«Դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը լավ է, և գործը գտնվում է դատական փուլում»,- այս մասին այսօր Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` ավելացնելով, որ դատական գործընթացի վերաբերյալ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել:
«Մենք ներկայացնելու ենք Վարդան Պետրոսյանի և մյուս տուժողների տարբերակը: Մենք գտնում ենք, որ Վարդան Պետրոսյանի տարբերակը, թե ոնց է վթարը տեղի ունեցել, ավելի է համապատասխանում վթարի մեխանիզմին, ուստի՝ կարծում ենք, որ նրա տարբերակը կանցնի»,-իր խոսքում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Armlur.am-ի թղթակցի հարցին, թե երբ է պաշտպանը պատրաստվում հրապարակել վթարի վերաբերյալ իր կազմած համակարգչային մոդելավորումը, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ կոնկրետ ժամկետ այս պահին չի կարող նշել:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտաճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղևորները` Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: