ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՅՍ ՏԱՐՎԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ, որը մինչեւ հիմա եղած թվերից ամենալավն է. այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

 

«Երբ համեմատում ենք 2019-ի առաջին 6 ամսվա հետ, որը ոլորտի համար եղել է ամենալավ տարին, այս տարի արդեն 30 տոկոս աճ ենք գրանցել:

Մենք 2019-ի փակել ենք 1,9 մլն զբոսաշրջիկով, եւ եթե այսպես շարունակենք այս տարի, հույս ունեմ, որ 2 մլն-ը կգերազանցենք եւ ավելի լավ թվեր կունենանք այս տարի»,-ասաց նա:

Խոսելով զբոսաշրջության ոլորտում նման թվեր արձանագրելու պատճառների մասին՝ Սիսիան Պօղոսեանն ասաց. «Առաջին հերթին մենք բավականին խիստ աշխատում ենք Հայաստանի բրենդը ներկայացնել միջազգային շուկայում, որն ավելի ճանաչելի դառնա: Ունենք շատ հետաքրքիր արշավներ մեր թիրախային շուկաներում, թիրախային երկրներում: Շատ պարբերականներում շատ հետաքրքիր նյութեր են գրվում Հայաստանի մասին: Աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ՝ «Վիզէյր», «ՖլայԱռնա», շուտով նաեւ «ԷյրՖրանս»-ի հետ, նաեւ «Էյր Բալթիկի» հետ: Մասնակցում ենք տարբեր միջազգային ցուցահանդեսների, շուտով պետք է գնանք Փարիզ եւ Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ ուղղություն: Բացի այդ, այս պահին շատ ակտիվ ճանաչողական այցեր ենք կազմակերպում հենց այդ թիրախային երկրներից: Այսօր Իտալիայից 8-հոգանոց խումբ ենք հրավիրել՝ թե՛ բլոգերներ, թե՛ մեդիայի ներկայացուցիչներ: Իրենք բացահայտում են Հայաստանը եւ գովազդում մեր երկիրը Իտալիայում, մանավանդ արդեն ունենք ուղիղ թռիչքներ Իտալիայի երեք քաղաքներից՝ Հռոմից, Վենեցիայից եւ Միլանից»:

Պօղոսյանի խոսքով՝ Հայաստան եկող զբոսաշրջիկներից 52 տոկոսը ՌԴ-ից են, ապա Վրաստանից ու Իրանից. «Այս երեք երկրները միշտ եղել են առաջին երեք տեղերում: Մենք նաեւ ակտիվացնում ենք եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Դուբայում արդեն բավականին հետաքրքիր արշավներ ունենք եւ արդյունքը տեսնում ենք: Դուբայից դեպի Հայաստան մեծ հոսք կա»:

Պատասխանելով հարցին, թե ինչ է անում կոմիտեն որոշ երկրների ուղղություններով, որոնք հայտարարել են, թե Հայաստանը անվտանգ չէ զբոսաշրջության համար, Սիսիան Պողոսեանն ասաց, որ ԱԳ նախարարության եւ դեսպանատների հետ աշխատում են այդ ուղղությամբ եւ կարողացել են ապահովել, որ Գերմանիայի կառավարությունը նման հորդորը հեռացնի պաշտոնական կայքերից, բայց այլ երկրներում դեռ խնդիր կա:

 

 

 

 

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ

Արդեն շուրջ 200 օր է՝ ադրբեջանցիները արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, այդ պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, եւ նույնիսկ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել Արցախ։

Այն հարցին, թե ովքեր են մեղավոր այս իրավիճակում, հարցված քաղաքացիների 27,8%-ը մեղադրում է Ադրբեջանին, մինչդեռ ամիսներ առաջ նույն մարդկանց 42,5%-ն էր կարծում, որ կատարվածի մեղավորը մեր հարեւան, սակայն ոչ բարեկամ երկիրն է։

Ռուսաստանի իշխանություններին հունվարին մեղադրում էին հարցվածների 30,2%-ը՝ ներկայիս 25,2%-ի համեմատ։ Դե իսկ ստեղծված իրավիճակում, ըստ քաղաքացիների, վերը նշված երկրի կողմից ուղարկված խաղաղապահների մեղավորության ցուցանիշը եւս նվազել է. նախկին 10,2% մեղադրողների փոխարեն՝ այսօր մեղադրում են հարցվածների 9,4%-ը։

Պատկերն այլ է Հայաստանի դեպքում։ Եթե մնացած դեպքերում մեղադրանքները «քչացել են», այս դեպքում հակառակն է։ Քաղաքացիների 29,0%-ը հունվարին մեղադրում էր հայկական իշխանությանը, այսօր՝ 35,0%-ը։

Մեծացել է նաեւ այն մարդկանց քանակը, որոնք դժվարանում են պատասխանել՝ նախկին 4,5%-ի փոխարեն՝ 11,2 %:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նա 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ այգետնակ-ամառանոց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որը ձեռք է բերել 2015 թվականին։

