ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին  «Հանրապետություն» կուսակցության  թեկնածությանը,  հնարավոր մրցակիցներին եւ քարոզարշավը սկսելուն:

 

-Տիկի՛ն Խաչատրյան, արդեն հայտնի է, որ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին,  եւ ձեր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ինչպե՞ս ընտրությունը կանգնեց իր անձի վրա:

-Արտակ Զեյնալյանին դժվար չենք ընտրել: Նա նաեւ եղել է «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն: Քննարկման տարբերակներ ունեինք. ես բազմիցս ասել եմ, որ բարձր պաշտոն, այս պարագայում՝ մայրաքաղաքի քաղաքապետ ունենալու համար, որը կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կեսից ավելին է, քաղաքապետը պետք է լինի կենսագրություն ունեցող մարդ, եւ Արտակ Զեյնալյանի փորձը մեզ համար  արդեն բավական էր, որ Երեւանը նրա կարիքն ունի իսկապես:

-Ի՞նչ այլ տարբերակներ եք ունեցել քաղաքապետի թեկնածուի:

-Ներկուսակցական եւ դրսից ունեինք թեկնածուներ:

-Ըստ Ձեզ՝ երեւանցին սիրու՞մ է Արտակ Զեյնալյանին եւ կընտրի՞ նրան:

-Վստահ եմ, որ կընտրի Արտակ Զեյնալյանին: Նրա արած աշխատանքը, նրա փորձը ակնհայտ է, եւ ՀՀ քաղաքացին չի կարող նրան չսիրել եւ չընտրել: Նրան ոչ միայն պետք է սիրել, այլեւ գնահատել նրա ոչ միայն անցած, այլեւ այն ճանապարհը, որը հիմա է անցնում:

-Քանի որ արդեն հայտնի է, թե մոտավորապես որ թեկնածուներն են լինելու ընտրություններին, կուզենայի իմանալ, ըստ Ձեզ, ովքե՞ր են ձեր հիմնական մրցակիցները:

-Ես կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժի համար բոլոր թեկնածուներն էլ մրցակից են: Բացարձակապես ոչ մեկին չունենք առանձնացված: Գրեթե բոլոր հայտնի  թեկնածուների ընտրողն էլ կարող է գալ եւ մեզ ընտրել, որովհետեւ ես ուզում եմ ու վստահ եմ, որ այսօրվա ԱԺ-ն մեծ դաս է Հայաստանի Հանրապետության» այս դեպքում՝ Երեւանի քաղաքացիներին, որ սեւ ու սպիտակների քաղաքականությունից դուրս պետք է գնալ՝ գաղափարն ընտրելու, եւ ես շատ եմ ուզում, որ Երեւանի քաղաքացին ընտրի այն թեկնածուին, որն ունի ծրագիր եւ կարող է կյանքի կոչել այդ ծրագիրը:

-Ըստ փակ հարցումների՝ այս պահին ամենամեծ վարկանիշն ունեցող թեկնածուն Հայկ Մարությանն է, եթե վերջնականապես հաստատի իր մասնակցությունը: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է նա գրավել երեւանցուն:

-Ես չեմ հավատում այդ հարցումներին, ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն բան: Ես շատ կցանկանամ, որ Մարությանը թեկնածություն դնի, բայց նաեւ ափսոսանք նորից կզգամ, որ Մարության դերասանը կրկին փչանում է քաղաքական ասպարեզում, որովհետեւ ինքը փայլուն դերասան է, բայց ամեն անգամ՝ ավելի փչացող քաղաքական կերպար: Ընտրությունների արդյունքները, եւս մեկ անգամ եմ ասում, ամեն ինչ ցույց կտան, եթե, իհարկե, առաջադրվի: Հայկ Մարությանին ավելի ողջամիտ նախկին քաղաքապետ եմ համարում, որը ճիշտ կգնահատի իրավիճակն ու չի գնա նման քայլի:

Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

«2020-ին Հայաստանը պարտվեց պատերազմում, չնայած կարող էր հաղթել: Այնպիսի թեթեւամիտ, ինչպիսին Ալիեւն էր, որ հարձակվեց Հայաստանի վրա, դժվար է պատկերացնել, բայց երեւի մի բան գիտեր, որ Հայաստանը չի կարող պատասխանել»,- մամուլի ասուլիսին նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

«Հայաստանն անում էր երեք քայլ,  ու Ադրբեջանը փախչում էր հավերժականորեն պատմության գիրկը: Լուծում էր Սարսանգի հարցը, Մարտակերտի ճակատը վերացնում էր, երկրորդը՝ «Տոչկո ՈՒ»-երով հարվածում էր նավթամուղ-գազամուղներին, երրորդը՝ միջուկային թափոնները կարող էր շաղ տալ հարավային ռազմաճակատում եւ վերջացնել:

