
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը:
Որոշման նախագծում նշված է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերագործարկման և Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարով:
Ստեփանավանի օդանավակայանն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։ Մինչև 2013թ.–ը դրա 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է եղել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրն այդպես էլ չէր իրականացվել, նախարարության առաջարկով այն դարձյալ ընդգրկվել էր 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրում, բայց մինչ օրս չէր մասնավորեցվել։
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող օդանավակայանը տարիներ շարունակ թռիչքներ չի իրականացրել և որևէ գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են։