ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀՐԱՀԱՆԳ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԿԱՐԵԼՈՒ ԵՎ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական իշխող մեծամասնությունը շարունակում է իր խայտառակ ու ոչ ադեկվատ գործելաոճը: Երեկ նրանք պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրինագիծը, որը պետք է քննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նիստերի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՔՊ-ականները անակնկալի են եկել՝ իմանալով, որ հարցն այնքան է լրջացել, որ ԱԺ նիստերի օրակարգ է մտել. մինչ այդ շատ պատգամավորներ անլուրջ են համարել նախաձեռնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնարարություն են ստացել Բաղրամյան 26-ից՝ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետեւեն ԱԺ բոլոր ՔՊ-ական պատգամավորների քայլերին, ու հանկարծ չլինի մեկը, որն առանց հարգելի պատճառի բացակայի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությունից: Ավելին՝ մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգվել է ՔՊ պատգամավորներին, ինչպես բոլոր կարեւոր քվեարկություններից առաջ, ԱԺ ընտրական գործընթացը սկսել  հեռախոսի տեսանկարահանումը միացված: Այսինքն՝ պատգամավորը միացնում է հեռախոսը, եւ վիդեո կադրում պետք է երեւա, թե ինչպես է մտնում քվեախցիկ, քվեարկում հրահանգված սցենարով, ապա ծալում այն, բերում, նետում քվեախցիկը եւ դուրս գալիս: Ողջ գործընթացի ժամանակ չպետք է հեռախոսը անջատված լինի, որպեսզի կասկածների դեպքում ֆրակցիայի ղեկավարությունը ստուգի ՔՊ-ականների քվեարկությունը:

Այսպիսով, կասկած չկա, որ ժողովրդավարության կեղծ  քողի տակ ԱԺ-ն զրկվում է հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից եւ վերածվում է ՔՊ-ականների հավաքատեղիի:

 

 

 

 

 

Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել կամ առնվազն դրանցից մեկը: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում,  ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր էր: Այս տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ եւ 7 մլն 168 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում նախարարը կարողացել է վաստակել 28 մլն դրամ, որից 20 մլն դրամը նրա նախարարի աշխատավարձն է եղել, 3 մլն դրամ վարձատրություն է ստացել Ամերիկյան համալսարանից, ինչպես նաեւ «Արդշին» եւ «Ակբա»  բանկերից փոխառություններ ունի ստացած՝ 2 մլն 972 հազար եւ 1 մլն 400 հազար դրամի չափով։ Նրա վարկերի մնացորդը տարվա վերջում 8 մլն դրամի չափով է եղել։ Ծախսերի մասին որեւէ տեղեկություն նախարարը չի ներկայացրել։

 

 

 

 

 

Կառավարությանը ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում: Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո, ի վերջո, այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից հինգ ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը: Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին «հսկելու» գործառույթը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տեսչական մարմիններում ղեկավար գտնելու «առաքելությունը» վստահել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ վերջինս էլ չի կարողանում մարդ գտնել այդ պաշտոններում առաջադրելու համար: Բանն այն է, որ շատերը ոչ մի ցանկություն չունեն աշխատելու Հարությունյանի, առավել եւս՝ այս իշխանության հետ: Ու նման կարեւոր մարմիններում «բարդակ» վիճակ է. ո՛չ տեր կա, ո՛չ էլ վերահսկող: Կարեւորը ամեն ամիս պարտաճանաչ աշխատավարձ ու պրեմիաներ են ստանում: Ու սա վերաբերում է բոլոր նման կառույցներին, որտեղ ամիսներով ղեկավար չեն նշանակում, իսկ նշանակելու դեպքում նշանակվածները «ձգում են» առավելագույնը մեկ տարի: Տեսնենք, թե, ի վերջո, երբ Հարությունյանին կհաջողվի մեկ անձ գտնել այդ պաշտոնում նշանակելու համար:

 

 

 

 

2022 թվականի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ, նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առեւտրի կենտրոնի սեփականատերերից որեւէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։ Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։  Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։




Լրահոս