2023 թվականի հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 36 հաղորդում, որոնցից 21-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 18-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է. այդ մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից:
«Քրեական հետախուզության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման եւ իրացման շուրջ 12 դեպք։ Դրան նպաստել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառումը:
Բացահայտվել են հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների եւ դրանց հետեւանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Յոթ օրվա ընթացքում բացահայտվել են նաեւ գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված խուլիգանություն բնութագրմամբ մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել եւ կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հուլիսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը առանց հսկողության, եւ ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ոստիկանության եւ փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում՝ ավտոմեքենայի մեջ, մահացած վիճակում:
Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
Հուլիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացելով Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաացիական 3 անձի ուղղությամբ: Իսկ հուլիսի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ՝ դիտավորությամբ փորձել են հրկիզել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի դաշտերը:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 8 արձանագրություն: Տեղի է ունեցել ՃՏ 2 պատահար, որից մեկը մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 2 վարորդ:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՆՌՆԱԿ ԵՎ ԻՆՔՆԱՁԻԳ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,
չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու, այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ հրազենի եւ ռազմամթերքի շրջնառություն իրականացնելու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, դեռեւս քննությամբ չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 150-րդ շենքի 21-րդ բնակարանի միջանցքի պահարանում, Երեւան քաղաքի Ռադիշչեւի փողոցի 19-րդ հասցեում գործող «Վան» ռեստորանային համալիրի հանգստյան սենյակում պահել է ակոսափող հրազեն հանդիսացող՝ նախկին ԽՍՀՄ 1976 թվականի գործարանային արտադրության «AKM» տեսակի, «303576» համարի, 7,62մմ /7,62×39/ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, 62մմ /7,62×26/ տրամաչափի թվով 9 հատ փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, 5,6մմ /5,6×15,6/ տրամաչափի օղակավոր բոցավառման-զորտային-որսորդական թվով 38 հատ փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող թվով 31 հատ փամփուշտներ, որից թվով 27 հատը հանդիսանում են գործարանային արտադրության, 9մմ 19/ տրամաչափի փամփուշտներ, թվով 2 հատը հանդիսանում են գործարանային արտադրության, 7,62մմ /7,62×25/ տրամաչափի փամփուշտներ, թվով 2 հատը հանդիսանում են գործարանային արտադրության, 6,35մմ /6,35×15/ տրամաչափի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող թվով 151 հատ գործարանային արտադրության, 7,62մմ/7,62×39/ տրամաչափի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող թվով 2 հատ փամփուշտներ, որոնցից թվով 1 հատ՝ 7,62մմ 2×25/ տրամաչափի, եւ թվով 1 հատ՝ 32 S&W LONG /7,62×23/ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, «Y3PFM» տեսակի, «Ֆ1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ եւ մարտական պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «Հթ42» եւ «PչՊ-5» տեսակի շի բեկորային մարտական նռնակների համար, որոնք հայտնաբերվել եւ վերցվել են 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 150-րդ շենքի 21-րդ բնակարանի եւ Երեւան քաղաքի Ռադիշչեւի փողոցի 19-րդ հասցեում գործող «Վան» ռեստորանային համալիրի խուզարկությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարժական հավաքներից խուսափողները դատարանում են. նրանց մասով վճիռներ են կայացվում:
Եվ այսպես, Ռադիկ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված կրտսեր ենթասպայական կազմի պահեստազորային, պարտավոր լինելով մասնակցել ՀՀ կառավարության՝ 23.06.2022 թվականի թիվ 941-Ն որոշմամբ հայտարարված՝ 2022 թվականի օգոստոսի 01-ից մինչեւ հոկտեմբերի 30-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքին, 24.06.2022 թվականին ստացել է ծանուցագիրը եւ բուժզննման ուղեգիրը, որից հետո ճանաչվելով պիտանի վարժական հավաքների համար՝ վարժական հավաքների մեկնելու օրը՝ 2022 թվականի օգոստոսի 01-ին, չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում եւ չի մեկնել վարժական հավաքների՝ այդկերպ խուսափելով եռամսյա վարժական հավաքին մասնակցելուց:
Ռադիկ Սարուխանյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, եւ նրա նկատմամբ պատիժ են նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 476.000 (չորս հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամի չափով:
Մեղադրյալ Ռադիկ Աշոտի Սարուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողել են անփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԻՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուստամ Շավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 11.06.2023թ.-ի ժամը 18:00 ի սահմաններում Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի «Սուրբ Աննա» եկեղեցու մոտակայքում ֆիզիկական ներգործություն է կատարել Լիլիթ Մ.-ի նկատմամբ, քաշելով հանել ակնոցները, տաք սուրճը լցրել վերջինիս մազերին եւ երկու անգամ հարվածել վերջինիս շրթունքի եւ դեմքի շրջանում:
Ք. Մ.