Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորեւ. «Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։
Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին, արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես եւ սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, եւ որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։
Թշնամին, սակայն, առավել մեծ ուժեր եւ միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ո՛չ մարդկային եւ ո՛չ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաեւ քաղաքական ղեկավարությունը։
Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով, տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։
Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։
Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զենքը ձեռքիս մարտնչել եմ հայրենիքիս համար, ինչպես նաեւ Շուշիի ազատագրումից հետո առաջինը Շուշի մտած անձանցից եմ հանդիսանում։
Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաեւ, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե, իբրեւ, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ եւ հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը եւ հետ նահանջեն, ապա, նախ, ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։
Բացի այդ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետեւյալ տրամաբանական հարցերն են ծագում.
-եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, եւ եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռեւս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել,
– եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել Պաշտպանության բանակի հրամանատար,
– Արեգասարի բարունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության եւ գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։
Որպեսզի հանկարծ ավելորդ մեկնաբանություններ չլինեն, թե, իբրեւ, այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը եւ գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարեւորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն, եւ այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։
Նույնկերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թնամուն։
Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է՝ ըստ ենթակայության։
Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար։
Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա ակնհայտ է, որ դրանք հաստատող ապացույցներ առկա չեն եւ չեն կարող լինել։
Հենց դրա համար էլ դատարանին միջնորդել ենք հրապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ ինչու են ինձ նման շինծու մեղադրանքներ առաջադրվել։
Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել եւս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետեւում։
Հավանաբար որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները։
Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել հայրենիքիս համար, ինչպես նաեւ ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում եւս առավելագույնն եմ կատարել հայրենիքս պաշտպանելու համար»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԺԻՇԿՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանում: Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մոտ են հավաքվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ, որոնք արդարացիորեն պահանջում էին հստակ պատասխան, թե ինչու են նշված բժշկական կենտրոնի բժիշկները փորձել թաքցնել իրենց նորածնի մահը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի մայրը աղջիկ է ունեցել նշված ծննդատանը, եւ սկզբից ասել են, որ երեխան առողջ է, սակայն որոշ ժամանակ անց հարազատները տեղեկացել են, որ երեխան, ցավոք, մահացել է: Բժշկական կենտրոնից մահացածի հարազատներին հրաժարվել են պատասխան տալ, դրա փոխարեն ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Այս պահին նշված կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 1-ին գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեւորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենք միայն ուզում ենք հստակ պատասխան, թե ոնց եղավ, որ ասացին՝ երեխան առողջ է, սակայն հետո մենք իմանում ենք, որ մահացել է: Մենք պահանջում ենք՝ արդար նախաքննություն իրականացնեն: Մենք գիտենք, որ երեխային այլեւս հետ չենք բերի, սակայն թող մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, քանի որ վստահ ենք՝ երեխան մահացել է բժիշկների ոչ ճիշտ մոտեցման արդյունքում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 18-ին՝ կեսգիշերն անց, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են սպանության եւ ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երեւանցու։
Հայտնաբերված երիտասարդին իրավապահները երկու տարի է՝ փնտրում էին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի եւ քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` քանաքեռցի Տույի սպանության գործով: Իրավապահները չէին գաղտնազերծել նրա ով լինելը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայտնաբերված տղամարդը Տիգրան Հարությունյանն է, որին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ազգականներ՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի, վերջինիս որդիներ Վլադիմիր Սիմոնյանի, Հովհաննես Սիմոնյանի ու Հակոբ Սիմոնյանի, նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Ղազարյանին՝ Տույին, Արայիկ Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գեւորգ Արթուրի Ջաբուրյանին եւ Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ատրճանակներով կրակել եւ ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին, Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին եւ Գեւորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ եւ վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի եւ Գ. Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:
Ի դեպ, 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2.45-ից հնչած կրակոցների հետեւանքով սպանվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտուշ Սիմոնյանը, որի որդիներն այս պահին կալանավորված են, եւ գործը դատարանում է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