ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհիմն ու ստահոդ հայտարարություններ. առանց անձնագրի Վրաստան գնալ հնարավոր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ իշխանության ամենաբարձր օղակների կողմից տարածվում է տեղեկություն, թե Հայսստանի քաղաքացիները այլևս կարող են մուտք գործել Վրաստանի սահման առանց կապույտ անձնագրի և մուտքի վիզայի՝ միայն ID քարտով:

Հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել էր․  «Իսկապես շատ կարևոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։ Բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում մեր վրաց գործընկերների հետ կաշխատենք։ Հաճույքով ուզում եմ նշել, որ այսօր մենք սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Եվ Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ նիստի շրջանակներում մենք հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել»:

Փաշինյանի հայտարարութունից ամիսներ անց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ, առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:

«Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, կամ նույնականացման քարտ՝ միայն երկու կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում:

Այսինքն, Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիները կարող են գնալ ID քարտով: ԱԳՆ-ի այս հայտարարությունից հետո, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ փորձել են առանց անձնագրի՝ միայն ID քարտով սահմանը հատել և գնալ Վրաստան, սակայն վերջիններիս թույլ չեն տվել մուտք գործել վրացական սահման՝ առանց կապույտ անձնագրի և ելքի վիզայի. տեղում մերժում են ստացել սահմանապահներից։

Հայ-վրացական սահմանը նույնականացման քարտով հատելու հնարավորության մասին վարչապետի հայտարարությունից կես տարի անց Արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել, ու հուլիսի 1-ից Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտով։ Բայց արի ու տես, համաձայնագիրը փաստացի չի գործում: Եվ այն հայտարարությունները, թե Հայաստանի և Վրաստանի միջև վիզայի ռեժիմ չկա, բացարձակ անհիմն են և ստահոդ, ինչպես՝ շատ այլ հայտարարություններ, իսկ իրականությունն ավելի քան հիասթափեցնող է: Այսինքն, ինչպես միշտ, հայրենի իշխանությունները հանդես են եկել ուռճացված հայտարարությամբ, իսկ իրականությունը բացարձակ այլ է:

ArmLur.am-ը տևական ժամանակ է փորձում է հասկանալ, թե ի վերջո այս հայտարարությունները միայն «բոցաշունչ» բնույթ ունեն, թե գուցե մի օր իրականություն կարող է դառնալ, սակայն ոչ մի գերատեսչական մարմին այս հարցերին չի կարողանում պատասխանել: Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից փորձեցինք պարզել, թե օրենքը ինչու դե ֆակտո չի գործում: Սակայն Բադալյանը որևէ կարպ չարձագանեց ոչ մեր զանգերին, ոչ էլ նամակներին: Ստացվում է՝ քաղաքացին կրկին իր հարցերով ու խնդիրներով միայնակ է մնում սահմանը հատելիս, իսկ հայրենի իշխանությունը մատը մատին չի ցանկանում տալ:

Մանրամասները՝ArmLur.am -ի տեսանոյւթում։

Մաշա Մելքոնյան 




Լրահոս