Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը ՀՀ վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արթուր Նահապետյանը ինքնաբացարկ է հայտնել;
Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա կալանքի հարցով բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Արթուր Նահապետյանին: Նկատենք որ Նահապետյանը մինչ դատավոր դառնալը՝ 2020 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին, աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի «հատուկ քննչական ծառայողների՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության» բաժնի պետ:
Արդյունքում, Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավոր Նահապետյանը ինքնաբացարկ հայտնի, քանի որ Դավիթ Տոնոյանի գործը քննվել է ԱԱԾ-ում, իսկ այդ ժամանակահատվածում Նահապետյանը պաշտոնատար անձ է եղել, ուստի օբյեկտիվ քնություն չի կատարվի եւ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի: Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ական դատավոր Նահըապետյանն ինքնաբացարկ է հայտնել: Ասել է թե, դատավոր Արթուր Նահապետյանը հրաժարվել է քննել Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը :
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում մտնում է առավել աղմկահարույց փուլ: Բանն այն է, որ գործով դատարան է հրավիրվելու վերջին վկան՝ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Գագիկ Ասլանյանը, որից հետո սկսվում է մեղադրյալների հարցաքննության փուլը: Ասել է թե, խոսքը հասնում է ՊՆ նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Ավետիք Մուրադյանին, գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։
Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ:
Քնար Մանուկյան