում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» PS752 չվերթը (Boeing 737-800 ինքնաթիռ) 2020թ. հունվարի 8-ին խփվել էր Թեհրանի օդանավակայանից Կիեւ ուղեւորվելիս։ 176 զոհվածների մեջ կային Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի եւ Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ սխալմամբ խփել են ռազմական օբյեկտի կողքով թռչող Boeing-ը՝ այն «թշնամական թիրախ» համարելով։

 

 

 

ԶԻՆԱԹԱՓԵԼՈՒ, «ՄԻՋԱՆՑՔԸ» ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջում է զինաթափել Արցախի պաշտպանության բանակը եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Նա իր պահանջները եւ տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ ներկայացրել է Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

«Հակամարտության ավարտից շատ չանցած՝ Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնական սկզբունք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած Հայաստանը ստիպված էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռեւս գտնվում են հայկական զինված ուժերի մնացորդները»,- ասել է Ալիեւը (տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները)։

«Հայ զինվորականները եւ ռազմականամերձ կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Նա նաեւ հայտարարել է, որ «Հայաստանը նաեւ խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Դա նրա պարտականությունն է, որը բխում է մոտ երեք տարի առաջ նրա ստորագրած կապիտուլյացիայի ակտից»։

 

 

 

ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ

Երեկ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսվում է նաեւ ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ՝ բուժում ստանալու։

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Երեւանի քաղաքապետարանի կողմից նոր կարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար բնակիչները գրավոր դիմումը կարող են ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ առցանց: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից։ Ըստ աղբյուրի՝ դիմումն առցանց ներկայացնելու համար համար անհրաժեշտ է մուտք գործել քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայք, սեղմել «Արագ դիմում» պատուհանը եւ պարտադիր հայատառ լրացնել բոլոր դաշտերը՝ կցելով նաեւ փաստաթղթերը: «Ուղարկելով դիմումը՝ էլեկտրոնային փոստին կստանաք 16 նիշանի հսկիչ համար, որով «Մեկ պատուհան» հարթակում կկարողանաք հետեւել դիմումի ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ՝ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետեւողական իրականացման հիմնարար նշանակությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի զարգացման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ

«Վրաստանին հետաքրքիր չեն Ուկրաինայի ապագա գործողությունները Վրաստանի դեսպանին Թբիլիսի ուղարկելուց հետո հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու շուրջ իրավիճակի պատճառով»,-ասել է կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն (տեղեկացրել է վրացական «Առաջին ալիքը»)։ Նրա խոսքով՝ երկրի դեսպանը Կիեւում էր եւ շարունակում էր աշխատանքը՝ չնայած Ուկրաինայում հակամարտությանը։

«Այն քայլի համատեքստում, որն արդեն արվել է, հաջորդ քայլերն արդեն հետաքրքիր չեն։ Սա է տխուր իրականությունը։ Ոչ մի խորհրդակցություն Սաակաշվիլու հարցով սկսել չի կարելի»,- նշել է Կոբախիձեն։

Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է հայրենիք 2021թ. աշնան կեսին՝ չնայած իր նկատմամբ մի շարք քրեական գործերի առկայությանը։ Արդյունքում Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է եւ բանտարկվել։ Ինքը՝ Սաակաշվիլին, իր կալանավորումն անվանել է քաղաքականացված եւ հացադուլ է հայտարարել։ Հետագայում նախկին նախագահի առողջական վիճակը լրջորեն վատացել է, 2022թ. մայիսին նա բանտից տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա՝ զննման համար։ Քաղաքական գործչի վիճակի հետ կապված՝ եվրոպական տարբեր երկրներ եւ Ուկրաինան, որի քաղաքացիություն ունի նա, սկսել են պահանջել, որ նրան բուժման տեղափոխեն արտասահման։ 2023թ. հուլիսի սկզբին հայտնվեցին կադրեր դատական նիստից, որոնցում Սաակաշվիլին շատ նիհար է:Դրան ի պատասխան՝ Կիեւը կանչել է Վրաստանի դեսպանին եւ պահանջել վերադառնալ Թբիլիսի՝ նորից վրացական կողմին կոչ անելով բուժման համար իրենց հանձնել նախկին նախագահին։

 

 




Լրահոս