Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձեւակերպել է նշված հաստիքին:
Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու քաղաքացի Լ.Ս.-ի օժանդակությամբ, օգտագործելով ՊՈԱԿ-ի տնօրենի կնիքը, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից ստորագրել է հրաման եւ աշխատանքային պայմանագիր, որով Լ.Ս.-ին ընդունել է աշխատանքի՝ որպես դայակ, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին տնօրենի անունից ստորագրել է հրաման՝ Լ.Ս.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
Նշված ժամանակահատված Լ.Ս.-ն աշխատանքի չի հաճախել, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ն, տեղյակ լինելով այդ մասին, 2015 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառել է Լ.Ս.-ի կողմից յուրաքանչյուր ամիս աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ստորագրել, հաստատել է դրանք եւ հանձնել ՊՈԱԿ-ի տնօրենին: ՊՈԱԿ-ի տնօրենը, տեղեկացված չլինելով Լ.Ս.-ի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու մասին, իր ստորագրությամբ եւ ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է դրանք եւ հանձնել հաշվապահություն, որի հիման վրա գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ն, տեղյակ լինելով Լ.Ս.-ի կողմից աշխատանքի չհաճախելու մասին, Լ.Ս.-ի անվամբ դուրս է գրել 2 մլն 797 հազար 529 դրամ՝ որպես աշխատավարձ, արձակուրդային եւ աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ: Գումարը փոխանցվել է Լ.Ս.-ի անվամբ բացված, սակայն ի սկզբանե Ա.Ա.-ի կողմից փաստացի տնօրինվող բանկային քարտերին. վերջինս նույն ժամանակահատվածում մաս-մաս կանխիկացրել եւ այդկերպ յուրացման եղանակով հափշտակել է Լ.Ս.-ի անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից փոխանցված 2 մլն 797 հազար 529 դրամը:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ընկերություններից ձեռք են բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներ եւ սննդամթերք, որոնք ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել:
Նույն ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք են բերվել նաեւ 2 մլն 325 հազար 500 դրամի տարբեր տնտեսական եւ կենցաղային ապրանքներ: Տնօրենի տեղակալ Ա.Ա.-ն, ի պաշտոնե պատասխանատու լինելով գույքի պահպանման համար, ձեռք բերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չի մուտքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել է «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին մատակարարված, իրեն վստահված խոշոր չափերով՝ 3 մլն 770 հազար 807 դրամի ապրանքները:
Բացի այդ, Ա.Ա.-ն «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել է բենզինի դուրսգրման պահանջագրեր եւ ուղեթերթիկներ, դրանցում ներառել է կեղծ տվյալներ՝ իբրեւ նշված ավտոմեքենայով 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի մարտի 18-ը ՊՈԱԿ-ի աշակերտներին մարզեր են տեղափոխել: Արդյունքում ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս է գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին, այդկերպ հափշտակել նշված գումարը:
2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին ներկայացվել է մեղադրանք:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
2023 թվականի հունիսի 27-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։
Ժամը 17։00-ի սահմաններում Երեւանի շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկակության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության 21-րդ խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան 15/6 հասցեում գտնվող «Գոլդն Սեքնդ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 205 սենյակում հայտնաբերել են Երեւանի բնակիչ 47-ամյա Գեւորգ Հ.-ի դին։
Ահազանգով ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երեւանում: Այդ օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին եւ ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի պարեկները, որոնք Շախմատի տան մոտ նկատում են մի խումբ անձանց, լսում բղավոցի ձայներ. վերոնշյալ անձինք ոտքերով եւ ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել հայհոյանքներ՝ դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ոստիկանների եւ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնն են Երեւանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն եւ 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն:
Նշված անձինք այնուհետեւ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, նրանց ընկերական շրջապատում դիմում են Շտիռլից, Չերչիլ, Ռեմբո, Վանդամ եւ Ձենով Օհան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։