Հոկտեմբերի 27-ի հետ կապված ունեմ իմ կենդանի վկաները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում քաղաքական փախստական  Արծրունի Ավետիսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ  հոկտեմբերի 27-ի օրը պետք է սպանվեր ՀՀ նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանը, քանի որ ռուսները փորձել  են վրեժ լուծել նրանից  Ռուսաստանում տարիներ առաջ տեղի ունեցած ահաբեկչության համար:

Վահան Շիրխանյանը, սակայն, այդպես էլ ամբողջական ու հիմնավոր չի արձագանքել  ու հակադարձել Ավետիսյանին: Այսօր Armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց` ինչու ՀՀ նախկին փոխնախարարը  մանրամասնորեն չի անդրադառնում   Ա. Ավետիսյանի փաստերին:

Մեր զրուցակցի խոսքով` եթե ինքը արժանի համարեր, կարձագանքեր  Ավետիսյանի հայտարարություններին:

«Բայց Ավետիսյանը բավական հետաքրքիր փաստեր է ներկայացնում հոկտեմբերի 27-ի հետ կապված»,- հակադարձեց  մեր թղթակիցը:

«Չկան  փաստեր, առավել ևս հետաքրքիր, այդ ամենը  նրա երևակայության արդյունքն է»,- պատասխանեց  պրն Շիրխանյանը:

Մեր զրուցակցի խոսքով`  Ա. Ավետիսյանը ոչ մի կապ չունի հոկտեմբերի 27-ի հետ: «Չեմ ուզում այդ մասին խոսել, էնքան 100-րդական է   Արծրունու ասածների մասին խոսել հոկտեմբերի 27-ի առումով: Ինչու պետք է ամեն մեկի ասածին պատասխան տրվի»,- ասաց  նա` հավելելով, որ չգիտի`  ինչու է  Ավետիսյանը նման հայտարարություններ անում:

Շիրխանյանը հերքեց նաև այն խոսակցությունները, թե անձնական խնդիրներ ունի Ավետիսյանի հետ, ավելին` նա չի էլ ճանաչում Ավետիսյանին:

Մեր թղթակցին հաջողվեց կապ հաստատել նաև  Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանի հետ: Վերջինս ասաց, որ հոկտեմբերի 27-ի կապված  իր բոլոր հայտարարությունները բացարձակ ճշմարտություն են:

Ինչ վերաբերում է իր և Շիրխանյանի ծանոթությանը, Արծրունի Ավետիսյանի խոսքով`  նա իրեն ավելի լավ է ճանաչում, քան իր հարազատ եղբորը:  Ավետիսյանը նաև հայտարարեց, որ կարող է իրենց ծանոթությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: «Իսկ հոկտեմբերի 27-ի հետ կապված ունեմ իմ կենդանի վկաները»,- եզրափակեց  Ավետիսյանը:




Լրահոս