ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: Գեղարքունիքի մարզի  նախկին մարզպետը  2022 թվականի հայտարարատու տարվա սկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ մեկ բնակելի տուն եւ երեք հողամաս, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Նշված անշարժ գույքերը հայտարարատու տարում նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին: Տարեվերջին Սանոսյանը ոչ մի գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նախարարի կողմից: Նշված բնակարանը հայտարարագրված է նաեւ կնոջ եւ դստեր հայտարարագրում: Նույնկերպ Սանոսյանը հայտարարագրել է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այլ պարզապես շահագործվում է իր կողմից:

 

Հանձնված եւ վերադարձված փոխառությունները տարեվերջին  կազմել են 42 մլն 153 հազար դրամ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ից:

Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  2 մլն 916 հազար դրամ, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 7 մլն 200 հազար դրամ եւ 150 հազար ռուբլի, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 342 հազար դրամ, որից 20 մլն 627 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Եկամուտներից  2 մլն 703 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, որը ձեռք բերված բնակարանի հիպոտեկի մարման համար է, սակայն հիպոտեկով ձեռք բերված՝ բազմաբնակարան շենքում բնակարանի մասին խոսվում է միայն «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում, այն էլ կազմում է  42 մլն 153 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սանոսյանը բնակարան ունի նաեւ «Երազ» բնակելի թաղամասում, որը հայտարարագրում չկա:

Սանոսյանը հանգստի համար ծախսել է 2 մլն 400  հազար դրամ, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 2 մլն 250 հազար դրամ, վարկի մարման համար վճարվել է 6 մլն դրամ:

Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ մասնագետ է: Նա հայտարարագրել է 6 անշարժ գույք, որից մեկը բնակարան է, իսկ 5-ը հողամաս է, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում: Տոնոյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 142 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն եւ 260 հազար ռուբլի, նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են  4 մլն 913 հազար դրամ, որից 750 հազարը կրկին եկամտահարկի վերադարձ է:

Նրանց դուստրը՝ Ջեսիկա Սանոսյանը, հայտարարագրել է  3 մլն 102 հազար դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմում են  9 հազար 737 դրամ: Աղջկա հաշվետու տարվա եկամուտները կազմել են  102 հազար դրամ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2022 թվականի հայտարարտու տարում հայտարարգրել է 17 անշարժ գույք, որից 2-ը բնակելի տուն է, իսկ 15-ը՝ հողամաս կամ հասարակական նշանակություն ունեցող շինություն:

 

Գուրգեն Արսենյանը հայտարարգրել է 4 մարդատար մեքենա՝ BENTLEY, MERCEDES-BENZ, NISSAN եւ RANGE ROVER մակնիշների:

Պատգամավորի բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումներն ընդհանուր առմամբ կազմում են  769 մլն 456 հազար դրամ եւ 3 հազար 250 ռուբլի: Տվյալ տարվա վերջում առկա պարտքային եւ այլ արժեթղթերի արժեքը Նյու Յորք Nasdaq-ից կազմել է 2 մլն 083 հազար դոլար: Հանձնված եւ վերադարձված փոխառություններն ընդհանուր առմամբ կազմել են 69 մլն 300 հազար դրամ եւ 2 մլն 870 հազար դոլար:

Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրամ համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 16 գույք է հայտարարագրել պատգամավորը, որոնց ընդհանուր արժեքը  917 մլն 255 հազար 700 դրամ եւ 426 հազար 500 դոլար:

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 40 եվրո, 800 դոլար եւ 32 հազար 571 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 628 հազար դոլար, 5 մլն 500 հազար դրամ եւ 16 հազար 500 եվրո:

Նման արժողությամբ թանկարժեք գույք ունեցող պատգամավորի տարեկան եկամուտը կազմում է 19 մլն 778 հազար 260 դրամ, որից  8 մլն 248 հազար 260 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից:

Արսենյանը հայտարարագրել է 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 5 մլն 500 հազար դրամ միանվագ ծախսեր:

Արսենյանը մասնակցություն ունի 8 առեւտրային կազմակերպություններում՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ՝ 51% «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ում՝ 13%, իսկ «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ում, «Յունիքորն սերվիս» ՍՊԸ-ում, «Յունիքորն», «Յունիքորն Ֆլորա»-ում, «Յունիքորն Քոնսթրաքշըն»-ում եւ «Յունիքորն Գրուպ»-ում՝ 100% բաժնեմաս:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՓԱԿԵԼ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հուլիսի 3-ին Նոյեմբերյան  համայնքի Հաղթանակ գյուղի բնակիչները, բողոքի ակցիա իրականացնելով, մոտ 15 րոպե փակել են իրենց գյուղով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը։ Նրանք դժգոհել  են այն բանից, որ իրենց համագյուղացի Վահրամ Շարոյանը հունիսի 21-ին ազատվել է Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնից։ Վ. Շարոյանը 2012 թվականին ընտրվել է Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար։ 2016 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի է ունեցել համայնքների խոշորացում, ձեւավորվել է 3 խոշոր համայնք՝ Նոյեմբերյան, Կողբ  եւ Այրում, Հաղթանակ գյուղը ներառվել է Այրում համայնքի կազմում։ 2021 թվականին այդ  3 խոշոր համայնքները կազմել են Նոյեմբերյան ավելի խոշոր համայնքը։

Համայնքների խոշորացումից հետո՝ 2016-2023 թվականներին, Վահրամ Շարոյանը պաշտոնավարել է որպես  Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար։ Նրան աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ ՏԻՄ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝  1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները պարտադիր պետք է ունենան բարձրագույն կրթություն, իսկ 40 -ամյա  Վահրամ Շարոյանը ներկայումս  հեռակա  սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հումանիտար մասնագիտությունների  ֆակուլտետի  3-րդ կուրսում։ Ճանապարհ փակած հաղթանակցիների հետ հանդիպման է գնացել Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, որը հաղթանակցիներին հայտնել է, որ իրենք դժգոհություն չունեն, գոհ են Վահրամ Շարոյանի աշխատանքից, սակայն օրենքն օրենք է։

Հաղթանակցիների կողմից ճաապարհ փակելու ակցիայի մասին տեղյակ է  նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Հաղթանակցիների  սերն ու հարգանքը վայելող Վ. Շարոյանը տեղյակ չի եղել համագյուղացիների ակցիայից, նա այդ օրը գործերով եղել է Վանաձորում։ Նա հետո «Ֆեյսբուք»-ում շնորհակալություն է հայտնել համագյուղացիներին։ Վահրամ Շարոյանի ընտանիքը  շատ հարգված է Հաղթանակ գյուղում, այդ ընտանիքը  հերոսական պատմություն ունի։ Վահրամի հայրը՝  1953 թվականին ծնված   Գարեգին Շարոյանը, եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատարը, նա  զոհվել է 1992թ. սեպտեմբերի 22-ին  Մարտակերտի շրջանի  Վաղուհաս գյուղի  դիրքերում, հետմահու արժանացել է կապիտանի կոչման եւ պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Վահրամի եղբայրը՝ 1978 թվականին ծնված, ավագ լեյտենանտ Վահագն Շարոյանը, զոհվել է 2002թ. նոյեմբերի 11-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղի մարտական հենակետերից մեկում մարտական խնդիր կատարելիս:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՄԻՋԱԴԵՊԻՑ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին զավակների հետ Հյուսիսային պողոտայում զբոսնելիս փողոցում գործունեություն ծավալող երաժիշտներին առաջարկել է առավոտից երեկո չմիացնել բարձրախոսները, քանի որ Հյուսիսային պողոտան բնակելի թաղամաս է, այդ ձայները խանգարում են բնակիչներին, հատկապես մանկահասակ երեխաների քունն է խաթարվում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Արթուրը հստակ բացատրել է այդ երաժիշտներին, որ իրենց միացրած բարձր երգ-երաժշտության պատճառով ոչ միայն երեխաների քունն է խաթարվել, այլեւ բնակիչները չեն կարողանում հանգիստ նստել իրենց տներում կամ դուրս գալ պատշգամբ: Այսքանը: Որեւէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել»,- եզրափակեց մարզիկի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին տեսանյութ էր տարածվել համացանցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի մասնակցությամբ։ Հյուսիսային պողոտայում արված կադրերում բռնցքամարտիկը վիճաբանում էր քաղաքացու հետ, հայհոյում։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2023 թվականի առաջին եռամսյակում ավելացել են։ Այս  մասին ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2023 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, պլանի էական թերակատարում եղել է, հատկապես՝ կապիտալ ծախսերի մասով, որոնք, 2022 թվականի համեմատ, ավելի ցածր են ոչ միայն տոկոսային, այլեւ բացարձակ արտահայտմամբ։

«Դրա արդյունքում այդ ֆիսկալ ազդակը բացասական էր։ Եկամուտների հավաքագրումը շարունակվում է՝ արձանագրելով բարձր տեմպեր՝ պայմանավորված տնտեսական աճով եւ գների աճով։ Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա տեմպերը զիջել են 2022-ի ցուցանիշները։ Դրա վրա բացասաբար է ազդել միջոցների թերծախսումը»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։

 




Լրահոս