Մենք այսօր ուկրաինական պատերազմում տեսնում ենք, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրին ռազմական նպատակներով, տեսնում ենք, որ արեւմտյան երկրներից մեկը Ուկրաինային սովորեցնում է օգտագործելու կեղտոտ միջուկային զենք: Ճիշտ են անում, պատերազմում հաղթելու կամ չպարտվելու համար ամեն ինչ պետք է անել: Այս երեք բանը սեպտեմբերի 28-ի երեկոյան ասվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ես դեռ չեմ խոսում, որ «Իսկանդեր» ունեինք, որ կարող էինք օգտագործել, չեմ խոսում հարավում ավանտյուրիստական հակահարձակման մասին»,-ասաց Բագրատյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նա հիշեցրեց, որ այդ ժամանակ իրար հետեւից հարցազրույցներ էր տալիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ասում, որ մենք բարբարոս չենք, որ նման քայլեր անենք: «Նրանք հարձակվել, մեզ մորթում են, բարբարոս չեն, մենք ենք բարբարոսը: Ո՞րն էր իր օգուտը, ինչո՞ւ էր նման բաներ ասում»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Բագրատյանն ասաց, որ դա եղել է Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի միջնորդությամբ: «Ու հանկարծ այնտեղ հայտնվում է 9-րդ կետը, որը չի վերաբերում Արցախին: Մի կետ էլ կար, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են: Այդ ժամանակ մեր զորքերը Կապանից 20 կմ առաջ են: Փաշինյանն ասում է զորքերին՝  հե՛տ եկեք: Իրեն ասում են՝ բա էստեղ գրված է, որ որտեղ կանգնած ենք, էնտեղ պետք է մնանք: Ասում է՝ չէ՛, դա իմ որոշումն է: Ընդ որում՝ հետ են գալիս ավելին, քան պետք է, զիջում են նաեւ Հայաստանի տարածքից, օրինակ՝ Գորիս-Ճակատեն հատվածը:

Հայտարարության 9-րդ կետում գրված է՝ «անխոչընդոտ ճանապարհ»: Փոխանակ Նիկոլ Փաշինյանը կառչեր նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ ասելով, որ այդ ճանապարհը ինչ էլ տրվի, ռուսներն են հսկելու, գնամ, ռուսների հետ հասնեմ  ճանապարհների այնպիսի կարգավիճակի, որ Հայաստանի ինքնիշխանությունը չխախտվի կամ նվազագույն չափով խախտվի, սկսեց հակառուսական պրոպագանդան»,- ընդգծեց Բագրատյանը:

 

 

 

 

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը Ժնեւում ընթացող Միացյալ ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի եւ քաղաքականության միջկառավարական խմբի 21-րդ նիստի ընթացքում անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է նիստի փոխնախագահ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

 

 

 

 

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՓԱԿ Է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը  դարձյալ ընտրակեղծիքներն են: Պարզվում է, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է: Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը նախ ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանից, սակայն թաղապետը խնդրեց իրեն միայն թաղապետարանին վերաբերող հարցերով անհանգստացնել, կուսակցական հարցերով դիմել կուսակցության ղեկավարությանը: Նա միաժամանակ չհերքեց մեր տեղեկությունները: Զրուցեցինք նաեւ ՔՊ-ի՝ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ, պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, որն ասաց. «Ես նման բան չգիտեմ, որ լուծարվել է, ես տարածքային կառույցի խորհրդի նախագահն եմ եղել, իմ պաշտոնավարելու ժամկետը լրացել է, հավանաբար դրա համար էլ տեղյակ չեմ: Տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրություններ պետք է լինեն, բայց հետաձգվել են»: Կուսակցության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «No comment»,- ասաց նա: Մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց հետեւյալը. «Գրասենյակի խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել են, եթե չեմ սխալվում, տեխնիկական պատճառներով. մանրամասներին տեղյակ չեմ: Նախորդ խորհուրդը, որն ընտրվել էր, ժամկետով էր, հավանաբար ժամկետը լրացել է, այլ ապոկալիպտիկ սցենարներ չեն եղել»: Հիշեցնենք, որ սա ՔՊ-ում ընտրությունների կեղծման երկրորդ դեպքն է: Նախորդ տարի՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՔՊ վարչության անդամների ընտրությունները նույնպես կեղծվել էին, ինչի հետեւանքով մի շարք ՔՊ-ականներ դուրս էին մնացել վարչության կազմից: Այսպիսով, ստացվում է՝ ՔՊ-ն սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մնացել է առանց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի:

 




Լրահոս