Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ խառը մարտարվեստի հերթական մրցաշարը՝ MMA SERIES 70 All Stars Moscow-ն, որտեղ հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը տոնեց հերթական հաղթանակը:
Նախքան մենամարտը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռաֆայելը կիսվել էր, թե ինչ ակնկալիքներով է պատրաստվում մեկնել երկրից. «Շատ հետաքրքիր մարտ է մեզ սպասվում միանշանակ, որովհետեւ հենց ես եմ ուզել, որ այն կայանա: Մրցակիցս սովորական մեկը չէ՝ թուրք, ադրբեջանցի կամ ուկրաինացի չէ, ռուս է, բայց եւս թեժ է լինելու: Դմիտրիյ Յակովլեւը իմ աչքի առաջ նախ հաղթել է Ֆրանսիայից ժամանած իմ ընկերոջը՝ Հովիկ Զախարյանին, որից հետո ես դուրս եկա ռինգ եւ իրեն նետեցի ձեռնոց՝ ասելով, որ ես ուզում եմ քեզ հետ մենամարտել՝ լուծելով ընկերոջս վրեժը: Իմ այս հայտարարությունից հետո Յակովլեւի ընկերը՝ Կոնստանտին Չերեդնիչենկոն, ինձ ձեռնոց նետեց: Ես մենամարտում եմ Չերեդնիչենկոյի հետ՝ նոկաուտով հաղթելով նրան՝ խոստանալով, որ հաջորդը լինելու է իր ընկերը՝ Յակովլեվը, որը հաղթել էր իմ ընկերոջը՝ Հովիկին: Այս ամենից հետո Հայաստանում տեղի է ունենում մրցաշար, որտեղ ես պետք է մրցեի Ղազախստանը ներկայացնող թուրք մարզիկի՝ Էլդար Կախորմանովի հետ, իսկ Յակովլեվը՝ իմ մյուս ընկերոջ՝ Գեղամ Վարդանյանի: Ցավոք, այս մարտում եւս Յակովլեվը հաղթած է դուրս գալիս: Այսինքն՝ ինքը հաղթել էր իմ երկու հայ ընկերներին, իսկ ես՝ իր մեկ ընկերոջը»,- նշել էր նա:
Մարզիկի խոսքով՝ Լիգան այս պատմությունից հետո որոշում է, որ Ռաֆայելի եւ Յակովլեվի մարտը եւս հետաքրքիր ու դիտարժան կլինի, եւ առաջարկում է մրցել: Բուքմեյքերական ընկերությունները նույնիսկ հավանական հաղթանակը հավասար էին համարում: Ռաֆայելն ինքն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ արժանի մրցակից է իրեն բաժին ընկել, ու բավական լարված մարտ է սպասվում առաջիկայում: Արդեն հուլիսի 1-ին տեղի ունեցած մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանը վստահ հաղթանակ է տանում ռուս մարզիկի նկատմամբ՝ լուծելով երկար սպասված մարզական վրեժը ընկերների պարտության համար, 2-րդ ռաունդում ավարտելով մարտը: Մրցաշարի հաղթական ավարտից հետո Ռաֆայելը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահելով բացառիկ մանրամասները, մարտից ու իր զգացողություններից պատմում է. «Ես պարզապես իրավունք չունեի պարտվելու, քանի որ նա իմ ընկերներին էր հաղթել, եւ այս մենամարտը իր համար շատ մեծ շանս էր եւս մեկ անգամ իր ուժը ցուցադրելու համար: Ես հստակ գիտեի՝ ինչի համար եմ իր հետ օկտագոն մտնում: Երբ հայտնվեցինք մի հարթակում, եւ ճաղավանդակը փակվեց, իմ պատասխանատվությունն ավելի մեծացավ, քանի որ ես գիտեի, թե ինչքան մարդ է սպասում այս ռեւանշին»,- հավելեց նա։
Մարզիկի խոսքով՝ թե՛ ինքը եւ թե՛ մրցակիցն ունեին լարվածություն, որը, սակայն, իր մոտ վերածվեց ուժի: Պետք չէր մրցակցին թուլություն ցույց տալ, այլ, հակառակը, սառը գլխով ճիշտ մարտավարություն էր պետք ընտրել: Հոգեբանական ու ֆիզիկական այն պատրաստվածությունը, որը մարզիկն ունեցել ու ցույց է տվել օկտագոնում, եղել է հենց այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացրել: Ռաֆայելի խոսքով՝ իրեն թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես պատրաստել է մարզիչը՝ Գոռը: Նա այն եզակի մարդկանցից է եղել, որն աջակցել է մարզիկին ու պատրաստել միայն հաղթանակի. «Այն, ինչ պատրաստել էինք մարզիչիս հետ Յակովլեվի համար այս ամիսների ընթացքում, ես կարողացա ցույց տալ իրեն: Հատուկ մտածված տեխնիկայի շնորհիվ կարողացա հաղթանակի հասնել: Այժմ երջանիկ եմ, որ կարողացա հաղթել ու իմ հաղթանակով Հայաստան բերել նոր մրցաշար»:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա խառը մարտերի մրցաշար, որն անցկացնելու է միջազգային Լիգան: Թե ովքեր կլինեն մասնակիցներն այս մրցաշարին, դեռեւս քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ սա այս սպորտաձեւում երկրորդ միջազգային մրցաշարն է, որն անցկացվելու է Հայաստանում Ռաֆայել Աբրահամյանի հաղթական ելույթից հետո:
ՀԱՄԲՈՒՅՐԻ ԱՌԱՋԱՐԿ՝
ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանն օրերս դերասանուհի Հերմինե Ստեփանյանի HerMine dialog հաղորդման հյուրն էր, որտեղ պատասխանել է մի քանի հարցի եւ առաջին անգամ խոսել է այն մասին, թե դերասաններից ով է ցանկացել համբուրվել իր հետ։
Հարցին, թե կա արդյոք պատմություն, որի մասին ոչ ոք չգիտի, Արուս Տիգրանյանն ասաց, որ կա մի պատմություն, որը նաեւ քննարկել է իր հոգեբանի հետ։
«Ես պատրաստում էի ռեպորտաժ «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արտավազդ» մրցանակաբաշխությունից։ Այնտեղ հանդիպում եմ Սամվել Թադեւոսյանին, որը «Կյանք ու կռիվ» ֆիլմի դերասաններից է, եւ անպայման ուզում եմ մի քանի հարց տալ իրեն։ Նա ինձ ասում է, որ ես մեկն եմ, որն ուզում է ինտելեկտուալ թվալ, բայց չի ձգում»,-ասում է Արուս Տիգրանյանը։
Վերջում Արուս Տիգրանյանը հավելում է, որ դերասանն իրեն առաջարկել է համբուրվել, եւ բացասական պատասխան լսելով՝ ասել է, որ լրագրողն ունի հետամնաց 80-ականների մոտեցում։
ՏՈՆՈՒՄ ԷՐ ԻՐ 30-ԱՄՅԱԿԸ
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրեր առաջ տոնում էր իր 30 ամյակը:
Նա ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ ծննդյան օրվանից, որտեղ հարազատների եւ ընկերների հետ տոնում էր իր տարեդարձը, եւ երեւում է, թե ովքեր էին ներկա շոու բիզնեսի ներկայացուցիչներից։
Ներկա էր Artik & Asti խմբի երգչուհի Սեվիլը եւ երգիչ Արկադի Դումիկյանը։
Դիմահարդարը տեսանյութ էր տեղադրել Արկադի Դումիկյանի հետ եւ գրառել. «Հետո եկավ թագավորը եւ պայթեցրեց պարահրապարակը»։
Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանն ունի նոր սիրեցյալ, որի մասին ուզում է խոսել երեւի ամուսնությունից հետո։
ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԲՐԵՆԴԸ ՓԱԿՎԵՑ
Փակվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր՝ Նոնա Սարգսյանի NoSa հայկական բրենդը ներկայացնող սրահը։ Այն ներկայացնում էր նորածիններից մինչ 12 տարեկան աղջիկների hand made տոնական զգեստներ` եզակի օրինակներով:
Նշենք, որ NoSa խանութ-սրահի փակման մասին Նոնա Սարգսյանը հայտնել է ինստագրամյան իր էջում եւ հուզիչ գրառում կատարել. «Im poqrik axjik mnas barov. ՆոՍա բրենդը այեւս չի գործում Հայաստանում: Շնորհակալ ենք մեր սիրելի հաճախորդներին անցած հետաքրքիր ճանապարհի համար»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՆԱՊՈԼԻԻ» ԽԱՂԱՑՈՂԸ՝ «ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ»
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն բուժզննում է անցել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» համար. հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում։ «Բավարիան» Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո եւ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։
Իտալիայի ավարտված առաջնությունում Կիմ Մին Ջեն մասնակցել է 35 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ՏԱՐԿԵՏՈՒՄ՝ ՄԱՐԶԻԿԻՆ
Կառավարությունն իր հուլիսի 6-ի նիստում որոշեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Ավետիսի Գասպարյանին տարկետում տալ պարտադիր զինծառայության 2023-ի ամառային զորակոչից:
Նշենք, որ 26-ամյա գյումրեցի Սամվել Գասպարյանը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է:
Իսկ արդեն այս տարվա ապրիլին Սամվել Գասպարյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նույն քաշային կարգում հանդես եկող մեր մյուս ծանրորդը՝ Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 379 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։
ՎԱՃԱՌՔ՝ ՍՊԵՐՑՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻՑ ԱՌԱՋ
Ամստերդամի «Այաքսը» շարունակում է աշխատանքը ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի ուղղությամբ։ Հոլանդական ակումբն այդ տրանսֆերն իրականացնելու համար պետք է վաճառի մի քանի խաղացողների. հաղորդում է VoetbalNieuws-ը։
Նիդերլանդների ավարտված առաջնությունում «Այաքսը» գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու հետեւանքով «Այաքսը» 45 միլիոն եվրո քիչ կստանա։
«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերից ակնկալում է 12 միլիոն եվրո։
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում. լավագույնն է այս ցուցանիշով։
Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։