ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽԱԲՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Անդրանիկ Սակավագ-Մանուկյանի հետ, որը պատմել է իր տան մասին եւ նշել մեղավորներին։

 

-12 հարկանի տուն են կառուցում Ձեր տան դիմաց, որի հետեւանքով փլվում է Ձեր կացարանը: Կոնկրետ ու՞մ եք մեղադրում այս ամենի համար:

-2018 թվականից սկսած՝ մենք այս պատմության մեջ ենք: Ինձ թվաց՝ օրենք կա, եւ գործողություն պետք է անեն, եւ, իհարկե, եթե ուզենան, կանեն: Ինձ թվաց՝ պետք է կանխվի, իհարկե, եթե ուզենան, կկանխվի: Սակայն ես եկա մի այնպիսի եզրահանգման, որ, իհարկե, ամեն ինչ կա՝ պետություն, երկիր ու պետականություն, բայց կան նաեւ անդաստիարակ, սանձարձակ, հանցագործ անձնավորություններ, որոնք գալիս ու գնում են, ու ցավում եմ, որ մեր խեղճուկրակ ժողովուրդը  ձանձրացել ու հոգնել է այդ կարգավիճակից ու չգիտի՝ դրանց ելքը ինչպես գտնի, որ ունենա մի գեղեցիկ առաջնորդ կամ առաջնորդներ ու մասնագետներ, որոնք կսիրեն այս ազգը, Աստծո տված այս հողն ու ջուրը եւ նվիրյալների նման զոհաբերություններ կանեն, որ երկիրը շենանա ու ծաղկի, որպեսզի ցանկացած մասնագետ կարողանա ապրել ու աշխատել հանգիստ: Ես ինչու՞ եմ այսպես ասում. շատ տեղեր դիմեցի ու ներկա եղա, ուզեցա տեսնել՝ մարդ կա, թե ոչ: Ամենամեծ հանցագործը քաղաքապետն ու քաղաքպետարանն է: 40 տարի շարունակ ես հողի գույքահարկ եմ վճարել, ես ինքս, ապրելով որպես բարոյական կերպար, պարտք ու պահանջ եմ ունեցել իմ երկրի առջեւ  եւ պատասխանատվություն եմ ունեցել, որ ամեն տարի, ամեն ամիս ես կարողանամ մարել իմ պետական այն հոգսերը, որը այս երկրի հարցերն ու խնդիրներն է լուծում: Ամեն տարի ես վճարել եմ այդ բոլորը: Ստացվում է՝ այսօր այնպես է, որ  իմ այդ նույն պետությունը 40 տարի ինձնից հողի, գույքի գումար է տարել իմ քրտինքից, բայց պարզվում է՝ ես սխալ եմ արել: Ստացվում է՝ ես այդ հողի ու տան տերը չեմ այսօր, ստացվում է, որ ես իրավունք չունեմ այդ ամենի նկատմամբ:

Ես հիմա չգիտեմ՝ խնդիրն իմ մեջ է, թե պետության: Առաջին հանցագործը պետությունն է: Այսօր ես մեղադրում եմ նախ մեր վարչապետին:

-Ինչպե՞ս եք պատկերացնում խնդիր լուծումը:

-Եթե կա կարգ ու կանոն, 1 ժամվա մեջ կլուծվի ու կսահմանափակվի այս հարցը: Եթե չկա, ես այսպես պետք է շարունակ ինչ-որ տեղեր դիմեմ, փողեր ծախսեմ իմ արդարության, իմ ազնվության, իմ սեփական տան խնդիրները լուծելու համար, բայց անիմաստ: Հասկանու՞մ եք, սա օրենք է, որը օրենք են սարքել հենց իշխանությունները, որպեսզի ցանկացած մարդ հիասթափվի եւ ոչ մի տեղ չդիմի: Մարդը պետք է դիմի, չէ՞, այժմ, որ օրենքով ապացուցվի արդարությունը, բայց այդ ընթացքում ծախսում է մեծ գումարներ: Այսօր անտարբերությունն այնքան շատ է, մարդիկ տխուր են, հազիվ մի փոր հաց են ուտում, դրանով ուրախանում: Մարդիկ ի՞նչ անեն: Մի հատ էլ որ կարողանան քեֆ անել ու գոռալ տաշի, դա էնքան լավ է, որովհետեւ պատերազմից հետո մենք շատ ենք կոտրվել: Սա իշխանավորի խնդիրն է: Ես ցավում եմ սրա համար, ողբ եմ ապրում: Իրենք էլ ներկայացնում են միջազգային հարթակներում այն, ինչ իրենց է հարմար:

Զրուցեց ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

«Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Վառելիքի պակաս կա»,- երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Արցախում առանձնակի փոփոխություններ չկան, նույնն է՝ պաշարված ծանր վիճակում: Գազամատակարարումը, իբրեւ թե, վերականգնվեց, բայց կրկին դադարեցվել է: Այս ամենը կտտանքների ենթարկելու, ահաբեկելու մի ձեւ է, սա իրենց ոճն է:

Այս ամենը իհարկե ազդում է մեզ վրա կենցաղային հարցերում եւ այլն, բայց սա չէ կարեւորը, սա չէ Արցախին հուզող հարցը. Արցախին հուզում է իր ապագան, հայ ժողովրդի ապագան ու ներկան»:

Հարցին, թե ինչ իրավիճակ է խանութներում, Բաբայանն ասաց, որ սննդամթերքի պակասությունը բավականին մեծ է:

«Խանութներում սննդամթերքի պակասությունը ամեն վայրկյան ավելի է մեծանում, դեղորայքի պակասությունն է  շատ զգացվում, վառելիքի, մի խոսքով, վիճակը բավականին ծանր է:

Տրանսպորտն է շատ վատ աշխատում. որքան հնարավոր է եղել, գազ լցրել են, բայց հասկանալի է, որ երկար չի տեւի: Մարդիկ էլ, ինչքան կարողացել, լցրել են, բայց դա մի երկու օր  կկարողանան խնայողաբար օգտագործել, չնայած որ հիմնականում պահում են գազը ֆորսմաժորային դեպքերի համար. մեկը լավ չլինի, տանեն հիվանդանոց, եւ այլն. մասայական չեն քշում»:

Բաբայանը նաեւ նշեց, որ Արցախում դրամաշրջանառությունն էլ է վատացել. մարդիկ կանխիկով չեն կարողանում օգտվել: Բանկոմատներն էլ կա՛մ դատարկ են լինում, կա՛մ էլ ահռելի հերթեր են գոյանում դրանց մոտ:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների առաջին թեկնածուին։

Առաջին գրանցված թեկնածուն դարձել է Սերգեյ Սոբյանինը։ Համապատասխան որոշումն ընդունվել է երկուշաբթի հանձնաժողովի նիստում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Պոտենցիալ թեկնածուների փաստաթղթերի ընդունումը գրանցման համար ավարտվել է հուլիսի 7-ին, պատգամավորների ստորագրություններն իրենց աջակցության համար ներկայացրել են հինգ հոգի՝ Դմիտրի Գուսեւը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Զյուգանովը, Սերգեյ Սոբյանինը, Բորիս Չեռնիշովը։

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵ՞Լ ԵՆ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Երեւանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է ազատվել աշխատանքից միայն նրա համար, որ վերջինս մոտեցել է «Հայաքվե»-ի սեղանին զուտ հետաքրքրվելու համար: Այդ քաղաքացին հրաժարվել է խոսել այդ մասին, որովհետեւ իր թոռը եւս աշխատում է թաղապետարանում, եւ վախենում են, որ իրեն էլ կազատեն աշխատանքից: Վարչական շրջանում տեղի ունեցածը փորձ է արվում ամեն կերպ թաքցնել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ, որը հերքեց տեղեկությունը. «Բացառում եմ նման դեպք: Չեմ ասում՝ չի եղել նման բան, այլ բացառում եմ անգամ հետագայի համար: Աշխատակիցը աշխատանքից հեռացվում է իր կատարած վատ աշխատանքի համար»:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ հրահանգ է իջեցված Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին, ղեկավարներից էլ՝ աշխատողներին, որ եթե մասնակից լինեն «Հայաքվե»-ին, ապա խնդիրներ կունենան՝ աշխատանքի հետ կապված:

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ՝ ԱՄՆ-Ի ՀԵՏ

Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առեւտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 




Լրահոս