Նախարարը հայտարարագրել է 2 TOYOTA մակնիշի մարդատար մեքենա, որոնցից մեկը ձեռք է բերել 2019 թվականին, մյուսը՝ 2015-ին։ Հայտարարագրել է նաեւ 1 TRANSALP V600 PD06 մոտոցիկլ, որը ձեռք է բերել 2012 թվականին։  Նախարարը մեկ մեքենա՝ TOYOTA մակնիշի, 2006 թվականի արտադրության, որը ձեռք էր բերել 2023 թվականին, տարվա ընթացքում օտարել է 2 մլն 500 հազար դրամով, սակայն ում՝ Հովհաննիսյանը չի հիշում։

Հովհաննիսյանի բաժնային արժեթղթերը տարեվերջին կազմել են 1մլն 050 հազար դոլար: Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ  27 հազար դոլար: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար 995 դոլար եւ 3 մլն 231 հազար դրամ: Նա հայտարարագրել է նաեւ կրիպտոարժույթ, որի չափը նշված չէ:

Հովհաննիսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 16 մլն 949 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Հանգստի համար կատարած ճանապարհածախսերը եւ կեցության ծախսերը կազմել են 4 մլն 779 հազար դրամ: Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է  3 մլն 147 հազար դրամ: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 0 դրամ, սակայն փոխառության մնացորդի չափը՝  393 մլն 570 հազար դրամ է, որը, ամենայն հավանականությամբ, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում հիպոտեկով ձեռք բերված  բնակարանի գումարն է:   Նախարարը «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ում ունի 100% բաժնեմաս:   Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի դուստրը սովորում է Պրահայի ճարտարապետական համալսարանում (ARCHIP): Նշենք, որ Հովհաննիսյանը ամուսնացած է եւ ունի 5 երեխա։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՀԱՏԱԿԱԳԻԾԸ՝ ԽՆԴԻՐ

Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի ծննդավայրն է։ Նիկոլ Փաշինյանը իր ընկերների, ընտանիքի անդամների հետ հաճախ հանգստանում, քեֆ է անում Ենոքավանում: Օդից կախված լուրերի համաձայն՝ Ենոքավանի ամենահայտնի հանգստյան օբյեկտներից մեկը փաստացի պատկանում է հանրահայտ Պատրոն Դավոյին՝ Դավիթ Գալստյանին։ Թե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ինչքան կարեւոր է Ենոքավանի կառուցապատումը, ցույց է տալիս Տավուշի մարզպետարանի տարածած հետեւյալ տեղեկատվությունը։ Հուլիսի 7-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է  Ենոքավանի գլխավոր հատակագիծը։ Խորհրդակցությունը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը, քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Ենոքավանի վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։ Հանդիպմանը քննարկում է ծավալվել Ենոքավան բնակավայրի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման զարգացման փաստաթղթի մշակման աշխատանքների շուրջ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարեւորել է նման հանդիպումը՝ բարձրացված հարցերը քննարկելու եւ նախագծում հաստատելու տեսանկյունից։ Խորհրդակցության ընթացքում առաջարկվել է Ենոքավան բնակավայրի քաղաքաշինական բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել նախագծողի հետ եւ դրանք արտահայտել նոր մշակվող փաստաթղթում։

 

 

 

 

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ, ՔԻՉ ԳՈՐԾ

2023թ. ապրիլի 29-ին Նոյեմբերյան համայքի սահմանամերձ Դովեղ գյուղի մոդուլային, 140 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինհրապարակ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դովեղի բնակիչներին հայտնել է, որ գոյություն ունի սահմանամերձ գյուղերի երիտասարդ ընտանիքների համար պետական աջակցությամբ 16 միլիոն դրամ վարկավորմամբ տներ կառուցելու ծրագիր, որի դեպքում վարկի մայր գումարը եւ վարկի տոկոսները փակում է պետությունը։ Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե արդյոք դովեղցիները տեղյակ են այդ ծրագրից, որպեսզի օգտվեն։ Անցել է գրեթե երեք ամիս. ինչպե՞ս է այդ ծրագրի ընթացքը։ Հուլիսի 6-ին կառավարության նիստում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են այդ ծրագրի վարկավորման պայմաններին, սակայն տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ եւ Բերքաբեր գյուղերում, վարկառուները  պատրաստվում են դիմել երկրորդ փուլին։  Մարզպետ Ղալումյանը հավելել է, որ եւս 3 վարկ էլ հաստատվել է` 2-ը` Բերքաբերում, 1-ը` Կիրանցում։ Իսկ Դովեղի մոդուլային դպրոցի շինարարությունը, որի ընթացքին Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին ծանոթացել  եւ հորդորել էր շինաշխատանքները ըստ ժամանակացույցի  կատարել, արդեն 15 օր դադարեցված է, քանզի կատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից ֆինանսավորում չի կատարվել։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս