ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ ՈՒ «ՀԱՅԱՔՎԵ»-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, «Հայաքվե»  նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների եւ համայնքապետարանների տարածքում: Ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը: ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:

 

Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ (2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը) ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին:

Հայրենի իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել գործընթացին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն ասաց. «Հանրապետության որոշ շրջաններում հրաժարվել են տարածք տրամադրել նախաձեռնությունը իրականացնելու համար: «Հայաքվեին» խոչընդոտելը սկսվել է հենց ԿԸՀ-ի հաստատումից հետո Երեւանի վարչական շրջաններում, բայց այս խոչընդոտները հաղթահարելուց հետո մենք դեռ ունենք նաեւ համայնքներ՝ Դիլիջանը եւ Ամասյան, որոնք մինչեւ հիմա հաստատում չեն տվել, այլ, հակառակը, մերժել են տրամադրել օրենքով նախատեսված տարածք ստորագրահավաքը իրականացնելու համար:

Մենք դիմել ենք դատախազություն. դատախազության պատասխանի համար նախատեսված էր 10-օրյա ժամկետ, որն այսօր (երեկ-խմբ.) սպառվում է, եւ եթե մինչեւ օրվա վերջ մենք պատասխան չստանանք, կնախատեսենք համապատասխան քայլեր: Եղել են նաեւ խոչընդոտներ, որոնք փաստերով են, բայց վիճարկելի են ապացույցների առումով: Օրինակ՝ դեպք ենք ունեցել, որ Երեւանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից միայն նրա համար, որ մոտեցել է «Հայաքվեի» սեղանին՝ զուտ հետաքրքրվելու համար:

Այդ քաղաքացին հրաժարվել է խոսել այդ մասին, որովհետեւ իր թոռը եւս աշխատում է թաղապետարանում, եւ  մարդիկ վախենում են, որ իրեն էլ կազատեն աշխատանքից:

Ասեկոսեների մակարդակով նաեւ տեղեկութուններ են տարածվում, որ հրահանգ է իջեցված Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին, ղեկավարներից էլ՝ աշխատողներին, որ եթե մասնակից լինեն «Հայաքվե»-ին, ապա խնդիրներ կունենան աշխատանքի հետ կապված: Այս մասով դեռ ապացույցներ չունենք, բայց հետամուտ ենք լինելու գտնել մեկին, ով կվկայի դրա մասին»:

Կոստանյանը նաեւ հավելեց, որ «Հայաքվե»-ին միացողների թիվը օրեցօր ավելանում է, եւ իրենք վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու են նախատեսվածից ավելի շուտ:

Ստորագրած քաղաքացիների թվի մասին հստակ տեղեկություն կտրամադրեն շաբաթ օրը՝ թվերի ամփոփումից հետո:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընաց կա։

Վարչապետը նախ նշեց, որ որքան էլ այսօրվա իրադրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի։

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության իրացումը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։  Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ` Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։

 

 

 

 

ՄՈՍԿՎԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ 

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժը՝ քաղաքացիական նպատակներով», – նշել է Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ ՌԴ խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում պայմանավորված կլինեն տեղում իրավիճակի զարգացմամբ եւ եռակողմ պայմանավորվածություններով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դիվանագետը պնդում է, որ  Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է

 

«Ինչո՞ւ Արցախի հարցում չեն օգտագործվում մեր զինանոցում ունեցած գործիքները: Իշխանությունները որոշել են գնալ, հանձնել Արցախն Ադրբեջանի՞ն: Իրո՞ք: Է՞ս է մեր իշխանությունների կարողությունը, է՞ս է մեր իշխանությունների ֆանտազիան»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Այս իշխանությունները մեզ հարիֆի տե՞ղ են դրել, թե՞ իրենք են հարիֆներ: Հավատացե՛ք, որ եթե կամովին հանձնեցինք Արցախն Արբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը:

ԽՍՀՄ փլուզումից հետո 50 ինքնորոշման հարց կար միջազգային օրակարգում: Այդ 50-ի գործընթացներից որեւէ ժողովուրդ կամովին չի հրաժարվել այդ իրավունքից: Մենք լինելու ենք առաջինը, որ ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից եւ հանձնելու է Արցախն Ադրբեջանին:

Ավելին ասեմ՝ այսօր աշխարհում գոյություն ունեն 120-ից ավելի ինքնավար մարզեր 50-ից ավելի երկրներում: Այսօր տարբեր կարգավիճակներ կան, որ կարելի է ունենալ, բայց այդ խնդիրը պետք է դնել, պետք է օրակարգ բերել:

Արցախն Ադրբեջանին հանձնելը խաղաղություն չի կարող բերել: Եթե Փաշինյանը գնաց, ստորագրեց այդ փաստաթուղթը, նա ապագա կոնֆլիկտների սերմեր է ցանելու: Այդ բեռը դնելու է հաջորդ սերունդների վրա:

Մենք չենք կարող Արցախը կորցնել, բայց պետք է լինենք չափավոր, տրամաբանված, պետք է լինենք ճկուն: Այո, պետք է փոխզիջումներ անել, պետք չէ գնալ մաքսիմալիստական պահանջներ դնելու ճանապարհով: Երբ հարցը ձեւակերպվում է չափի մեջ, տրամաբանված, դու, նախ, խուսափում ես պատերազմից, երկրորդ՝ համակրանք ես ստեղծում միջազգային միջնորդների մոտ, եւ դա նպաստում է, որ սեղանի շուրջ կարողանաս հասնել տրամաբանված լուծումների»,- ընդգծեց Օսկանյանը:

 

 




Լրահոս